×


Մարիկա Թունյան

Մարիկա Թունյան

Մալայզիայի շոգը, բազում նվերներն ու էքստրեմալ թռիչքը:) Մոդել Մարիկա Թունյանն ամանորյա նախատոնական օրերն ու Տարեմուտի գիշերն անց է կացրել Մալայզիայում: Այնտեղ էր մեկնել ոչ թե հանգստանալու, այլ ներկայացնելու Հայաստանն ու մեր եռագույն դրոշը: Marika Tunyan Դեկտեմբերի 12-ին մեկնարկած “Miss Tourism International 2010” միջազգային մրցույթի եզրափակիչը կայացել է դեկտեմբերի 31-ի գիշերը: Աշխարհի տարբեր ծայրերից ժամանած մոդելներն Ամանորը դիմավորել են բեմում. “Կարծես թե միակ միջազգային մրցույթն է, որի եզրափակիչն անց է կացվում ամսի 31-ի գիշերը: Այնտեղի ժամանակով երբ խփում են 12 զանգերը, հաշվում ենք 9, 8, 7…3, 2, 1… եւ Նոր տարին ենք դիմավորում:)”, - պատմում է Մարիկան` շարունակելով. “Մալայզիան մահմեդական երկիր է, նրանք չեն նշում մեր տոները, բայց քանի որ մասնակիցների մեծ մասը քրիստոնյաներ էին, դրա համար դեկտեմբերի 25-ից մեզ համար տոնական մթնոլորտ էին ստեղծել` խաղեր, պարեր եւ հաճելի նվերներ”: Մոդելի լավագույն ճանապարհորդություններից մեկը:) Այս տարի մասնակցել են 55 երկրների մոդելներ, հաղթող է ճանաչվել Նիդեռլանդների ներկայացուցիչը. “Հայաստանն անցած տարիներին ներկայացրած աղջիկները շատ էին հավանել այս մրցույթն իր կազմակերպչական ու մարդկային վերաբերմունքով: Իմ ազգային գործակալ Աշոտ Խաչատրյանի նախաձեռնությամբ այս անգամ ես ներկայացրի Հայաստանը, որն ամենալավ ճանապարհորդություններից մեկն էր ինձ համար”: Marika Tunyan Մարիկա Թունյանը դարձել է “Sunway Resort Hotel & Spa” հյուրանոցի դեմքը, նա թոփ տասնյակում չի ընդգրկվել, բայց համոզված է, որ ցանկացած երկիր իրական շանսեր ունի հաղթելու. “Տուրիզմին նվիրված մրցույթների ժամանակ հաշվի են առնում, թե ինչ քանակով զբոսաշրջիկներ է Մալայզիան ընդունում տվյալ երկրից, եթե տուրիստների թիվը քիչ է, կազմակերպիչները շահագրգռված չեն լինում հենց այդ երկրի հաղթանակի համար: Որքան շատ զբոսաշրջիկ, այնքան հաղթելու մեծ շանսեր:)”, - նշում է նա: Մրցույթի կարգախոսն է եղել “Խաղաղություն եւ սեր”: Մոդելները PR արշավի ընթացքում այդ կարգախոսով են աշխատել, մրցակցելուց բացի ընկերացել են. “Իմ փորձից  կարող եմ ասել, որ առաջին մրցանակի հետեւից ընկնելու փոխարեն շատ լավ ընկերներ եմ ձեռք բերել, որոնց հետ մինչ օրս շփվում եմ, որոնք այցելում են Հայաստան, հետագայում գուցե կրկին կհանդիպենք առօրյա կյանքում: Այնքան էինք մտերմացել, որ ԱՊՀ երկրների ռուսախոս աղջիկներով ստեղծել էինք “ռուսական մաֆիա”, մյուս տարածաշրջանների աղջիկներն այդպես կապված չէին իրար հետ, զարմանում էին, որ ակտիվ ենք ու համախմբված::) Այդ մարդկանց մոտ քո երկրի մասին տպավորություն է ստեղծվում քեզանով”: “Miss Tourism International 2010” “Ամեն օր նվերներով ճանապարհում էին” :) Հայաստանի մասնակիցը լավ տպավորություններով ու բազմաթիվ հուշանվերներով է վերադարձել, նշում է, որ հովանավորները 55 մասնակիցների նկարները դիտել են, ընտրել յուրաքանչյուրին համապատասխան գույնի ու ձեւի իրեր:). “Գրաֆիկում համարյա ազատ ժամ չենք ունեցել, առավոտյան ժամը 7-ին արթնանալով գիտեինք` ինչ ենք անելու, ինչ նկարահանումներ կան, այնպես էր ամեն ինչ պլանավորված, որ հոգնեցուցիչ չէր, թեեւ տուն զանգելու ժամանակ էլ չէր լինում: Կազմակերպիչները գրաֆիկն այնպես էին կազմել, որ մոդելների համար հաճելի լինի: Արդեն գիտեինք, որ նկարահանումից հետո հովանավորները բոլորին նվերներ են բաժանելու, դա հոգեբանորեն տրամադրում էր, որ ավելի լավ աշխատեինք: Առաջին անգամ էի տեսնում, որ ամեն օր հովանավորների համար նկարահանվելուց հետո նվերներով ճանապարհում էին. սկսած ակնոցներից, կոսմետիկայից մինչեւ ոսկյա զարդեր: Պարզապես չեն նվիրում, այնպես են մատուցում, որ զգում ես` քո աշխատանքի դիմաց ես վաստակում:)”: Marika Tunyan Մրցույթների բացասական երեւույթները Մարիկան նշում է, որ բացի դրական ու գունեղ առօրյայից, միջազգային մրցույթներին նաեւ բացասական երեւույթներ են լինում. “Միշտ ամեն մրցույթի ժամանակ 1 կամ 2 մասնակից է լինում, որ իր վերաբերմունքով մյուսներից տարբերվում է. վատ հայացքով են մյուսներին նայում, դիտավորյալ ուրիշի հագուստ են պատռում կամ ելույթից առաջ պահում, բարձրակրունկով մյուսի ոտքին են կանգնում կամ պոդիումի վրա արմունկով հրում: Օրինակ, 2007 թվականին մրցույթներից մեկի ժամանակ մի մոդել դիտավորյալ տրորել էր ոտքս իր կրունկով: Արդեն պատրաստված եմ գնում, գիտեմ, որ պետք է զգոն լինել, շատ շոկոլադ ու ավելի շատ նվերներ տանել, որովհետեւ այդքան մասնակիցների հետ ընկերանալուց հետո միշտ քիչ են լինում նվերները:)”: “Նույնիսկ “հերոսի” վկայական տվեցին” :) 23-ամյա մոդելը պատմեց, որ ազգային տարազն իր մտահղացմամբ որոշել է իր ճաշակով պատրաստել: Ինտերնետում գտել է հայոց հին թագավորական հագուստի նմուշներ, դրանց նմանությամբ, հայկական եռագույնի գույներով ստացել է ժամանակակից տարազ:). “Իհարկե, թագուհու զգեստ չստացա, բայց կարմիր գույնը բեմից ակնառու է, լուսանկարներում էլ լավ երեւացող է: Սկզբում ուզում էի դիզայներական տարազ տանել, բայց բացարձակ ցանկալի չէ, որ նախորդ տարիների մոդելների հագած տարազով ներկայանաս: Օրինակ, ես ճանաչեցի Ֆրանսիայի, Բրազիլիայի աղջիկների տարազները, որոնք անցած մրցույթներին այլ մոդելների հագին էի տեսել”: :) Marika Tunyan Նրա կարծիքով, 7-րդ միջազգային մրցույթով կեզրափակվի, չի մեկնի որպես մասնակից, բայց եւ չի ժխտում, որ հնարավոր է մինչեւ 27 տարեկան թույլատրելի տարիքը նորից մասնակցի մոդելային մրցույթների. “Այստեղ ինքս աղջիկներին սովորեցնում եմ խորեոգրաֆիա: Ի դեպ, այս մրցույթի պարուսույց, ազգությամբ լեհ Ռաֆալի հետ մի քանի մրցույթներում աշխատել եմ, կարծես իմ ուսուցիչն է այդ գործում: Մոտ 15 տարի աշխատում է տարբեր մոդելային մրցույթներում, նրա աշխատանքը տեսնելուց հետո ավելի եմ ոգեւորվում, բեմադրելու նրբությունները նրանից եմ սովորել”: Մարիկա Թունյանի համար այս մրցույթն առանձնացել է նաեւ այլ բանով: Եզրափակչի հաջորդ օրը նա մի քանի մասնակիցների հետ “թռչել” է:). “Հյուրանոցի պատուհանից միշտ նայում էի լողավազանի մեջ 32 մետրից ցատկող սպորտսմեններին, ուզում էի փորձել: Մեկնելուց առաջ հարմար առիթ էր, չնայած մտածում էի` մեզ չեն թույլատրի, որովհետեւ վտանգավոր է, իսկ կազմակերպիչները պատասխանատվություն են կրում մեզ համար: 20 րոպե համոզելուց հետո այդ էքստրեմալ քայլին առաջինը գնաց միսս Մալայզիան, արդեն իմ ոտքերն էլ ձիգ կապել էին, չէի կարող հրաժարվել ու թռա…:) արտակարգ զգացողություն էր: Ի վերջո, 8 մասնակից համարձակվեց ռիսկի դիմել, մեզ նույնիսկ “հերոսի” վկայական տվեցին”: Marika Tunyan Լողազգեստներով փուլ չի եղել:) Մարիկան նշում է, որ մոդելն ավելի լուրջ տպավորություն է թողնում, երբ ունի ազգային գործակալ, երբ ֆինանսական ու թղթաբանական հարցերով վերջինս աջակցում է. “Կազմակերպիչները բոլոր մասնակիցների ավիատոմսն ու ճանապարհածախսը չեն ապահովում: Եթե ազգային գործակալը ներկայացնում է մի քանի երկրի մոդելների, ապա կազմակերպիչները ֆինանսապես աջակցում են: Աշոտ Խաչատրյանը պատասխանատվություն էր վերցրել իր վրա, բացի ինձանից նաեւ Պորտուգալիայի, Մոլդովայի, Բելառուսի, Ղազախստանի, Իտալիայի ու եւս մի քանի մոդելների գործակալն էր այս մրցույթում:” Մանեքենուհին մրցույթների ընթացքում նկատել է, որ միջազգային մրցույթներին մասնակցում են մահմեդական երկրների աղջիկներ, որոնք տվյալ երկրում չեն ապրում, բայց ցանկանում են իրենց ծննդավայրը ներկայացնել. “Պակիստանը, Իրանը շատ պահպանողական են, այդ երկրները ներկայացնող մասնակիցները կարող են խնդիրներ ունենալ, եթե այնտեղ ապրեն, կքարկոծվեն, բայց այդ աղջիկները համոզված են, որ խիստ փակի տակ չի կարելի մնալ, իրենք ունեն գեղեցիկ աղջիկներ, որոնք պետք է միջազգային ասպարեզ դուրս գան”: Մահմեդական Մալայզիայում “Miss Tourism International”-ի կազմակերպիչները մոդելներին լողազգեստ չեն “հագցրել”, ի տարբերություն մյուս պետությունների, ուր շատ կարեւոր է լողազգեստներով փուլը. “Նկարահանվում էինք հովանավորչական շապիկներով, բայց լողափում արգելված չէ լողազգեստը: Բազմազգ պետություն է. ապրում են չինացիներ, հնդիկներ, բնիկ մալայզիացիներ, եվրոպացիներ: Տարբեր մշակույթների, կրոնների կուտակումը մի երկրում իր լավ կողմն էլ ունի, որովհետեւ փակ մուսուլմանական երկիր չէ, եվրոպական ճարտարապետությունն ու շունչը որոշ չափով զգացվում Է: Եղանակը հրաշալի էր, 30 աստիճան տաքություն, հաճելի էր արեւահարվել Երեւանի ցրտից հեռու, չնայած նրանք էլ երազում են ձմեռ ու ձյուն տեսնել”: :) Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Մարիկա Թունյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին