×


Աննա Պանի.“Քույրս արգելեց որեւէ բան վերցնել”

Աննա Պանին հարազատ քրոջ` Անժելա Փանոսյանի նախաձեռնությամբ մասնակցում է բարեգործական ակցիաների եւ մտերիմներին ու գործընկերներին էլ առաջարկում միանալ: BRAVO.am-ի հետ զրույցում դերասանուհին նշել է, որ այս մասին բարձրաձայնում է, որպեսզի իրեն անծանոթ մարդիկ էլ ցանկության դեպքում երեխաներին փոխանցեն գրենական պիտույք կամ հագուստ:

Աննա Պանին


“Քույրս նոր ուսումնական տարվա առթիվ որոշեց գրենական պիտույքներ նվիրել մի քանի դպրոցականի, որոնք դրա կարիքն ունեին: Մեզ միացան նաեւ դերասաններ, երգիչներ, պարզապես մարդիկ, որոնք ցանկություն ունեին իրենց փոքրիկ նվերներով ուրախացնել մարզերի երեխաներին”,-նշել է նա:

Աննա Պանին, Հայկ Մարությանը, նույն ինքը` Կարգին Հայկոն, Ռաֆայել Երանոսյանը, Արեն Բայադյանը, Սարգիս Մնոյանը եւ նրանց ընկերներն օրեր առաջ այցելել են Արմավիրի մարզի Լենուղի գյուղ, երեւանյան կրթական մի քանի հաստատություն ու հավաքված նվերները հանձնել երեխաներին:

Աննա Պանին քրոջ հետ, Կարգին Հայկոն, Ռաֆոն այցելել են Լենուղի գյուղ


“Հնարավոր է` լինեն մարդիկ, ովքեր կցանկանան ինչ-որ բան փոխանցել, օրինակ` Սոնա Շահգելդյանը կապվել էր քրոջս հետ ու փոխանցել նվերներով կապոց: Մենք լուսանկարների միջոցով հաշվետվություն ենք տալիս, որ ցանկացած տետր, ռետին կամ մատիտ հասնում է երեխաներին: Երբ գրենական պիտույքները մեր տանն էին, ինձ գրիչ էր պետք, քրոջս խնդրեցի, որ գրեմ ու նորից վերադարձնեմ, բայց նա արգելեց որեւէ բան վերցնել:): Բոլոր իրերը մեկ առ մեկ հասնում են երեխաներին”,-BRAVO.am-ին հայտնել է Աննան:

Նրա խոսքով` քույրը սկսել է գրենական պիտույքներից, այժմ նաեւ հագուստ, կոշիկ, պայուսակ, խաղալիքներ է հավաքում երեխաների համար ու ոգեւորությամբ փոխանցում նրանց.“Անժելան կամավոր է եւ կազմակերպություն բացելու նպատակ չունի: Ես ինչով կարողանում եմ, փորձում եմ օգնել, բայց չեմ ուզում անունս շեշտվի: Ինձ համար զարմանալի է, որ կարիքավոր մարդն է ձեռք մեկնում, իր երեխայից կտրում ու բերում է ավելի կարիքավոր երեխայի համար, նույնիսկ մի երեխա երկու տետր էր բերել, որ փոխանցենք իր հասակակցին”:

Աննա Պանին


Աննան այժմ որեւէ սերիալում չի նկարահանվում, ասում է` ժամանակավոր դադար է վերցրել հեռուստադիտողին չձանձրացնելու համար.“Գեղարվեստական ֆիլմում հանդես գալու առաջարկ ունեմ, եթե ամեն ինչ հաջող ընթանա, կնկարահանվեմ: Երբեմն հավաքույթների ժամանակ որպես դիջեյ նվագում եմ, բայց այս մասնագիտությունը գումար աշխատելու համար չեմ սովորել, ուղղակի իմ ապրելակերպն է, սիրում եմ ակումբային երաժշտություն”:

Դերասանուհին նախորդ տարի նկարահանվել էր իրանական արտադրության “The Lonesome, Lonely, Alone” ֆիլմում, որը Հայաստանում դեռ չի ցուցադրվել, Աննան էլ չի դիտել.“Այն ներկայացվել է Կաննի կինոփառատոնի ընթացքում, որտեղ իմ նկարով պաստառն էր տեսել ընկերներիցս մեկը եւ գրել ինձ… Շատ հաճելի էր իմանալ այդ մասին: Ափսոսում եմ, որ “Ոսկե ծիրան”-ին չցուցադրվեց, անհամբեր սպասում եմ` երբ են սկավառակով ինձ ուղարկելու. բացատրեցին, որ մինչեւ վարձույթի չհանվի, չեն կարող”:

Աննա Պանին


Տեղեկացնենք, որ Աննա Պանիի խաղը շուտով գնահատելու հնարավորություն կունենան Լոս Անջելեսում բնակվող հայերը, քանի որ նրա մասնակցությամբ “Սպիտակ գայլերի որսը” կցուցադրվի այնտեղի կինոթատրոններում: Նշենք, որ ռեժիսոր Արմեն Միրզոյանի այս ֆիլմի պրեմիերան Երեւանում կայացել է երեք տարի առաջ, մի քանի սերիայով ցուցադրվել է նաեւ հեռուստատեսությամբ.“Հիմա մոնտաժում ենք ֆիլմի նոր թրեյլերը, որը կներկայացվի ամերիկահայերին”:

BRAVO.am
Լուսանկարները` Արմեն Աղայանի եւ Աննա Պանիի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին