×


Րաֆֆի Արտո. հայ պատանին գրավում է Ֆրանսիան :)

Րաֆֆի Արտոյի` ֆրանսահայ տաղանդավոր պատանու  մասին BRAVO.am-ը պատմել է, երբ նա 2012-ի ամռանը հայրիկի հետ ժամանել էր Երեւան: Այսօր ռոքնռոլի “փոքրիկ իշխանի” հետ հետաքրքիր զրույց է ունեցել Փարիզում մեր սեփական թղթակիցը: “The Blues Kid” անունը վաստակած 12-ամյա երգիչ-դաշնակահարը ոչ միայն լավ երաժիշտ է, այլեւ օրինակելի երեխա. նրա մտքերը կարող են օգտակար լինել բոլորին, իսկ արարքները` օրինակ նաեւ իրենից մեծերի համար։):

Րաֆֆի Արտոն


-Ռաֆֆի, ի՞նչ նորություններ ունես քո երաժշտության երկրպագուների համար։


-Հուլիսին գուցե թողարկվի երկրորդ ալբոմս, որտեղ կլինեն հանրահայտ կատարումներ, ինչպես նաեւ իմ ստեղծագործություններից։ Կձայնագրեմ նաեւ հայերեն երգեր, որոնցից մեկն ինձ նվիրել է Մարտին Յորգանցը: Այն կոչվում է “Հայերեն, հայերեն”։ Ունենալու եմ նաեւ մի շարք համերգներ։

-Ո՞ւմ համար ես առավել հաճույքով երգում:

-Հունիսի 21-ին եւ 22-ին հերթական անգամ ելույթ կունենամ առողջական խնդիրներով երեխաների համար: Ռոքնռոլ ենք նվագելու եւ երգելու, հյուրասիրությամբ եւ լավ տրամադրությամբ միջոցառում կլինի: Փոքր ժամանակ ես էլ եմ խնդիրներ ունեցել, այդ պատճառով այս հարցն ինձ ավելի շատ է հուզում. գիտեմ այն ցավը, որ զգում են նրանք։ Փորձում եմ ընկեր լինել, զրուցում եմ հետները… Երբ ինձ հաճույքով են լսում, կրկնակի վայելում եմ ելույթս։

Րաֆֆի Արտոն` մայրիկի հետ


-Ի՞նչ կփոխեիր աշխարհում երեխաների համար։

-Կարծում եմ` շատ մեծ տարբերություն կա հարուստ եւ աղքատ երեխաների միջեւ հնարավորությունների առումով: Կուզեի, որ բոլոր երեխաները հավասար լինեն։

-Գիտե՞ս, որ Հայաստանում օրերս նշվել է Երեխաների պաշտպանության օրը: Ի՞նչ կմաղթես հայ փոքրիկներին։

-Չգիտեի, բայց մայրիկս հաստատ կիմանա, կխնդրեմ, որ պատմի։ Բոլորին ցանկանում եմ երջանկություն, որ կարողանան վայելել իրենց կյանքը, լավ սովորեն եւ լավ մասնագիտություն ընտրեն: Եվ թող ամուր առողջություն ունենան:

-Քեզ ավելի դյուրին է մեծերի՞, թե՞ երեխաների հետ շփվել։

-Աշխատում եմ չափահասների հետ, նրանք պրոֆեսիոնալներ են եւ ինձ լավ են հասկանում, երբ խոսում եմ նախագծերիցս: Իհարկե, լավ կլիներ, եթե մանկական խմբի հետ էլ կարողանայի նվագել եւ երգել, բայց առայժմ չկա նման խումբ։ Փոքր եղբայրս է սկսել սաքսոֆոն նվագել, գուցե շուտով հենց նա ինձ միանա շատ ծրագրեր իրականացնելիս։

Րաֆֆի Արտոն երազում է ոստիկանության ուղղաթիռի օդաչու դառնալ


-Ինչպիսի՞ն ես քեզ պատկերացնում տասը տարի անց։


-Ծնողներս միշտ ասում են` երբ փոքր ես, ուզում ես արագ մեծանալ, բայց երբ հասնում ես որոշակի տարիքի, ուզում ես կրկին մանկանալ։ Ինձ դուր է գալիս երեխա լինելը։ Եթե հայտնի դառնամ, շատ լավ կլինի, բայց գուցե երաժշտությունը չդառնա իմ մասնագիտությունը. նաեւ երազում եմ ոստիկանության ուղղաթիռի օդաչու դառնալ։ Չգիտեմ` ինձ կնվիրեմ երաժշտությանը, թե օդային այդ տարերքիս։ Գուցե կարողանամ համատեղել: Կտեսնենք տասը տարուց։): 

-Լսել եմ, որ դպրոցում լավ ես սովորում:

-Այո, միջին գնահատականս 17-ն է: Ծնողներս ասում են, որ եթե լավ սովորեմ, կկարողանամ շատ զբաղվել երաժշտությամբ, ես էլ առայժմ այդպես շարունակում եմ։

-Իսկ խաղերի մասին ի՞նչ կասես։

-Սիրում եմ ընկերներիս հետ ֆուտբոլ խաղալ։

Րաֆֆի Արտոն Երեւանում


- Ըստ քեզ, ի՞նչ կարող են անել երեխաները, որ չեն կարող մեծերը։

-Կարող են վայելել կյանքը. ծնողներս ասում են, որ կյանքը կարճ է եւ պետք է այն վայելել։ Երեխաները կարող են նորություններ բացահայտել: Մեզ երես են տալիս, շատ նվերներ ենք ստանում, մեզ պաշտպանում են մեր ծնողները։

-Ի՞նչ է պետք երջանիկ մանկություն ունենալու համար։

-Մեր ծնողները փորձում են մեզ համար լավ կյանք ապահովել, մենք էլ պիտի դրանից օգտվենք, լավ ժամանակ անցկացնենք, բայց նաեւ լավ սովորենք, որ հետագայում կարողանանք հանգիստ կյանք եւ լավ աշխատանք ունենալ։ Ցավոք, այս ամենում փողի դերը կա. չենք կարող առանց դրա հեշտությամբ ամեն ինչի հասնել, բայց շատ աշխատելով էլ լավ արդյունք կգրանցենք։

Զրուցեց Էլլադա Ղուկասյան-Բարսեղյանը/Bravo.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/
Լուսանկարները` Րաֆֆի Արտոյի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին