×


Քեթրին Մանասյան.“ Ջորջը ազնիվ մարդ է, բայց կարողանում է հոգուս հետ խաղալ:)”

Քեթրին Մանասյանը սեպտեմբերից վայելում է մայրության բերկրանքը: Տարբեր հեռուստանախագծերից հայտնի դերասանուհու ծննդյան 37-րդ տարեդարձն օրերս նշանավորվել է այն փաստով, որ առաջին անգամ նշել է մայրիկի կարգավիճակում. “Կյանքիս միակ դեպքն էր, որ առավոտվանից շատ ուրախ էի: Նախկինում սպասումներ եւ կիսատ զգացողություններ էի ունենում` հստակ չիմանալով, թե ինչու, բայց այս անգամ լիարժեք ու անբացատրելի երջանիկ էի. տղայիս ծնվելուց հետո ամեն ինչ ունեմ”,-BRAVO.am-ի հետ զրույցում անկեղծացել է հոբելյարը:

Քեթրին Մանասյանը


Նախորդ տարեդարձը եւս դերասանուհու համար հիշարժաններից է` շնորհիվ ամուսնու` սիրիահայ Ջորջ Բեդուրյանի ամուսնության առաջարկի.“Հաճելի ու հետաքրքիր հուշեր ունեմ այդ խնջույքից, բայց երեխայի առկայությունը ոչնչի հետ չես կարող համեմատել: Մտածում եմ` ինչպես եմ ապրել առանց որդուս: Անկեղծ ասած` երազելը հետին պլան եմ մղել, հիմա նպատակներ ունեմ ու ամեն ինչ ավելի առարկայական եմ պատկերացնում”:

Քեթրին Մանասյանի որդին


Քեթրինի խոսքով` առաջնեկը` Ջոյ Իսահակը, հետաքրքրություն ու իմաստ  է հաղորդել իր կյանքին.“Տղաս գիշերային երեխա է. կեսգիշերից հետո ակտիվանում ու բարձր ձայներ է հանում: Արդեն գիտեմ` երբ է ուզում զբոսանքի գնալ, խաղալ կամ ուտել, երբեմն էլ ձեւական լաց է լինում, որ իր ցանկությամբ շարժվենք: Դեռ երկու ամսական չկա, բայց թելադրում է իր կանոնները:): Նրա դերասանական խաղերը լավ են ստացվում` ի տարբերություն ինձ, որ չեմ կարողանում կյանքում լավ խաղալ, իսկ ամուսինս ազնիվ մարդ է, բայց կարողանում է հոգուս հետ խաղալ. երեւի հայրիկին է նման:)”:

Քեթրին Մանասյանի ամուսինն ու որդին


Մասնագիտությամբ ոճաբան-վարսահարդար Ջորջն այժմ զբաղվում է իր անհատական գործունեությամբ` արտադրելով մազերի եւ մարմնի խնամքի միջոցներ եւ հեղուկներ.“Դրանք պատրաստում է իր բաղադրատոմսերով, հիմնել է փոքրիկ գործարան: Չնայած` այստեղ շատ ծանոթներ չունի, բայց կարողացավ սկսել իր բիզնեսը: Աշխատանքից հետո էլ հասցնում է ինձ օգնել երեխայի խնամքի հարցում, կարոտով է տուն վերադառնում”:

Երեւանի կամերային թատրոնի դերասանուհին հայտնել է, որ դադարից հետո բեմ բարձրանալու մեծ ցանկություն ունի.“Այսօր էլ սիրով կվերադառնամ թատրոն, աշխատանքս ինձ համար անփոխարինելի է, պարզապես երեխան դեռ փոքր է, նաեւ ավելորդ քաշի խնդիր ունեմ: Չեմ փորձում հատուկ նիհարել, հուսով եմ` ժամանակի ընթացքում կազմվածք կվերականգնվի, քանի որ երեխայի հետ ֆիզիկական ակտիվությունը շատ է”:

BRAVO.am
Լուսանկարները` Քեթրին Մանասյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW