×


Մշակութային «դեղահաբեր»՝ Արթուր Կարապետյանից եւ Սյուզաննա Մելքոնյանից

«Մի կյանք, մի խոսք, մի ձայն» նախագիծը շարունակում է միավորել տարբեր ստեղծագործողների, որոնք, նույն փոքրիկ բեմում միմյանց լրացնելով, հուզում, լցնում, ոգեշնչում ու մտորելու առիթ են տալիս մարդկանց։ Հերթական երեկոներից մեկը տեղի ունեցավ գարնան երկրորդ օրը՝ սրահում տարածվել էին Հայաստանի վաստակավոր արտիստ Արթուր Կարապետյանի ու բազմաթիվ մրցույթների հաղթող Սյուզաննա Մելքոնյանի գեղեցիկ եւ ազդեցիկ ձայները։

Սկսեց Կարապետյանն ու առաջին անգամվա հուզմունքով եւ վերջին անգամվա ժպիտով ներկայացրեց 3 ժամանակակից պոետների գործեր։ Լիահույս էր, որ երեկոյից հետո մարդիկ դրանք փնտրելու են գրադարաններում ու գրախանութներում։ Առաջինը Հովհաննես Գրիգորյանն էր, խոստովանեց, որ եթե Աստված իրեն գրելու շնորհ տար, կստեղծագործեր հենց այդպես՝ առանց որեւէ բառ ավելացնելու կամ պակասեցնելու։ Խորագիրը վերնագրել էր «Մերօրյա մարգարեն» ու իր սիրելի Գրիգորյանի բառերով անչափ հուզեց ներկաներին:

Արթուր Կարապետյանը


Մինչ Սամվել Զուլոյանին (Զուլո) անցնելը, Փարիզում Ամանորի նախօրեին հետը տեղի ունեցած մի միջադեպ հիշեց՝ անտուն մարդու մասնակցությամբ, որն անկախ ամեն ինչից իր հոգում պահպանել էր մի քիչ մանկություն, մի բուռ բարություն եւ մաքրություն։ Երկրորդ մասն անվանել էր «Մարդը պատի վրա», իսկ վերջում կարդաց երեկոյի կազմակերպիչ, բանաստեղծ Պետրոս Հոկտանյանի գործերը: Նշեց, որ դատելով նրա մեծ լսարանից՝ ներկայացնելու կարիք չկա, պարզապես ավելացրեց, որ «Իմ ընկեր Պետրոսը» խորագրի գործերը համահունչ են իր մտքին, սրտին ու հոգուն:

Կարճատեւ դադարից հետո բեմ բարձրացավ Սյուզաննա Մելքոնյանը, նրա ելույթից ժամեր առաջ էր հայտնի դարձել, որ այս տարի ամռանը հենց նա է Հայաստանը ներկայացնելու «Սլավյանսկի բազար» երգի մրցույթում։

«Անկեղծ կլինեմ՝ հուզված եմ: Շատերը զարմանում են, որ դեռ հուզվում եմ, բայց ամեն ելույթ իր հետ նոր էմոցիաներ է բերում։ Իմ վաստակավոր ընկեր Կարեն Անանյանի հետ երկար ենք պատրաստվել այս երեկոյին, քանի որ ձեւաչափը շատ պատասխանատու է։ Դժվար է այս տեսակ երգեր կատարել ու ներսում եղածը փոխանցել»,- նշեց նա:


Երեկոյի համար Մելքոնյանն ընտրել էր հայ հայտնի ստեղծագործողների երգերը. սկսեց Էլվինա Մակարյանի «Իմ կյանքի գարուն»-ից, կատարեց նաեւ «Մենությունը», ապա երգեց Շառլ Ազնավուրի «Մեռնել սիրելով», Ռոբերտ Ամիրխանյանի «Հայի աչքեր», «Մարտիկի երգը», Հայկոյի «Թող հիշեմ», ինչպես նաեւ Սելին Դիոնի «I Surrender» երգերը, որի շնորհիվ հաղթել է «Ну-ка, все вместе!» նախագծում: Իսկ վերջում Մելքոնյանն անակնկալ էր պատրաստել եւ երգեց Ֆրենկ Սինատրայի «My Way»-ը։

«Պոեզիա եւ երաժշտություն» կոչվող դեղահաբը

BRAVO.am-ը ներկա է եղել երեկոյին, ոգեշնչման սեփական պաշարը ստացել եւ Կարապետյանից ու Մելքոնյանից իմացել միմյանց հետ աշխատելու յուրահատուկ կողմերի մասին:

- Ո՞րն է այսպիսի ձեւաչափով հանդես գալու առանձնահատկությունը։

Կարապետյան. Հետաքրքիր ձեւաչափ է, որը կապված է խոսքի հետ՝ պոեզիան էլ երաժշտություն ունի ու նրան որպես շարունակություն փոխարինում է արդեն երգ դարձած խոսքը։ Այսօր ֆաստֆուդային մշակույթը բոլորիս կուլ է տվել, շատ մեծ մտավախություն ունեմ ապագայի հանդեպ։ Պոեզիան շատ կարեւոր է մարդկանց համար, այն մաքրում է, տեղափոխում այլ հարթություն, որտեղ բարություն ու անսահման սեր կա։ Դրա համար էլ այս ձեւաչափն ինձ համար շատ թանկ է, կարեւոր ու պետքական։ Մարդն ունի «Պոեզիա եւ երաժշտություն» կոչվող այս դեղահաբի կարիքը։

Մելքոնյան. Այս նախագծին առաջին անգամ եմ մասնակցում։ Մշակութային մաքուր նախագիծ է, որում առավելագույնս արվեստի շունչն է զգացվում, պոեզիայի եւ երաժշտության լեզվով մարդկանց մեջ հույզեր եւ ապրումներ ենք առաջացնում։ Շատ շնորհակալ ենք այս ամենը գնահատող մարդկանց, որովհետեւ բոլորս ունենք հոգեւոր ինքնամաքրման ու մշակույթն այս տեսանկյունից դիտարկելու կարիք։

- Թեեւ ձեր ելույթներն առանձին են, բայց փոխլրացնում եք միմյանց, ինչպե՞ս եք արել, որ պոեզիայից երաժշտություն անցումը ներդաշնակ լինի։

Կարապետյան. Սյուզին մեկ անգամ ներկա է եղել իմ կատարմանն ու վստահ եմ, որ իր երգացանկից զտել է այն երգերը, որոնք երեկոն համաչափ ու ներդաշնակ են դարձնում։ Փորձի ժամանակ լսել եմ նրա կատարումները, պարզապես հիասքանչ էին։ Մեր ներկայացրած գործերն ամեն ինչի մասին են՝ մարդու, սիրո, հայրենիքի, կնոջ եւ տղամարդու փոխհարաբերությունների։ Երկուսիս բաժինն էլ մենախոսությունների ձեւով է կազմված։

- Դուք պոեզիայի ի՞նչն եք սիրում եւ ինչպե՞ս եք ընտրել երգերը։

Մելքոնյան. Պատիվ եմ ունեցել երեկոներից մեկի ժամանակ լսել պարոն Կարապետյանին, շատ եմ հուզվել ու ամեն ինչ իմ միջով անցկացրել։ Գործերը շատ երկար քննարկումների արդյունքում եմ ընտրել, որպեսզի կամերային մթնոլորտում հարմար լինեն հանդիսատեսին։ Այնպես եմ արել, որ դրանք արդարացված լինեն ու երեկոյի առաջին հատվածում ունեցած հոգեվիճակի շարունակությունը դառնան։

- Ի՞նչն է ձեզ դուր գալիս այս ձեւաչափում, ի՞նչ եք կարողանում փոխանցել ու նաեւ ստանալ հանդիսատեսից։

Կարապետյան. Ժամանակի բերումով հազարավոր ելույթներ եմ ունեցել, բայց այս ձեւով պոեզիան ներկայացնելը շատ հետաքրքիր է. ամեն մեկս պոեզիայի ընկալման ու մատուցման մեր ձեւն ունենք: Մեկ հանգիստ եմ, մեկ պոռթկում եմ, կարդալիս մտածում, թե պոետն ինչ է զգացել այդ տողը գրելիս, հենց դրա ակունքը գտնում եմ, ամեն ինչ ինքն իրեն դասավորվում է, բայց ամեն անգամ նույն բանաստեղծությունը տարբեր է ստացվում։ Այս նախագծում ամենաշատն ազատությունն եմ սիրում, բայց դրա հետ մեկտեղ գիտես, թե ուր ես գնում ու մարդկանց որտեղ տանում։ Նաեւ իրար հանդեպ բարի տրամադրվածությունն ու փոխադարձ հարգանքն եմ հավանում, որ միասին փորձում ենք լավ գործ անել։

Սյուզաննա Մելքոնյանը


Մելքոնյան. Սիրում եմ հանդիսատեսի հետ այս կամերային շփումը, թեեւ սովոր եմ ավելի մեծ բեմերում ու նվագախմբերի հետ հանդես գալ: Այստեղ հրաշալի առիթ ունեմ մարդկանց հետ մտերիմ եւ անմիջական կապ ստեղծել:

Կարապետյան. Մեր առաջին միջոցառումից հետո այսպիսի խոսքեր լսեցի. «Դուք ինձ տեղափոխեցիք մի տարածություն, որտեղից չէի ուզում վերադառնալ»։ Շատ կարեւոր գնահատական էր, իմ եւ Սյուզիի նպատակը հենց այդ դաշտը ստեղծելն է։ Երբ այսօր եկանք, Սյուզին այնքան էլ լավ տրամադրություն չուներ, մի քիչ հոգնած էր, բայց փորձեցի նրան դրական էներգիա փոխանցել, եւ հիմա նա ժպտում է։

Մելքոնյան. Այնքան լավ եմ հիշում Ձեր առաջին երեկոն, որի ավարտից հետո դեռ երկար զբոսնում էի քաղաքում, այդ մտքերն ու հույզերը հետս էին, կարծում եմ՝ այս նախագիծը հենց դրանով է արդարացված, որ մեզնից յուրաքանչյուրը հետո մտածելու առիթ է ունենում:

Կարապետյան. Բուժիչ ներգործություն է ունենում՝ չաղճատված, չձեւափոխված, չճմրթված ալիք ենք տալիս մարդկանց։ Ցանկացած հեռուստաալիք միացնում ես ու տեղում գանահարվում, ապրելդ չի գալիս։ Մշակութային այս բուժիչ գանձարանն ու բռով դեղահաբերը, որ ունենք, չենք օգտագործում։ Մենք այդ գործերը փոխանցողն ենք, բայց որքան տալիս ենք, գուցե, ավելի շատ էլ ստանում ենք։

Արթուր Կարապետյանը


Ժամանակակից գրականությունը հասանելի դարձնելը

«Մի խոսք, մի կյանք, մի ձայն» նախագծի կազմակերպման գաղափարը բանաստեղծ Պետրոս Հոկտանյանինն է. սկսել են հոկտեմբերից ու հինգ ամիսների ընթացքում բավական մեծ լսարան ձեռք բերել, հիմա «Loft Room»-ում էլ հանդիսատեսի պակաս չեն ունենում: Նշում է, որ նպատակը գրքերում կամ սոցցանցերում մնացած ժամանակակից գրականությունը մարդկանց հասանելի ու ճանաչելի դարձնելն է։

«Մինչ նախագիծը սկսելը դերասանների հետ բանաստեղծություններն աուդիո տարբերակով էինք ներկայացրել ու միմյանց ճաշակներն արդեն գիտեինք, հետագայում արդեն հավաքվեցինք այս ընդհանուր գաղափարի շուրջ: Ստեղծագործելիս էլ արդեն զգում էի, թե որ գործն ում ձայնով ավելի լավ տեղ կհասնի՝ Բաբկեն Չոբանյանի, Սամվել Թոփալյանի, Դավիթ Հակոբյանի, թե մեկ ուրիշի։ Առաջին երեկոյի ընթացքում ելույթ ունեցան Հակոբյանն ու Արսեն Սաֆարյանը, դրանից հետո նոր զույգեր ենք ունեցել եւ բոլորն էլ ներդաշնակ են եղել։ Զգում եմ, թե ովքեր միմյանց հետ համահունչ կլինել»,- շեշտեց նա:

Հոկտանյանը գրում է անցյալի ու ներկայի, կյանքում տեղ գտած դեպքերի եւ իր վրա դրանց ազդեցության մասին, անգամ մարգարեական գործեր է ունեցել, որոնք իրականություն են դարձել։ Խոստովանում է՝ գրում է միայն ապրված հույզերի մասին եւ ոչինչ չի հորինում, բառերի առաջ մեծ պատասխանատվություն է զգում ու վախենում դրանց ազդեցությունից, դրա համար էլ հետները զգույշ եւ ուշադիր է վարվում:

Լուսանկարը՝ անձնական արխիվից Սյուզաննա Մելքոնյանը եւ Պետրոս Հոկտանյանը՝ կնոջ հետ


Կարծում է, որ մարդիկ առաջին հերթին իրենց կազմակերպած երեկոների անկեղծությունն են հավանում ու դերասանների մատուցման ձեւը, թե ինչպես է ամեն մեկը կարողանում զգալ բանաստեղծներին, իսկ կատարողներն անգամ իրենց երգացանկում փոփոխություններ են անում, որ համապատասխանեն ձեւաչափի մթնոլորտին:

«Այս երեկոների ավարտն եմ սիրում՝ մարդկանց գոհունակ դեմքերն ու ժպիտները. շատ կարեւոր է, երբ նայում ես նրանց աչքերի մեջ ու տեսնում, որ դատարկ չեն հեռանում, հետներն ինչ-որ բան են տանում: Մեծ թիմ է աշխատում, որ այս ամենը կարողանանք իրականություն դարձնել»։

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին