×


Ո՞ր երգը կհաղթի «Պրեմիերա 3»-ում

«Պրեմիերա 3» նախագիծը կեզրափակվի մայիսի 15-ին. գալա համերգին կհայտարարվի հաղթող երգի անունը: «Շանթ»-ի հեղինակային հեռուստաշոուի 3-րդ եթերաշրջանի վեց մասնակիցներն են Ժաննա Դավթյանը, Հայկուհի Բաբախանյանը, Եվա Թաշչյանը, Հայկ Հունանյանը, Նարե Գեւորգյանը եւ Նիկ Էգիբյանը:

Գրիշա Աղախանյանը, Աննա Թադեւոսյանը եւ Արսեն Սաֆարյանը


Նախագծի ռեժիսոր, պրոդյուսեր Աննա Թադեւոսյանը BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ ուղիղ եթերում կհայտարարվի հաղթող երգի անունը, որի հեղինակին սպասվում է մրցանակ՝ 500.000 դրամ, իսկ երգչին որպես նվեր՝ տեսահոլովակ.«Սա առաջին հերթին հեղինակների մրցույթ է, իսկ երգիչներն արդեն հաղթող են, քանի որ անվճար ունենում են պատրաստի երգ, որը ճանաչելի է դառնում իրենց կատարմամբ։ Հաղթող երգի կատարողն էլ կունենա տեսահոլովակ, որը կհեռարձակվի՝ երգը դարձնելով ավելի հայտնի»։

Այս պահին ընթանում է քվեարկությունը: Երգերը քվեարկության են մասնակցում նաեւ «Ռադիո Վան»-ում, «Հանրային» ռադիոյում եւ «21 TV»-ում.«Յուրաքանչյուր քվերակություն առանձին հաղթող կունենա։ Օրինակ՝ Սոնա Ռուբենյանի «Աշնան սերենադը» հաղթել էր բոլոր տեղերում, իսկ երկրորդ եթերաշրջանում պատկերն այլ էր՝ տարբեր երգեր էին հաղթել։ Եթերաշրջանի գլխավոր հաղթողը կորոշվի միայն «Շանթ»-ի քվեարկության արդյունքում։ Հաղորդագրություններից ստացված հասույթը կփոխանցվի Արցախի հատուկ հաշվեհամարին», - նշել է Աննա Թադեւոսյանը։

«Պրեմիերա 3» նախագծի ժյուրին


«Պրեմիերա 3»-ի ժյուրիի անդամներն են Գիսանե Պալյանը, Գարիկ Պապոյանը, Շուշանիկ Արեւշատյանը եւ Արսեն Սաֆարյանը: Գիսանեն այս շոուի ստեղծման օրվանից դրա մի մասնիկն է. նա եղել է առաջին երաժշտական պրոդյուսերը, ով զբաղվել է բոլոր երգերով, այսօր եւս մասնակիցների կողքին է.«Ի տարբերություն նախորդ երկու եթերաշրջանների, այս անգամ ժողովրդական երգեր են մասնակցում, քանի որ այդ ժանրը հանդիսատեսը սիրում է, իսկ «Ժողովրդական երգիչ»-ը մեծ դիտելիություն ու վարկանիշ է ունեցել»։ 

Երաժշտի ցանկությունն է, որ երգերը ավելի սիրված դառնան.«Գիտեմ, որ հանդիսատեսն ընդունում է ռոքային ուղղվածության երգերը, օրինակ՝ Հայկ Հունանյանի` ժողովրդական տարրերով երգին հաղորդել ենք փոփ-ռոք բալադի հնչողություն, նրա երգը ֆավորիտներից մեկն է։ Ես ուրախանում եմ ոչ միայն իմ, այլ բոլոր երգերի հաջողությամբ, բոլոր երգերը կուզեմ սիրված տեսնել։ Ելույթները փորձում ենք տեսարժան ու հետաքրքիր դարձնել, իհարկե, առաջին հերթին կարեւոր է, որ զգացմունքային լինեն»։

Հայկուհի Բաբախանյանը մասնակցում է «Անհոգի յար» երգով։ «Ժողովրդական երգիչ» նախագծի հաղթողը հայտնել է, որ իր կատարած երգը գործիքավորումից հետո շատ է հավանում.«Կարծում եմ՝ նոր մշակմամբ ժողովրդական երգն ունկնդիրների մեծ մասը հավանում են, չնայած` կան մարդիկ, որոնց չեն գոհացնում նոր մոտեցումները։ Ամեն դեպքում երգը հետագայում կընդգրկեմ իմ երգացանկում։ Լուծումները Գարիկի որոշմամբ են, ինձ մնում էր միայն երգել։ Կցանկանամ, որ հենց իմ երգը հաղթի, բայց ըստ քվերակության, կարծում եմ, հաղթող կդառնա Նարեի կամ Հայկի երգը»։

Նանե Գեւորգյանը եւ Գրիշա Աղախանյանը


Նարե Գեւորգյանին էլ մի քանի երգից բաժին է ընկել «Արեւ»-ը.«Թեպետ սկզբից այլ երգ էի հավանել, բայց գործիքավորումից հետո այս երգի վերջնական տարբերակը շատ սիրեցի: Բնականաբար, հիմա պայքարում եմ «Արեւ»-ի հաղթանակի համար։ Բոլորս էլ պայքարում ենք, բայց ներքուստ գիտակցում ենք, որ երգերը մեկը մյուսից լավն են: Իսկապես, չեմ տխրի, եթե ես չհաղթեմ։ Չեմ կարող կանխատեսել, թե որ երգը կհաղթի, բայց Հայկ Հունանյանի «Էլ չեմ գտնի» երգն ունի հաղթելու բոլոր շանսերը։ Մտածում եմ՝ եթե «Արեւ» երգը չհաղթի, տեսահոլովակով կներկայացնեմ, քանի որ երգն արդեն սիրվել է»։

BRAVO.am
Լուսանկարները՝ «Շանթ» հեռուստաընկերության

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին