×


Քրիստինեն, Գոհարը, Սոֆին, Զառան, Անդրեն, Արսենը, Արմանը եւ ուրիշներ` “Օրրան”-ի խնջույքին

“Օրրան”-ում, ինչպես նախորդ տարիներին, այս անգամ եւս hունիսի 1-ը նշել են մանկական երգերով, պարերով, գունեղ տորթով եւ փուչիկներով: Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ արդեն 14 տարի գործող ցերեկային խնամքի կենտրոնը կրկին իր դռներն էր բացել հյուրերի առջեւ:

"Օրրան"-ի հունիսմեկյան խնջույքին


Բացօթյա խնջույքին հյուրընկալվել էին Գոհար Հարությունյանը, Քրիստինե Պեպելյանը, Անդրեն, Սոֆի Մխեյանը, Արսեն Գրիգորյանը, Հերմինե Ստեփանյանը, Զառա Արամյանը, Աշոտ Ղազարյանը, Նառան, Գոհար Իգիթյանը, Էվելինա եւ Նաիրա Շահիրյանները, Արման Մարգարյանը, Արտակ Հերիքյանը, Նադեժդա Սարգսյանը, Անի Ամիրյանը եւ ուրիշներ: “Արմենիա Մարիոթ” հյուրանոցի շեֆ խոհարարն ու աշխատակիցները երեխաների համար համբուրգեր ու աղցան էին պատրաստում` հյուրասիրելով նաեւ մեծահասակներին:):

“Օրրան”-ի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, թե կարիքավոր ընտանիքները շատացել են.“Եթե տարիներ առաջ ծնողները մեզ դիմում էին իրենց երեխային հագուստով, դեղորայքով ապահովելու համար, ապա հիմա, ցավոք, սնվելու հարցով են դիմում:  Ուզում եմ, որ երեխաները մեծ հավատ ունենան իրենց ապագայի հանդեպ, մեծ երազներ ունենան ու չսահմանափակվեն փոքր ցանկություններով, այլ փորձեն աշխատասիրությամբ հասնել հաջողությունների: Մեր հյուրերից ոմանք այսօր երեխաներին նվերներ են բերել, իսկ հայտնի մարդիկ նրանց համար համբուրգեր կպատրաստեն, Արտակ Հերիքյանն արդեն օրինակ է ծառայում:)”:

Արմինե Հովհաննիսյանը, Սոֆի Մխեյանը եւ Նառան


“Օրրան”-ի սաներն այս տարի կրում էին կապույտ միանման շապիկներ, նրանք միասին երգել են հյուրերի համար, նաեւ նվեր են ստացել նկարչական ալբոմ եւ մատիտներ: 9-ամյա Քրիստինեն եղբոր հետ է հաճախում “Օրրան”, աղջնակի համար օրը տոնական էր.“Այստեղ արհեստ ենք սովորում` փայտի մշակում, մաքրամե, մեր օրը հետաքրքիր է անցնում”: 12 տարեկան Անուշը պատմել է իր առօրյայի մասին.“Դաս ենք սովորում, հաց ենք ուտում, հյուրեր են գալիս` տարբեր նվերներով: “Օրրան”-ի շնորհիվ անվճար հաճախում եմ պարի խմբակ, որոշել եմ պարուհի կամ բանասեր դառնալ: Այնքան շատ հյուրեր կան այսօր, զգում եմ` իմ տոնն է: Գիտեք` ինչ նվեր կուզեի, որ Սարոն այցելի “Օրրան”. շատ եմ սիրում իրեն”,-մեզ հետ զրույցում ասել է նա` կատարելով երգչի երգերից:

Հերմինե Ստեփանյանը` դստեր հետ


Հայտնիներից ոմանք իրենց երեխաների, թոռնիկների հետ էին եկել միջոցառմանը: Հաղորդավարուհի Հերմինե Ստեփանյանն ու դուստրը` Մարիան, նույն ոճում էին:). “Միանման ենք հագնվել, թեեւ դա ինձ համար գերխնդիր չէ. երբ մեծանա, իր ճաշակով հագուստ կընտրի, բայց քանի դեռ փոքր է, օգտվում եմ տիկնիկի պես հագցնելու հնարավորությունից: Կյանքում առաջին անգամ գիտակցում եմ Երեխաների պաշտպանության օրվա խորհուրդը: Մայրանալուց հետո հասկացա, թե որքան պատասխանատու ես երեխայիդ համար: Այսօր մտածում էի` որքան ուժեղ պետք է լինեմ, որ կարողանամ աղջկաս պաշտպանել շատերից, գուցե ոմանց էլ` իրենից:)”:
 
Զառա Արամյանն իր երկու երեխայի հետ առաջին անգամ էր մասնակցում հունիսմեկյան խնջույքին.“Քիչ առաջ տիկին Արմինեի հետ խոսում էինք, պարզվեց` առաջինն եմ իրենից հարցազրույց վերցրել: Բազմիցս եկել եմ այստեղ, բայց առաջին անգամ եմ տոնական օրով հյուրընկալվում: Ուրախ եմ, որ երեխաներս հասուն են դատում եւ ցանկություն ունեն մյուս բալիկներին նվերներ անել”:

Արսեն Գրիգորյանը, Էվելինա եւ Նաիրա Շահիրյանները, Արմինե Հովհաննիսյանը եւ Քրիստինե Պեպելյանը


Նշենք, որ շուտով Երեւանում ու Վանաձորում գործող “Օրրան” ցերեկային խնամքի կենտրոնի երեխաների ու տարեցների համար կկայանա բարեգործական ճաշկերույթ-դրամահավաք, որի հասույթը կուղղվի նրանց առաջնային կարիքներն ու ծախսերը հոգալուն:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին