Հայտնի դարձան ֆոտոմրցույթի հաղթողները
Դեկտեմբերի 1-ին “Մոսկվայի տանը” տեղի ունեցավ “Made in Armenia” ֆոտոմրցույթը, որը կազմակերպել էին “Design De Luxe” ամսագիրն ու “StreamTech” ընկերությունը: Մրցույթին ներկայացված էին 40 լուսանկարիչների` Հայաստանի դեմքը պատկերող աշխատանքներ:
Bravo.am-ի հետ զրույցում “Design DeLuxe” ամսագրի գլխավոր տնօրեն Գագա Ամատունին ասաց, որ ամսագիրն իր գործունեության ընթացքում առաջին անգամ է մրցույթ կազմակերպում. “Նպատակն այն է, որ լուսանկարիչները նոր ուժ եւ եռանդ դնեն իրենց աշխատանքի մեջ”: Նա նշեց, որ երկու ամիս առաջ մեկնարկած մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած 40 լուսանկարիչներից լավագույնը կճանաչվեն երկուսը: “Առաջին տեղը կորոշի ժյուրին, իսկ երկրորդ տեղի հաղթողը կընտրվի միջոցառմանը ներկաների քվեարկությամբ”,- ասաց Գագա Ամատունին:
Իսկ ժյուրիի կազմը գլխավորող Զավեն Խաչիկյանն ասաց. “Մենք օբյեկտիվ կլինենք, որ հուսախաբ չանենք”: Լուսանկարիչը կարեւորեց այն, որ ժյուրիի կազմում ընդգրկված են անկախ մարդիկ, որոնք դեռ չեն հասցրել պայմանավորվածության գալ: :)
Ի դեպ, առաջին տեղի ընտրությունը ժյուրիի համար բավական բարդ էր. միջոցառման սկզբից մինչ վերջին պահը ժյուրիի անդամներից Զավեն Խաչիկյանը, Հակոբ Բերբերյանը եւ Անահիտ Հայրապետյանը փորձում էին ընդհանուր հայտարարի գալ եւ որոշել` ով է մրցույթի հաղթողը: :)
Մասնակիցներից Կարեն Հովհաննիսյանը, ով նաեւ Bravo.am-ի ֆոտոնկարիչն է, մեզ հետ զրույցում ասաց, որ առաջին անգամ է մասնակցում մրցույթի: Կարենը ներկայացրել էր 3 լուսանկար, որոնցից մեկում պատկերված էին հայի աչքերը, մյուս երկուսում` Հայ առաքելական եկեղեցու ծիսակատարությունները: “Մասնակցում եմ ոչ թե հաղթելու, այլ հաճույքի համար”,- ասաց Կարենն ու հավելեց, որ կմասնակցի նաեւ հաջորդ մրցույթներին:
Իսկ “Design De Luxe” ամսագրի համահիմնադիր, երգիչ Հայկոն Bravo.am-ին ասաց, որ մրցույթի շնորհիվ շատ տաղանդավոր լուսանկարիչների կհայտնաբերենք: “Ինձ համար լավագույնն են 25 համարի տակ հանդես եկեղ մասնակցի լուսանկարները”,- ասաց Հայկոն, ով նաեւ ժյուրիի անդամ էր:
Միջոցառման հյուրերի քվեարկության արդյունքում պարզ դարձավ “Made in Armenia” ֆոտոմրցույթի երկրորդ մրցանակակրի անունը: Դա Արման Կարախանյան էր, ով ամսագրի կողմից ստացավ համագործակցության առաջարկ եւ ամսագրի մեկ տարվա բաժանորդագրման կտրոն: Արմանը ներկայացել էր երեք լուսանկարով, որտեղ պատկերված էին գյուղական կյանքն ու ծեսերը` Տյառընդառաջ, ավանդական հայկական հարսանիք:
Մասնակիցներին երկար սպասեցնելուց հետո ֆոտոմրցույթի ժյուրին հայտարարեց հաղթողի անունը. “Եղիա Ներսիսյան (համար 25)”: :)
Եղիա Ներսիսյանին “StreamTech” ընկերություն տնօրեն Արարատ Չնգրյանը նվիրեց Nec պրոֆեսիոնալ մոնիտոր: Bravo.am-ի հետ զրույցում Եղիա Ներսիսյանն ասաց, որ առաջին անգամ կարդալով “Made in Armenia” արտահայտությունը` իմաստը չի հասկացել. Եղիան Սիրիայից է եկել Հայաստան. “Երբ ընկերս բացատրեց` ինչ է պահանջվում անել, անցա գործի”:
Եղիան ներկայացրել էր երեք աշխատանք, որոնցից մեկը հայ զինվորներին էր պատկերում, մյուս երկուսը` Վահանավանքն ու Հայաստանի բնությունը: Ժյուրին շեշտեց, որ հաղթող է ճանաչվում զինվորներին պատկերող նկարը: :
Նշենք, որ “Design De Luxe” ամսագիրը շուտով կհայտարարի հաջորդ ֆոտոմրցույթը: Մեր տեղեկությունների համաձայն, մրցույթը կկրի “Հայաստանի ձմեռը” խորագիրը: :)
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/


×
11,168






