×


Վիվյեն Բաստաջյանի ծննդյան անակնկալներն ու ապագա փեսայի նվերը :)

“Փոքր թատրոն”-ի դերասանուհի Վիվյեն Բաստաջյանը, որը հանրությանն առավել հայտնի է իր ֆիլմային եւ սերիալային դերերով, սեպտեմբերի 2-ին նշել է ծննդյան տարեդարձը: Չնայած մեծ խնջույք չէր կազմակերպել, բայց անակնկալներ օրվա ընթացքում եղել են. առաջինը դուստրը եւ ապագա փեսան են շնորհավորել, իսկ հետո հեռախոսազանգերի տարափ է սկսվել:):

Վիվյեն Բաստաջյանը


“Որոշեցի տանն անցկացնել, բայց ամեն տարի շատ տարբեր եմ նշում: Անգամ այնպես է եղել, որ ընկերներս են խնջույք կազմակերպել եւ ինձ հրավիրել իմ իսկ ծնունդին: Հաճախ էլ թատերական պրեմիերաները համընկել են ծննդյանս օրվա հետ”,- BRAVO.am-ի հետ զրույցում պատմեց հոբելյարը:

Այս տարի իր ստացած նվերներից Վիվյենն առանձնացրեց նկարիչ Արմեն Ամիրաղյանի “Արարատի լուսաբացը” կտավը, ինչպես նաեւ ռեժիսոր Հովհաննես Գալստյանի եւ տիկնոջ` Մարինե Զաքարյանի նվիրած գեղեցիկ ծաղկեփունջը: Դերասանուհուց պարզեցինք, որ բացի կտավներից, սիրում է գրքեր ստանալ.“Երեկ երկու շատ լավ գիրք եմ նվեր ստացել. մեկն ապագա փեսաս է նվիրել, մյուսը` սցենարիստ Աստղիկ Սիմոնյանը: Իհարկե, այլ նվերներ էլ եմ ստանում, որոնք չհավանելու դեպքում նվիրում եմ ուրիշներին:)”:

Վիվյեն Բաստաջյանը ներկայացման ժամանակ


Վիվյեն Բաստաջյանին հեռուստադիտողը ճանաչեց Դավիթ Բաբախանյանի “Փեսացուն կրկեսից” ֆիլմից, որից հետո նա նկարահանվեց “Արմենիա” հեռուստատեսություն “Եղբայրները” սերիալում.“Միշտ մերժել եմ սերիալում նկարահանվելու առաջարկները: “Եղբայրներ”-ի դեպքում համաձայնեցի, որվհետեւ սցենարն ինձ դուր եկավ եւ հավանեցի ռեժիսոր Արտյոմ Հարությունյանի մոտեցումն այդ ամենին”:
 
Հեռուստանախագծերին մասնակցելուց հետո դերասանուհուն փողոցում տեսնելիս հաճախ են ճանաչում.“Երբեմն ստել եմ, թե սերիալի դերասանուհին չեմ, որ հարցեր չտան: Հաճախ այնպիսի հարցեր են տալիս, որ երբեմն դժվարանում եմ պատասխանել:)”:

Սերժ Ավետիքյանը, Վիվյեն Բաստաջյանը եւ Ռոզի Ավետիսովան "Փեսացուն կրկեսից" ֆիլմի նկարահանումներին


“Եղբայրներն” առաջին եւ երեւի վերջին սերիալն է, որտեղ հանդես է եկել Վիվյենը. ինչպես ստանում, այնպես էլ մերժում է նոր առաջարկները.“Շուտով կնկարահանվեմ Հովհաննես Գալստյանի “Լուսավոր շրջան’’ գեղարվեստական ֆիլմում: Նրա հետ շատ հաճելի է աշխատել, իսկ մինչ այդ խաղացի իր կնոջ` Մարինե Զաքարյանի ֆիլմում, որը Վիլյամ Սարոյանի չորս պատմվածքի հիման վրա է եւ կոչվում է “Կիսալուսնի ծովածոցը”: Պրեմիերան կլինի սեպտեմբերի վերջին”:

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի /Bravo.am/
Լուսանկարները` Վիվյեն Բաստաջյանի անձնական արխիվից եւ "Շարմ Հոլդինգ"-ի  

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին