×


DJ Motiv8. “Երեւան այցելությանս նպատակը հենց այդ «դուռը» բացելն էր”

Նա աշխատել է Մադոննայի, Քայլի Մինոուգի եւ հանրահայտ այլ արտիստների երգերի ստեղծման վրա, սակայն իրեն համարում է հատկապես “The Black Eyed Peas”-ի մի մասնիկը: Հիփ-հոփ խմբի պաշտոնական դիջեյ Motiv8-ն օրեր առաջ ժամանել էր Երեւան` ելույթ ունենալու հայ ակումբասերների համար: BRAVO.am-ը ոչ միայն լուսաբանել է փարթին, այլեւ բացառիկ զրույց ունեցել սելֆիներիի հանդեպ հատուկ սեր ունեցող դիջեյի հետ:

DJ Motiv8-ը


Հայաստան եմ եկել տարածաշրջանային հյուրախաղերի շրջանակում: Երեւանյան այցս կազմակերպել է “Մեցցո Փրոդաքշընը”: Երեւանից առաջ ելույթ եմ ունեցել Ուկրաինայում եւ Վրաստանում: Վրացիները համերգի ընթացքում իսկապես շատ աշխույժ եւ ուրախ էին: Սիրում եմ, երբ ներկաները ոչ թե ուղղակի պարում են, այլ փարթի են անում: Ինձ համարելով միջազգային մարդ` պարելու եւ ուրախանալու ձեւից արդեն կարողանում եմ տարբերել, թե պարահրապարակում ինչ ազգի ներկայացուցիչներ են:

Ապրելով Լոս Անջելեսում`  հայ ծանոթներ ունեմ: Նրանցից մեկի անունն Արա է, վաղուց ենք ծանոթ, նա մտերիմ է “The Black Eyed Peas” խմբի հետ: Թեեւ դուք տեսնում եք խմբի միայն չորս անդամի, բեմից այն կողմ մենք մեծ ընտանիք ենք եւ ունենք տարբեր ազգերի շատ ընկերներ:

Աշխատել եմ հայտնի բազմաթիվ դեմքերի հետ, բայց ամենահարազատը “The Black Eyed Peas” խումբն է, որի շնորհիվ էլ հայտնի դարձա: Դիջեյը պետք է կարողանա մարդկանց ոգեւորել ու տրամադրություն բարձրացնել: Դու դառնում ես մոտիվացիա, որ մարդիկ խմիչք գնեն, պարեն ու քեզ պես ուրախանան: Երբ ինքս ինձ հարցնում էի` որն է իմ դերը, հասկացա` մարդկանց պարելու մղելը, այստեղից էլ որոշեցի իմ բեմական անունը:

DJ Motiv8-ը


Աշխատանքս ունի իր բարդ ու հաճելի կողմերը. ամենադժվարն անընդհատ ճամփորդելն է: Երկար տարիներ ստուդիայում զբաղվել եմ երաժշտության արտադրությամբ, շատ եմ սիրում հենց երաժշտության ստեղծման գործընթացը: Իմ ուղղությունը հիմնականում հիփ-հոփ եւ հաուս ոճերն են, բայց էլեկտրոնային բիթերի փոխարեն սիրում եմ մի քանի ոճ միախառնել եւ պարային լավ երաժշտություն հնչեցնել:

Հյուրախաղերիս ընթացքում, սովորաբար, հյուրանոցից բացի ոչինչ չեմ հասցնում տեսնել, բայց երեւանյան փարթիից առաջ որոշեցի դուրս գալ եւ միայնակ քայլել: Ինձ համար հետաքրքիր էր, թե ինչ վերաբերմունքի կարժանանամ, եւ շատ հաճելի էր, որ բարեւում էին:

Գրեթե միշտ ձեռքիս կրում եմ այս աքսեսուարը, որը նշանակում  է` ոսկե ձեռքեր ունեմ:): Քանի որ ընկերասեր մարդ եմ, սիրում եմ շփվել, երբեմն իմ զարդը ձեռքիցս հանում ու նվիրում եմ:

DJ Motiv8-ը


Կան համաշխարհային արտիստներ, որոնց հետ կուզեի աշխատել, բայց եթե անկեղծ, միշտ ձգտել եմ հանդես գալ իմ խմբի տղաների հետ, որոնք միշտ իմ մոտիվացիան են եղել: Ի դեպ, չի բացառվում, որ մեկ օր ողջ կազմով գանք Հայաստան: Իմ այցելության նպատակն էլ հենց այդ «դուռը» բացելն էր:

Իմ պայմանագրում մի կետ կա, որում նշված է, որ իմ սեղանին պետք է լինի M&M'S շոկոլադե կոնֆետների միայն կարմիր գույնը:  Զվարճալի է, որ ինչ-որ մեկը բոլոր գույներից պետք է առանձնացնի կարմիրները: Սա, իհարկե, որպես կատակ եմ գրել, ես քմահաճ չեմ:

Երեւանից հետո երկու շաբաթով կվերադառնամ Լոս Անջելես, այնուհետեւ պետք է ուղեւորվեմ Ճապոնիա, հետո Բրազիլիա: Իհարկե, այս ամենն ինձ դուր է գալիս, անում եմ այն աշխատանքը, ինչի համար ծնվել եմ:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/   
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW