×


Անի Քրիստի.«Նրանց տեսնելուն պես ավելի ոգեւորեցի»

Անի Քրիստին երկարատեւ դադարից հետո ակումբային մենահամերգ է ունեցել Երեւանում՝ իրականացնելով նաեւ լոսանջելեսյան համերգի DVD սկավառակի շնորհանդեսը։ «Կամի»-ի հրավերով երգչուհին ելույթ է ունեցել ակումբի երաժիշտների նվագակցությամբ։

Անի Քրիստիի երեւանյան համերգին


Համերգ-շնորհանդեսին ներկա էին նրա ընկերները, նաեւ կոմպոզիտոր Ավետիս Բերբերյանը, որի հոբելյանական համերգին էլ օրեր առաջ երգել է նաեւ Անին. «Վաղեմի ընկերներիս ներկայությունն ինձ ուրախացրեց։ Երբ մտա դահլիճ, չէի սպասում, որ նրանցից մի քանիսը ներկա կլինեն։ Նրանց դեմքերը տեսնելուն պես ավելի ոգեւորեցի եւ ուրախացա»։

Անին կատարել է իր երգացանկի հայտնի երգերը՝ «Իմ լռություն», «Տաք անձրեւ», «Ո՞վ եմ ես», «Կարոտ», Նաեւ Էլվինա Մակարյանի երգերից երկուսը.«Տաղանդավոր երաժիշտ ընկերներիս շնորհիվ իմ երգացանկն ունեմ. արդեն 20 տարի ինձ համար երգեր են գրում։ Օրինակ՝ «Իմ լռություն» երգն արդեն տասը տարվա պատմություն ունի։ Այն սիրվել է մարդկանց կողմից, կարծես, մտավորականության սրտի խոսքը լինի»։

Անի Քրիստին եւ Արտակ Ներսիսյանը


Համերգին նվագել են շրթհարմոնահար Արտակ Ներսիսյանը, նրա վաղեմի ընկեր, հարվածային գործիքներ նվագող Պերճ Նահապետյանը, դուդուկահար Հայկ Կարապետյանը եւ երիտասարդ այլ երաժիշտներ։ Ամերիկաբնակ երգչուհին ներկաներին նվիրել է 2014 թվականին Լոս-Անջելեսում կայացած մենահամերգի տեսասկավառակները.«Համերգն ամբողջությամբ ջնջվել էր համակարգչից, մասնագետների երկարատեւ աշխատանքի շնորհիվ վերականգնել ենք ու մոնտաժել։ Շուտով այն կցուցադրվի Հանրային հեռուստաընկերության եթերում, բայց կոնկրետ օրը դեռ պարզ չէ։ Հետագայում նաեւ կտեղադրենք համացանցում»։

Անին շուրջ մեկ ամիս Երեւանում է, դեկտեմբերի 27-ին կմեկնի Լոս Անջելես՝ վերադառնալու ակնկալիքով։ Ամանորը կնշի հայրիկի եւ ընկերների հետ.«Մենք Նոր տարին կնշենք հայկական ավանդույթներով։ Տեսակով այնպիսին եմ, որ ենթարկվում եմ ինձ համար ընդունելի սովորույթներին։ Երեւանում ծնված ու մեծացած աղջիկ եմ, սովոր եմ տարեմուտը դիմավորել հայկական ձեւով։ ԱՄՆ-ում դեկտեմբերի 25-ին մեծ շուքով նշում են Սուրբ Ծնունդը, այնտեղ ապրելով՝ դա էլ նշում եմ, բայց չեմ մոռանում մեր տոները։ Այս տարի թեեւ աշխատելու ու երգելու հրավերներ ունեի, կանցկացնեմ ընտանիքիս շրջապատում»։

Անի Քրիստիի երեւանյան համերգին


2017 թվականին նա նպատակ ունի Գլենդելում հիմնել վոկալ-ստուդիա.«Հիմա նախապատրաստվում ենք: Սկզբնական շրջանում վոկալ ու բեմարվեստ կդասավանդեմ, այնուհետեւ կհրավիրեմ ջութակի, ֆլեյտայի ու այլ գործիքների մասնագետների։ Անպայման ուզում եմ, որ բոլոր աշակերտները նոտաճանաչ դառնան. գրագետ երգիչ, երաժիշտ լինելը շատ եմ կարեւորում։ Նաեւ բեք-վոկալիստներ կպատրաստենք, որովհետեւ դրա բացը հայկական երգի ասպարեզում այնտեղ կա։ Նաեւ ծրագրել եմ նոր երգերս ձայնագրել, հուսամ՝ տեսահոլովակներ եւս կլինեն»։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին