×


Մի կտոր կրակ

Մի կտոր կրակ

Հագուստի ցուցադրություն + արվեստի գործեր + էլեկտրոնային երաժշտություն :) Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողները Ամանորի նախաշեմին կազմակերպել են “Մի կտոր կրակ” խորագրով ցուցահանդես-փառատոն: Ցուցահանդեսի բացումը կայացավ դեկտեմբերի 15-ին` Հայաստանի նկարիչների միությունում: “Մի կտոր կրակ” փառատոն “Մի կտոր կրակը” կազմարկերպել է բուհի ուսխորհուրդը` Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության աջակցությամբ: Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը ցուցահանդեսի բացմանը նշեց, որ ուսանողների համար կարևոր է ցուցադրվելն ու ներկայանալը. “Մեր ակադեմիայի ուսանողների համար ցուցահանդեսից ավելի ուրախալի բան չի կարող լինել, չէ որ դրա համար էլ սովորում են, հմտանում ու պրոֆեսիոնալ դառնում: Սովետական շրջանում մինչև բուհն ավարտելը ցուցահանդեսների մասնակցելու իրավունք չկար: Հիմա ուսանողները նույնիսկ նկարիչների միության դահլիճում են ներկայանում”: Փառատոնի հեղինակ Նարե Աղաբաբյանը, ժյուրիի անդամներ Զավեն Խաչիկյանը եւ Արամ Նիկոլյանը “Մի կտոր կրակ” փառատոնը բացվեց ակադեմիայի հագուստի մոդելավորման բաժնի ուսանողուհիների ստեղծած նորաձև հագուստների ցուցադրությամբ: Մոդելները հեղինակներն էին, նրանց համակուրսեցիները, ընկերները: Ուսանող-մոդելավորողների ներկայացրած հավաքածուների թեմաները տարբեր էին. ցուցադրվեց նաև աշուն-ձմեռ հավաքածու: Ցուցադրության ողջ ընթացքում ներկաների բարձր տրամադրությունը ապահովում էր DJ Vakcina-ն:): Փառատոնը բացվեց հագուստների ցուցադրությունով Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի ուսանողուհի Անի Գրիգորյանը ցուցահանդեսին եկել էր որպես հյուր, բայց հայտնվեց մոդելի կարգավիճակում. “Եկել էի ուղղակի դիտելու, պատահական ինձ առաջարկեցին հագուստ ներկայացնել, ես էլ համաձայնեցի :): Առաջին անգամ չեմ ներկայանում որպես մոդել, քայլելիս ինձ վստահ էի զգում, պարզապես հագուստը մի քիչ մեծ էր:) ”, - ասաց ապագա դիզայները: Հագուստների ցուցադրությունը փառատոնի ընթացքում Ցուցասրահում ներկայացված էին 100-ից ավել գեղանկար, գրաֆիկա, լուսանկար, քանդակ, կերամիկական աշխատանք, բատիկա և այլն: Ուսանողներից մի քանիսն էլ տեղում հյուրերի ճեպանկարներն ու ծաղրանկարն էին նկարում: 4-րդ կուրսի ուսանողուհի ճեպանկարիչ Անուշը մի քանի րոպեի ընթացքում դիմանկարներ էր նկարում. “Պատերին կախված նկար չունեմ, փոխարենն ընկերներիս առաջարկով այստեղ ճեպանկարում եմ: Այլ ցուցահանդեսների էլ եմ մասնակցել որպես ճեպանկարիչ. մեծ հաճույք եմ ստանում տեղում նկարելուց:)”, - ասաց ապագա գեղանկարիչը: Հագուստների ցուցադրությունը փառատոնի ընթացքում Բեմանկարչության բաժնի նախկին ուսանողուհի Մարի Մանուկյանը հասցրել է անհատական ցուցահանդես ունենալ “Մոսկվա” կինոթատրոնում: Այստեղ ներկայացրել էր իր գեղանկարներից 3-ը. “Ցուցադրվելը ուսանողին մեծ ինքնավստահություն է տալիս: Յուրաքանչյուր նկարիչ ցանկանում է ներկայացնել իր ստեղծածը, կապ չունի 1, թե 10 նկար, կարևորը գնահատվելն է”, - կարծում է Մարին: Փառատոն ստեղծելու գաղափարը արվեստաբանության ֆակուլտետի ուսանողուհի Նարե Աղաբաբյանինն է. “Մտահղացումը վաղուց կար, ձգձգվում էր: “Մի կտոր կրակ” խորագիրն ընտրեցի, որպեսզի հայկական արվեստի պաղ մթնոլորտը մի քիչ աշխուժացնենք: Մեր նշանաբանն է` արվեստն ի սեր արվեստի”,- ասաց Նարեն եւ հավելեց. “Մենք շատ ցուցահանդեսներ ենք ունեցել, բայց այս անգամ ավելի մեծ է, կա նաև հագուստի ցուցադրություն: Այնքան շատ նկարներ էին հավաքվել, որ ստիպված մի մասը պատերին չկախեցինք: Նույնիսկ նկարիչների միության նախագահն էր զարմացել, որ ուսանողներն այսքան ակտիվ են:)”: Հագուստների ցուցադրությունը փառատոնի ընթացքում Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, ով ևս սովորել է այս բուհում, հիացմունքի խոսքեր ասաց ուսանողներին. “Հասցրեցի ուշադիր զննել ներկայացված աշխատանքները: Կարծում եմ` վաղը կունենանք այնպիսի նկարիչներ ու արվեստի գործիչներ, որոնցով բոլորս կհպարտանանք: Իրենց որակով ու ոճով աշխատանքները շատ տարբեր են եւ յետաքրքիր”: Եռօրյա փառատոնը մրցութային է: Ժյուրիի անդամները ակադեմիայի դասախոսներն են և ոչ միայն: Ժանրերից յուրաքանչյուրն ունի ժյուրի, որն էլ ընտրելու է 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերի հաղթողներին: Գեղանկարի ժյուրին է Էդիկ Վարդանյանը, լուսանկարինը`Զավեն Խաչիկյանը, քանդակը` Գագիկ Ղազարյանը, հագուստի մոդելավորումը` Արամ Նիկոլյանը, գրաֆիկան` Արման Ծատուրյանը: Փակման արարողությունը կկայանա դեկտեմբերի 17-ին: Հաղթողներին կտրվեն պատվոգրեր: Հեղինակ` Լիանա Մեյթարջյան /Bravo.am/ Լուսանկարները` Լիանա Մեյթարջյանի եւ Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին