×


Տիգրան Մակարյան.“Միակիս գտնելու ժամանակ դեռեւս չունեմ:)”

Տիգրան Մակարյանին հեռուստադիտողը ճանաչեց ու սիրեց “Հրեշտակների դպրոց” սերիալում կերտած դրական կերպարի շնորհիվ: Դերասանը BRAVO.am-ին տեղեկացրել է, որ ծառայում է ՀՀ զինված ուժերում, իսկ զուգահեռ վարում է Հանրայինի “Մարտիկ” հաղորդումը:

Տիգրան Մակարյանը


Մասնագիտական կրթություն ունեմ. ավարտել եմ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժինը: Սովորել եմ Արմեն Էլբակյանի կուրսում: Խաղացել եմ տարբեր ներկայացումներում:

“Հրեշտակների դպրոց” սերիալում նկարահանվելուց հետո ես չեմ փոխվել, բայց փոխվել է մարդկանց վերաբերմունքն իմ հանդեպ, բացվել են շատ դռներ, կարելի է ասել, որ անծանոթ մարդկանց վստահություն եմ ներշնչում: Դա մեծ ձեռքբերում է:

Հեռուստանովելի ավարտից հետո Հ1-ի ղեկավարությունից առաջարկ ստացա վարել “Մարտիկ” հաղորդումը: Քանի որ ինքս շուտով զինվոր էի դառնալու, անմիջապես համաձայնեցի եւ մինչ օրս մեծ սիրով աշխատում եմ:

Էրիկ Օհանյանը եւ Տիգրան Մակարյանը


2012 թվականի հունիսի 28-ին զորակոչվել եմ բանակ: Անգամ մեկ վայրկյան չեմ մտածել “Մարտիկ” հաղորդումը վարելու առաջարկն ընդունելիս. ինձ համար դժվար կլիներ, եթե այս երկու տարվա ընթացքում չկարողանայի զբաղվել սիրելի գործով:

Հետագա անելիքներս կապված են մասնագիտությանս հետ: Ցանկանում եմ ամրապնդել իմ տեղը կինոասպարեզում` հանդես գալով ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր երկրի սահմաններից դուրս:

Պատրաստ եմ հանդես գալ այն կերպարում, որը կառաջարկի ռեժիսորը: Ինչպես ասում է վարպետս` Արմեն Էլբակյանը` “Մենք դերարար ենք եւ պետք է մարմնավորենք ու կերտենք ցանկացած կերպար”:

Տիգրան Մակարյանը


Պարզ չէ` զորացրվելուց հետո կվերադառնամ հեռուստասերիալ… Համենայն դեպս, ցանկությունս մեծ չէ: Չեմ կարող ասել` ինչպես կստացվի:

Արդեն 4 տարի է` զբաղվում եմ մուայ թայ բոքսինգով` թայլանդական բռնցքամարտով: Պարապում եմ հարազատ ընկերոջս` Էրիկ Օհանյանի մոտ:

Իմ սիրելի սպորտաձեւը ֆուտբոլն է. երկրպագում եմ “Բարսելոնա” ֆուտբոլային ակումբին:

Տիգրան Մակարյանը զբաղվում է թայլանդական բռնցքամարտով


Դեռ չեմ գտել այն միակիս…Կարելի է ասել, որ ժամանակ չունեմ:):

Ես հայտնի չեմ, ուղղակի որոշ չափով ճանաչված եմ հանրության կողմից:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Տիգրան Մակարյանի անձնական արխիվից եւ Տուշո Բարսեղյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին