×


Սոնա Շահգելդյան.“Երաժշտությունն անջատվեց, բայց շարունակեցի երգել, հարսն ու փեսան էլ կտրեցին տորթը”

Սոնա Շահգելդյանը նոր զուգերգ է ձայնագրել Ռուբեն Հախվերդյանի հետ, որը կոչվում է “Նկար”: Նրանք առաջին անգամ չէ, որ միասին են երգում. 2011-ի նոյեմբերին  Սոնայի երեւանյան առաջին մենահամերգին միասին երգել են հեղինակ-կատարողի հայտնի գործերից “Մեր սիրո աշունը” եւ “Ձյունը”:

Սոնա Շահգելդյանը

  
Նրանց նոր համագործակցության առիթը ստեղծել է կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանը.“Երգի գործիքավորումն ամբողջովին արվել է կենդանի հնչողությամբ: Ռուբեն Հախվերդյանն ինձ համար կենդանի լեգենդ է, շատ եմ սիրում նրան, այդ ամենը փոխադարձ է, որովհետեւ ամեն մեկի հետ չի երգում: Շուտով կթողարկվի նրա ձայնասկավառակը, որում ընդգրկված կլինի նաեւ մեր դուետը, հետո եւս մեկ սկավառակ կլինի, եւ հնարավոր է` նորից իր գրած երգերից միասին կատարենք”, -BRAVO.am-ին հայտնել է երգչուհին:

Սոնա Շահգելդյանը


Սոնա Շահգելդյանն այժմ ակումբում չի աշխատում, բայց նշում է` հաճախ է մասնակցում կորպորատիվ համերգների ու խնջույքների.“Գրեթե ամեն շաբաթ ելույթ եմ ունենում, բայց նշեմ, որ հարսանիքներին միայն “Հարսի շոր” երգի համար չեն հրավիրում, իմ երգացանկի մյուս երգերն էլ եմ կատարում: Մի անգամ տորթի կտրման ժամանակ “Վոկալիզն” էի կատարում, երաժշտությունն անջատվեց, բայց շարունակեցի ակապելլա երգել, նորապսակներն էլ կտրեցին տորթը:)”:

Սոնա Շահգելդյանը եւ Ռուբեն Հախվերդյանը


Հարսանիքներին երգելու առիթով նա հետեւյալն է ասել.“Հիմա Հայաստանում այնպիսի պայմաններ են, որ առանց դրա չես կարող գումար վաստակել: Անկախ, թե որտեղ եմ երգում, սրտանց եմ իմ գործն անում եւ չեմ խաբում, միշտ կենդանի ձայնով եմ երգում: Իսկ անապահով ընտանիքների երեխաների ու զինվորների համար պատրաստ եմ միշտ անվճար երգել, բարեգործական համերգների հրավերները հաճույքով ընդունում եմ”:

Խոսելով իր մեկ այլ` Սեւակ Ամրոյանի հետ զուգերգի մասին` Սոնան նշել է` իրենց մեկնաբանությամբ “Սարերի հովին մեռնեմ” երգը կունենա տեսահոլովակ.“Ցուրտ եղանակի պատճառով դեռ չենք նկարվել, բայց հուսով եմ` գարնանը կսկսենք աշխատանքները: Ուզում ենք մնայուն արժեք ստեղծել”:

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Սոնա Շահգելդյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին