×


Աննա Պանին եղել է “եզրագծից այն կողմ”

Աննա Պանին ոգեւորված ու հիացած օրեր առաջ վերադարձել է Պարսից ծոցի ափից, որտեղ մասնակցել է իրանական արտադրության “Ռենջերու” ֆիլմի նկարահանումներին: BRAVO.am-ը տեղեկացրել էր, որ դերասանուհին պատրաստվում է մեկնել Իրան, այժմ էլ ներկայացնում ենք ֆիլմի մանրամասները, Աննա Պանիի կերտած կերպարը եւ լուսանկարներ նկարահանման ընթացքից:  

Աննա Պանին օրերս է վերադարձել Պարսից ծոցի ափից


Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Իրանի Բուշեր քաղաքում` Պարսից ծոցի ափին` տեւելով երկու ամիս: Աննան նկարահանման հրապարակում է եղել մոտ 25 օր: Հայ դերասանուհին ֆիլմում խոսում է ռուսերեն, պարսկերեն եւ անգլերեն. “Պարսկերեն խոսել եմ` սովորելով նախապես ինձ ուղարկված սցենարը, տեղում էլ ինձ օգնում էին ճիշտ արտաբերել բառերը, իսկ նկարահանման ընթացքում նրանց հետ շփվել եմ անգլերենով”:

Աննան` ուկրաինացի Օլգայի դերում

Աննան նշել է` մարմնավորում է  ուկրաինացի կնոջ, կերպարը հոգեբանական եւ հուզական խոր շերտեր ունի, ինչը նորություն էր իր համար. “Ըստ սցենարի` իմ կերպարը Կիեւից տեղափոխվել է բնակվելու Բուշեր քաղաքում, որտեղ գտնվում է ատոմային էլեկտրակայանը, եւ այնտեղ աշխատում են բազմաթիվ ռուս եւ ուկրաինացի ինժեներներ: Իմ մարմնավորած Օլգան կամավոր գալիս է աշխատելու Բուշերում, որտեղ ծանոթանում է երկու փոքրիկ տղայի` ֆիլմի գլխավոր հերոսների հետ` դառնալով նրանց կապող օղակը”:

“Ռենջերու” ֆիլմի գլխավոր հերոսները


Գլխավոր հերոսի անվամբ  “Ռենջերու” կոչվող ֆիլմի ստեղծագործական կազմում իրանցիներ են, ռեժիսորը Էհսան Աբդիփուրն է, գլխավոր օպերատորը` Սաեդ Նիկզաթը, պրոդյուսերը` Էդրիս Աբդիփուրը. “Ֆիլմի գաղափարն ու ենթատեքստը մարդկային պարզ հարաբերություններն են, որոնք ավելի կարեւոր են քաղաքականությունից, կրոնից ու ազգային պատկանելությունից: Երկու երեխայի ընկերությանը չի խանգարում այն փաստը, որ մեկը ռուս քրիստոնյա է, մյուսը` իրանցի մահմեդական, բայց հանգամանքները ստիպում են, որ նրանք բաժանվեն”:

Երեք հայ` իրանական ֆիլմում

Ի դեպ, այս ֆիլմի նկարահանումներին բացի Աննա Պանիից մասնակցել է եւս երկու հայ` ռուս տղային մարմնավորող Արման Հովհաննիսյանը, որի հոր դերում էլ հանդես է գալիս կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը. “Ի դեպ, ֆիլմի հեղինակներն ինձ վերջին օրն են գտել, հաստատել են մասնակցությունս ու մեկնել: Այնտեղ ամեն ինչ այնքան հետաքրքիր էր անցնում, որ փորձում էի պրպտել, նոր բան սովորել ու հասկանալ, թե ինչպես են ժրաջան մեղուների նման թիմային աշխատում”:

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը եւս նկարահանվել է իրանական ֆիլմում


Նա շատ է զարմացել, երբ նկարահանող խումբը ցնծությամբ նշել է 100-րդ ժապավենի օգտագործումը. “Նրանց համար իսկական տոն էր. տեսաերիզը զարդարել էին ծաղիկներով, երգում էին ազգային երգեր, պարում: Այդպիսի բան Հայաստանում չեմ տեսել, բացի առաջին կադրի դեպքում, երբ ափսե ենք կոտրում ու շամպայն խմում”:

“Առանց գլխաշորի նկարահանվելու օրերն ինձ համար ուրախություն էին:)”. Աննա Պանի

Շիկահեր դերասանուհու համար միակ դժվարությունը մահմեդական երկրում գլխաշոր կրելն է եղել. “Ֆիլմի ընթացքում ավելի շատ էին սահմանափակումները, այսինքն` ոչ մի մազ չպետք է երեւար, վիզն ամբողջությամբ պիտի փակ լիներ: Ինձ համար շատ դժվար էր, բայց քանի որ գիտեմ` փոքր թերությունն էլ մոնտաժելու են, շատ զգույշ եմ եղել տեսախցիկի առջեւ աշխատելիս: Մյուս կողմից էլ անասելի շոգն էր խանգարում, դրսի տեսարաններում նկարվելիս 10-ամյա Արմանի հետ չգիտեինք` ինչպես պայքարել տապի դեմ”:

Աննա Պանին չի ընդունում մահմեդական կանանց առջեւ դրված սահմանափակումները


Աննա Պանին հարմարվել է եղանակային պայմաններին, նոր աշխատելաոճին` շեշտելով, որ չի ընդունում մահմեդական կանանց առջեւ դրված սահմանափակումները. “Մարդ պետք է իր ներքին ազատությունը ռեալիզացնի կյանքում, չէի կարողանա ապրել այդպիսի սահմանափակումներով: Ֆիլմի վերջին հատվածում, ըստ դեպքերի, իմ հերոսուհին հայտնվում է Իտալիայում եւ ազատվում գլխաշորից: Իհարկե, այդ տեսարանը նկարել ենք ոչ թե Իտալիայում, այլ իտալական նավի վրա: Առանց գլխաշորի նկարահանվելու օրերն ինձ համար ուրախություն էին”:

Ֆիլմի պրեմիերան նախատեսվում է 2013 թվականին: Աննա Պանիի տեղեկություններով` այն կցուցադրվի նաեւ Երեւանում` “Ոսկե Ծիրան” կինոփառատոնի շրջանակում:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Navab Mousai-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին