×


Ռիչարդ Բոնա.«Մենք բոլորս էլ մշտապես սեր ենք փնտրում»

“Yerevan Jazz Fest 2015”-ի շրջանակում երեկ մեր մայրաքաղաքում ելույթ է ունեցել աշխարհահռչակ բաս-կիթառահար Ռիչարդ Բոնան: Ջազմենը համագործակցել է Ջո Զավինուլի, Ջորջ Բենսոնի, Չաքա Քանի, Բոբի ՄքՖերինի , Ջոն Լեջենդի ու հայտնի այլ երաժիշտների հետ: Երաժշտի “Tiki” ալբոմը 2005 թվականին առաջադրվել է “Գրեմմի” հեղինակավոր մրցանակի: Մինչ Մարզահամերգային համալիրում համերգը, Ռիչարդ Բոնան զրուցել է լրագրողների հետ. ներկայացնում ենք նրա հնչեցրած մտքերից մի քանիսը:

Ռիչարդ Բոնան


Ուրախ եմ լինել Հայաստանում. սա առաջին այցս է: Այն ամենն, ինչ հասցրել եմ արդեն տեսնել, հիասքանչ է: Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար:

Հայկական ջազին լավ ծանոթ չեմ, բայց գիտեմ հայ որոշ երաժիշտների: Շատ լավ եմ ճանաչում Արտո Թունջբոյաջյանին, հայ մի քանի երաժշտի հետ էլ ժամանակին համագործակցել եմ:

Հատուկ պահ չի եղել, որ ասեմ` ուզում եմ դառնալ երաժիշտ: Ես պարզապես անում եմ այն, ինչ իմն է եւ ուշադրություն չեմ դարձնում նման պահերի վրա, ուղղակի նվագում եմ:

Մի քանի օր առաջ Նյու Յորքում մի լրագրող ինձ հարցրեց` ինչով կզբաղվեի, եթե երաժիշտ չդառնայի, պատասխանեցի` միեւնույն է` կնվագեի:

Ռիչարդ Բոնան


Ամեն օր էլ նվագում եմ ու ամեն անգամ դրական ու լավ սպասումներ ունեմ. կարեւորը, որ միշտ ելույթ ունենալու հնարավորություն ունենամ:

Ամենասեքսուալ արտիսների՞ց եմ համարվում, ուա~ու: Շնորհակալություն, որ տեղյակ պահեցիք, ես դրա մասին պատկերացում չունեի: Պարզապես կիթառահար եմ, գիտեք ինչ, ինձ թվում է` Էսպերանսա Սփոլդինգն ինձնից հաստատ ավելի սեքսուալ է:

Չէմ պահպանել առաջին կիթառը, որ ինքս էի պատրաստել: Այն ժամանակ պարզապես երաժշտական գործիքներ էի ստեղծում եւ դեռ չգիտեի, թե ինչ ճակատագիր է ինձ սպասվում: Վաղվա օրվա մասին երբեք չեմ մտածում. ապրում եմ ներկայով:

Ռիչարդ Բոնան


Մենք բոլորս էլ մշտապես սեր ենք փնտրում: Շարունակում ենք սեր փնտրել նույնիսկ այն ժամանակ, երբ թվում է, թե արդեն գտել ենք:

Ինը գործիք եմ նվագում: Երաժշտությունն ասոցացնում եմ գույների հետ: Ծնվել եմ Աֆրիկայում, իսկ մեզ մոտ երաժշտություն գրելը պատմություն պատմելու պես մի բան է: Ուր էլ գնամ, որտեղ էլ գրեմ երաժշտությունն, այն անպայման կապված է լինում ինչ-որ իրադարձության, վայրի, պատմության հետ, որովհետեւ ինձ ոգեշնչում է այն ամենն, ինչ շուրջս է:

Երաժշտությունը կատարյալ գիտություն է: Դուք երբեք չեք կարող տասը բաժանել երեքի, ճշգրիտ թիվ չեք ստանա, իսկ 12 նոտան կատարյալ են: Երաժշտությունը երբեք չի խաբում:

Ռիչարդ Բոնան


Երբ Աֆրիկա եմ վերադառնում, շատերը հարցնում են` այդ ինչպես է ստացվել, որ այլեւս չեմ նվագում այն, ինչ սիրում ու հաճախ նվագում էի մանուկ հասակում: Բայց նրանք չեն հասկանում, որ նույն կերպ անկարող եմ նվագել, որովհետեւ արդեն այնտեղ չեմ ապրում: Հիմա Նյու Յորքում եմ ապրում, իսկ երաժշտությունն իրականության արտացոլումն է:

Երբեք մի վախեցեք նորություններից ու փորձարկումներից. երաժշտությունն ազատություն է:

Գրառեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW