×


Լիլիանա Ապրոյանը

«Իմ 30 տարվա գորգը դժվարությամբ եւ վախով եմ կտրել». Սաթենիկ Մնացականյանի եւ թոռնիկի գորգե պայուսակները

Սաթենիկ Մնացականյանը 15 տարի մաթեմատիկայի ուսուցչուհի է եղել: Խորհրդային միության փլուզումից հետո չի ցանկացել շարունակել մանկավարժի աշխատանքը. ուզում էր նոր բան փորձել եւ սկսել է աշխատել Գավառի երկրագիտական թանգարանում:

«Գիտաշխատող էի եւ մի անգամ ինձ հանձնարարվեց գորգերի ժամանակավոր ցուցադրություն կազմակերպել, որի ժամանակ պետք է նաեւ ելույթ ունենայի եւ պատմեի դրանց մասին: Սկսեցի ուսումնասիրել գորգերի պատմությունն ու ինձ համար նոր բաներ բացահայտեցի»,- պատմում է Սաթենիկ Մնացականյանը:

Թանգարանում աշխատել է 8 տարի: Հետո այլեւս չի աշխատել՝ պայմանավորված ընտանիքի ժամանակ առ ժամանակ բնակության վայրը փոխելով:

Սաթենիկ Մնացականյանը


«Տատիկն իր կյանքից միշտ դժգոհ էր, ասում էր՝ շատ բաներ կարող էր անել, բայց այն անիմաստ է անցել: Միշտ բիզնես մտքեր է ունեցել, բայց իրականացման համար գումար է պետք եղել, ինչն էլ խոչընդոտ է հանդիսացել»,- ասում է Սաթենիկ Մնացականյանի թոռնուհին՝ Լիլիանա Ապրոյանը:

Գումար չեն ունեցել, բայց տանն ունեցել են շատ գորգեր: Խալիներից պայուսակներ եւ հագուստ արտադրել սկսել են հենց իրենց տանը եղածներից, որոնք Սաթենիկ Մնացականյանը շատ լավ էր պահել:

«30 տարի անց, երբ որոշեցինք բնակարանը վերանորոգել, գորգերն ինչ-որ տեղ դնելու խնդիր առաջացավ: Թոռնիկս ասաց՝ տատի՛կ, կտա՞ս ինձ՝ պայուսակներ կարեմ: Շատ զարմացա, թե ինչպես կարելի էր գորգը կտրել եւ պայուսակներ պատրաստել. ինձ համար շատ խորթ էր: Բացի այդ, այդ գորգերը ժամանակին իմ օժիտի մասն էին: 30 տարի ես դրանք պահել էի: Բայց որոշեցի աջակցել թոռնիկիս»,- ասում է Սաթենիկ Մնացկանյանը:


«Ապրում եւ աշխատում էի Մոսկվայում, որտեղ անընդհատ գործ էինք ունենում հայտնի մարդկանց հետ: Ժամանակի ընթացքում նկատեցի, որ իրենց համար թրենդային եւ սիրված են գորգերը: Չգիտես՝ ինչու, մտածեցի, որ կարելի է գորգերից հագուստ պատրաստել: Զանգեցի եւ պատմեցի տատիկիս, ով ապրում է Գավառում»,- նշում է Լիլիանա Ապրոյանը:

Երբ Լիլիանան տատիկին գաղափարը հայտնել է, վերջինս ասել է, որ հետաքրքիր է, բայց չի հասկանում, թե ինչից կարելի է սկսել: Աշխատանքը սկսելիս առաջացել է բարդ հարց՝ ինչպե՞ս կտրել խալիները: Երկար մտորումներից հետո որոշել են համաչափ կտրել:

«Տատիկը պատմում էր, որ առաջին խալին կտրելուց առաջ շատ էր վախենում, մեկ շաբաթ մտածում էր՝ ինչպես ճիշտ կլինի: Սկզբից սիմետրիկ էինք կտրում, բայց դրա պատճառով շատ նյութ էր կորում, եւ շատ ավելի քիչ բան էինք կարողանում ստեղծել: Դրանից հետո որոշեցինք, որ պետք է այնպես կտրել, որ գորգերից ոչինչ չկորի»,- ասում է Լիլիանա Ապրոյանը:

Լիլիանան Ռուսաստանում էր, երբ տատիկը կարել էր առաջին երկու պայուսակները: Հենց դրանք տեսել էր, դուրը չէին եկել, որովհետեւ ընդհանրապես նման չեն եղել իր պատկերացրածին: Մտածում էր՝ ոչ ոք չի գնի, համոզում էր տատիկին՝ կտրեն ու ուրիշ բան պատրաստեն դրանցից: Բայց տատիկը չի համաձայնել:


«Գորգերը, որոնցից մենք սկսեցինք պայուսակներ կարել, բրդյա ծաղկազարդ խալիներ էին: Առաջին պայուսակները մեծ կարեցի, որովհետեւ ծանոթ էի գորգերի մշակույթին ու ափսոսում էի դրանք մանր կտրել: Շատ դժվարությամբ եմ կտրել: Գորգը բաժանել եմ 4 մասի եւ չորս մեծ պայուսակ կարել: Դրանք ինձ շատ էին դուր գալիս»,- ասում է Սաթենիկ Մնացականյանը:

Սկզբում Լիլիանան հիասթափվել է, մտածել հրաժարվել գաղափարից: Բայց հետո տատիկը այդ պայուսակներն ուղարկել է Մոսկվա, ինքն էլ նկարել է դրանք ու տեղադրել պայուսակների համար բացած սոցցանցային էջում, որը կոչել էր Sovushka’s bag:

«Դիմեցի նորաձեւության ոլորտը լուսաբանող ռուսական լրատվամիջոցներին: Հետեւորդներս շատացան, մի օր էլ տեսա, որ մեր մասին Սոբչակն է գրել իր տելեգրամյան ալիքում. ուրախությանս չափ չկար»,- ասում է Լիլիանա Ապրոյանը:

Պայուսակները պատրաստում են հին գորգերից, որովհետեւ դրանց թե՛ գույները, թե՛ ձեւերը ավելի են դուր գալիս ե՛ւ Լիլիանային, ե՛ւ գնորդներին: Առաջանում է մեկ այլ խնդիր. դժվար է գտնել լավ որակի հին գորգեր:

«Փորձում եմ հայտարարություններով գտնել, բայց միշտ չէ, որ լավ որակի են լինում: Պատահում է՝ 15 հայտարարությունից մեկի դեպքում է գորգը համապատասխանում մեր պահանջներին: Սրանով պայմանավորված՝ մենք փորձում ենք օգտագործել գորգի բոլոր մասերը: Ավելցուկներից պատրաստում ենք աքսեսուարներ, փողկապներ, գոտիներ»,- ասում է Լիլիանա Ապրոյանը:

Հիմա պայուսակները կարում են ե՛ւ Ռուսաստանում, որտեղ աշխատանքները ղեկավարում է Լիլիանայի մայրիկը, ե՛ւ Հայաստանում, որտեղ կարում է միայն տատիկը՝ Սաթենիկ Մնացականյանը:

«Շատերն ինձ ասում են, որ պայուսակներից ու հագուստից բացի, կարելի է հեռախոսի պատյաններ, աքսեսուարներ պատրաստել: Վերջերս նաեւ թենիսի պայուսակ էինք պատրաստել: Չեմ բացառում նման բաներ ստեղծելը, բայց կարծում եմ՝ հիմա պետք է կենտրոնանանք պայուսակների վրա»,- ասում է Լիլիանան:

Մեծ պայուսակները ներդիրներով են կարում, որ մարդկանց համար հարմարավետ լինի, իսկ փոքրերը՝ առանց ներդիրի, որովհետեւ պայուսակի ներսից երեւում են գորգերի նախշերն ու ավելի գեղեցիկ դարձնում պայուսակը:

«Կարելու շատ նրբություններ չգիտեի, մտածում էի՝ գորգը կտրում ես, կտրված մասերն իրար ես կպցնում, եւ վերջ: Բայց պարզվեց, որ կտրված մասերի ծայրերը կարել է պետք ու էլի նման բաներ: Գավառում գտանք մի մարդու (ի դեպ, միակ մարդն էր, որ անում էր այդ աշխատանքը), ով կարող էր հաստ կտոր կարել: Բայց նրա թելն այնքան վատն էր, որ պայուսակը մի փոքր օգտագործելուց հետո թելերը փշրվում էին: Զարմանալին այն էր, որ գնորդներին դա էլ էր դուր գալիս: Հետո ավելի որակով թելեր պատվիրեցի եւ տվեցի այդ մարդուն»,- պատմում է Լիլիանա Ապրոյանը:


Հաճախ լինում են պայուսակների այնպիսի մոդելներ, որոնք Լիլիանան հրաժարվում է վաճառել, որովհետեւ դուրը շատ են գալիս. «Անգամ եթե մի քանի հազար դոլար տան ինձ դրանց համար, չեմ վաճառի: Հիմա կասեք՝ կարող ենք հավանած պայուսակից եւս մեկը կարել: Չենք կարող, որովհետեւ մեր բոլոր պայուսակները տարբեր են, ու որքան էլ փորձենք իրար նման պայուսակներ ստեղծել, մեկ է, դրանք ինչ-որ բանով իրարից կտարբերվեն»:

Մեկ անգամ մասնակցել են նորաձեւության միջազգային շաբաթվան, որը կազմակերպվել էր Ռուսաստանում: Հայաստանում նորաձեւության ցուցադրության չեն կարողացել մասնակցել:


«Տատիկս փորձել էր Հայաստանի նորաձեւության շաբաթվան մասնակցել, բայց մինչեւ Գավառից հասել էր Երեւան, այն արդեն ավարտվել էր: Հանդիպել էր ցուցադրության կազմակերպիչներից մեկին, ներկայացրել՝ ինչ են պատրաստում, բայց այդ մարդն անգամ չի ցանկացել խոսել տատիկի հետ ու նայել նկարը»,- ասում է Լիլիանա Ապրոյանը:

Լիլիանայի ամենամեծ ցանկությունը հայրենիքում նորաձեւության ցուցադրության մասնակցելն ու իրենց պայուսակները ներկայացնելն է. «Այս տարի նորաձեւության շաբաթվա շրջանակում լինելու է Փարաջանովին նվիրված ցուցահանդես: Դիմել եմ, կազմակերպիչներն ասել են, որ հավանել են մեր աշխատանքները, եւ ես պետք է մեր գործերի կապը ցույց տամ Փարաջանովի աշխատանքների հետ: Փարաջանովը մի խոսք ուներ. «Քեզ ասելու բան չունեմ, միակ բանը՝ երբ վատ զգաս, ձեռք տուր գորգին, դրանում ջերմություն կա։ Դա ե՛ս եմ»:

Երջանիկ Հարությունյան
Լուսանկարները՝ Լիլիանա Ապրոյանի անձնական արխիվ

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին