×


«Ամեն» շոուի պրեմիերայի ուշագրավ դրվագներն ու հյուրերը

Դասական ու ժողգործիքներ, օպերա, բալետ, ազգագրական պարեր՝ համակցված անիմացիոն պատկերներով ու ժամանակակից նոր հնչողությամբ։ Հայ ազգի պատմությունը ներկայացնող «Ամեն» էպիկական դրամայի պրեմիերան երեկ էր` Մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում։ Լայնածավալ ներկայացման մեջ միավորելով հայկական երաժշտության ավանդույթները, դասականն ու մոդեռնը՝ հեղինակները ստացել են բեմական նոր շոու, որը ներառում է հայի պատմությունը՝ նախաքրիստոնեական ժամանակներից մինչեւ մեր օրերը:

«Ամեն» շոուի երեւանյան պրեմիերային


«Ամեն»-ի շուրջ համախմբվել է հսկայական թիմ. լիբրետոն հեղինակել է Էդուարդ Այանյանը, երգերի տեքստերը՝ Ջիոմմարիա Մոնթին (Իտալիա) եւ Սուրեն Ենոքյան–Իսրայելյանը: Բեմադրող ռեժիսորը Գրիգոր Խաչատրյանն է, խորեոգրաֆները՝ Արման Ջուլհակյանն ու Արա Ասատուրյանը: Զգեստների դիզայնն իրականացրել են ամերիկաբնակ Միքայել Շարաֆյանը եւ «Տերյան» մշակութային կենտրոնը։ Պրոդյուսերն է Ելենա Շուբինան (Ռուսաստան), գլխավոր պրոդյուսերը` Հասմիկ Չախմախչյանը: Ներկայացման կազմում են՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը, «Նարեկ» պարային անսամբլը, ճանաչված օպերային կատարողներ Բարսեղ Թումանյանը, Հովհաննես Այվազյանը, Հրաչուհի Բասենցը, Դավիթ Բաբայանցը, Ջուլիետ Գալստյանը, Հասմիկ Թորոսյանը, Պերճ Քարազյանը, Ռոզի Անուշ Սվազլյանը եւ ուրիշներ։ 

«Ամեն» երաժշտական-դրամատիկ ներկայացման սյուժեի հիմքում հայ ժողովրդի պատմության հիմնական դրվագներն են, ներկայացվում է հեթանոսական ժամանակաշրջանը, քրիստոնեության ընդունումը, առանձին դրվագներով Ցեղասպանությունը, հաղթական ճակատամարտերն ու այսօրը: Երեք մասից բաղկացած էպիկական դրամայի  գործող անձինք են՝ պատմիչը, ժողովրդի հայրն ու մայրը, Մարիամ Աստվածածինը, պատմության ձայնը, հոգեւորականը, հրեշտակը, գարունը, մենապարողները եւ այլք։

«Ամեն» շոուի երեւանյան պրեմիերային


Նախագծի կոմպոզիտոր եւ երաժշտական պրոդյուսեր Արաքսյա Մուշեղյանն առաջնախաղից հետո BRAVO.am-ին հայտնեց, որ պրեմիերայի կայացումն իրենց ամենամեծ հաղթանակն է.«Մեր գործընկերները հավատում էին, որ կկարողանանք իրականացնել, իհարկե, կային նաեւ թերահավատներ, որ չգնահատելով մեր ուժերը, մտածում էին՝ նախագիծը չի ստացվի։ Փորձերին որոշ դրվագներ հանվել են կամ էլ ավելացել: Ի սկզբանե, որոշել էինք ներգրավել նաեւ ռոք ու փոփ վոկալիստների, բայց հասկացանք` այս հնչողությամբ օպերային երգիչների ձայնն ավելի հետաքրքիր է։ Հյուրախաղերից առաջ կշարունակենք շտկումներ անել, առանձին կամփոփենք ու կքննարկենք ապագայի ծրագրերը»։

Հանդիսականները բարձր ծափերով ողջունում էին հատկապես ազգագրական պարերն ու երաժշտությունը, պրեմիերայից հետո կիսվում հիացական խոսքերով։ Արաքսյա Մուշեղյանի խոսքով՝ սպասելի էր, որ «Քոչարի»-ն ու «Դլե յաման»-ը մեծ ոգեւորությամբ կընդունվեն.«Նաեւ անսպասելի դրվագներում ծափահարություններ էի լսում, ինչը նշանակում է՝ բեմից ուղերձներն ընդունվեցին։ Մենք փորձել ենք գտնել տարբերակ, որ նախագիծը հետաքրքրի նաեւ այլազգիներին։ Երկար ժամանակ աշխատելով արտերկրի երաժիշտների հետ՝ հասկացել եմ, որ մեր ժողգործիքները բարդ են ընկալվում, այդ պատճառով հիմա նոր ու թարմ հնչողության մեջ են»։

Դահլիճում կային ազատ նստատեղեր, ինչի շուրջ եւս զրուցեցինք երաժշտական պրոդյուսերի հետ.«Մենք գիտեինք, որ դժվար թե լեփ-լեցուն լինի, նույնիսկ այդքան հանդիսատես չէինք ակնկալում, բայց դահլիճի շուրջ 80 տոկոսը լիքն էր։ Երբ նոր ձեւաչափի բան է արվում, մարդիկ չգիտեն՝ ինչ են դիտելու. մենք քայլ առ քայլ պիտի տեղեկացնենք, որ այցելեն։ Եվրոպական երկրներում երկուշաբթիից կիրակի տեղի ունեցող դասական համերգներին դահլիճները լեփ-լեցուն են։ Հուսով եմ՝ ապագայում ժողովրդի մոտ դասական գործերի հանդեպ մեծ հետաքրքրություն կլինի, թեեւ դեռ չենք նախատեսում երկրորդ ներկայացումն անել Երեւանում։ Այսպիսի նախագծերը ոչ միայն Հայաստանում, այլեւ հետխորհրդային երկրներում կոմերցիոն առումով արդարացված չեն. ծախսերը շատ են, իսկ տոմսերի վաճառքը՝ քիչ։ Այստեղ մենք գումար չենք աշխատել, միայն ներդրել ենք»։

«Ամեն» շոուի երեւանյան պրեմիերային


Ի դեպ, վերջին մեկ ամսում ներկայացման կազմում տեղի են ունեցել զգալի փոփոխություններ. BRAVO.am-ը նախորդ տարի տեղեկացրել էր, որ «Ամեն»-ի բեմական ռեժիսորն ու խորեոգրաֆը Ռուդոլֆ Խառատյանն է, սակայն ինչպես տեղեկացրեց Արաքսյա Մուշեղյանը, պրեմիերայից առաջ ներմուծվել է «Նարեկ» անսամբլը.«Ռուդոլֆ Խառատյանի հետ հասկացանք` տարբեր ենք պատկերացնում շոուի կառուցվածքը, հարգանքով եկանք հայտարարի, որ լավ է չհամագործակցենք, որովհետեւ դասական բալետն ու մեր շոուն տարբեր ուղղվածություն ունեն։ Առաջարկեցինք «Նարեկ» անսամբլին, որը լավագույններից է Հայաստանում»։ 

«AMEN Project» ընկերության միջազգային նախագծի պրեմիերան նախատեսվում էր Իտալիայում, սակայն կազմակերպիչները որոշել են առաջինը ներկայացնել Երեւանում։ Առաջիկայում «Ամեն»-ը կդիտեն Իտալիայի Վերոնա քաղաքում. «Կմեկնենք նույն կազմով, չենք ուզում կրճատումներ անել. մեծ խմբերը, ինչպիսիք են՝ «Հովեր» երգչախումբն ու ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, իրենց ներդրումն ունեն եւ անվճար են մասնակցել, ամեն բան կանենք, որ նույն կազմով մեկնենք հյուրախաղերի։ Կազմակերպչական տեսանկյունից ավելի հարմար է յուրաքանչյուր երկրում տեղի նվագախմբի հետ մի քանի փորձ անել ու նվագել, բայց մենք ցանկանում ենք այս կազմով մեկնել ու ներկայացումը դարձնել հայկական բրենդ»։ 

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին