×


Հայկ Շալունց

Հայկ Շալունց

“Հավատք եւ ժառանգություն” լուսանկարների միջոցով Փետրվարի 2-ին Նարեկացի արվեստի կենտրոնում բացվեց Հայկ Շալունցի լուսանկարների առաջին անհատական ցուցահանդեսը: “Հավատք եւ ժառանգություն” խորագիրը կրող ցուցադրության բացմանը ներկա էին լուսանկարչի մտերիմները, հարազատները եւ արվեստասեր մարդիկ: Hayk Shalunts Հայկ Շալունցի օբյեկտիվը շրջել է Հայաստանի գրեթե բոլոր հոգեւոր կենտրոններով, մասնավորապես, նա լուսանկարել է Սաղմոսավանքը, Սանահինը, Նորավանքը, Հառիջավանքը, Զվարթնոցը, Հովհանավանքը, Կեչառիսի, Եղվարդի, Աշտարակի եկեղեցիները, Գառնու “Քարերի սիմֆոնիան” եւ այլն: Հայկ Շալունցն առաջին մասնագիտությամբ տնտեսագետ է, զբաղվում է համակարգչային դիզայնով, մոտ 2 տարի նաեւ լուսանկարում է. “Մասնակցել եմ բազմաթիվ ճանաչողական արշավների, որոնց ընթացքում լուսանկարել եմ մեր վանքերը: Քանի որ հայկական եկեղեցիներն ու խաչքարերը շատ “ծեծված” թեմաներ են, փորձել եմ նոր անկյունից ու նոր մոտեցմամբ նկարել”,- ասում է Հայկը: Հայկ Շալունցն իր լուսանկարների առաջին անհատական ցուցահանդեսին Լուսանկարիչը նշում է, որ ցանկություն ունի նաեւ բնության եւ դիմանկարների թեմայով ցուցահանդես ունենալ. “Արխիվումս շատ գործեր ունեմ, այսօր միայն եկեղեցիների ու վանքերի թեմայով լուսանկարներն են: Ֆոտոների գունային երանգները մի քիչ փոխել եմ համակարգչով, նրանց մեջ ավելի դրամատիզմ եմ մտցրել, որ ազդեցիկ ու տպավորիչ լինի հավատի ուժը”,- անկեղծացավ լուսանկարիչը: Հայկ Շալունցի մտերիմը` պատմաբան Դավիթ Դավթյանը, ով ներկա է եղել արշավներին եւ լուսանկարների ստեղծմանը, նշեց, որ կարեւոր է մեր հոգեւոր ու պատմամշակութային հուշարձանները ներկայացնել երիտասարդներին. “Արշավների ընթացքում ծանոթանում ենք մեր եկեղեցիներին ու վանքերին, նաեւ բարեկարգում ու մաքրում ենք դրանց շրջակա տարածքները: Ամեն անգամ նկարներին նայելով` լավ հիշողություններ եմ ապրում մեր արշավներից”,- ասաց Դավիթը: Հայկ Շալունցի լուսանկարներն իր առաջին անհատական ցուցահանդեսին Այցելուներից Աննային առանձնահատուկ դուր էր եկել Մակարավանքի խաչքարը. “Կարծում եմ, չենք գնահատում մեր մշակութային կոթողներն ու անտեսում ենք մեր հրաշքները: Ցուցահանդեսը հաստատ կունենա իր ներդրումը ճանաչման գործում, որովհետեւ լուսանկարների մեջ մեծ լույս ու մաքրություն կա, որը դիտողին կլանում է”,- ասաց այցելուն: Ցուցադրությանը ներկայացված 37 լուսանկարները Հայկ Շալունցը ստեղծել է մոտ 2 տարվա ընթացքում: Լուսանկարները կարող եք գնահատել մինչեւ փետրվարի 8-ը: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին