×


Արփինե Գաբրիելյան.“Կյանքի նոր էջ բացելու եւ ամեն ինչ զրոյից սկսելու համարձակություն դեռ չունեմ”

Արփինե Գաբրիելյանն այնքան հաճախ է Հայաստան-Միացյալ Նահանգներ-Հայաստան ուղեւորությունն իրականացնում, որ մտերիմներն ասում են` “ջրի ճամփա” է դարձրել: Հաղորդավարուհին այժմ Երեւանում է եւ BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է իր վերջին ուղեւորության, արտերկիր մշտական բնակության չմեկնելու պատճառի եւ աշխատանքային ամենաթարմ նորությունների մասին:

Արփինե Գաբրիելյանը


Մոտ երեք ամիս Միացյալ Նահանգներում էի`  մասնակցելու “World Armenian Entertainment Awards” -ի նախապատրաստական աշխատանքներին, նաեւ մրցանակաբաշխության հաղորդավարներից մեկն էի եւ պատասխանատվությամբ էի մոտենում ամեն մանրուքին:

ԱՄՆ-ում իրականացվող բոլոր նախագծերին մասնակցում եմ “Global Arts” ընկերության հրավերով: Սեպտեմբերին Լոս-Անջելեսում կկայանա Թաթա Սիմոնյանի մենահամերգը, իսկ դեկտեմբերին նախատեսված են հավաքական համերգներ, որոնք, նախնական պայմանավորվածությամբ, վարելու ենք ես ու Ռաֆոն:

Գլենդեյլում այնքան շատ են վերջին տարիներին Երեւանից տեղափոխված հայերը, որ միայն փողոցում ես հասկանում` որտեղ ես, բայց երբեմն շփոթվում ես, որովհետեւ գովազդային պաստառների մեծ մասն էլ արդեն հայատառ են: Գործընկերներիցս շատերին եմ տեսնում, նույնիսկ այն մարդիկ, որոնց հետ Երեւանում չեմ շփվել, այնտեղ շատ հարազատ են թվում:):

Արփինե Գաբրիելյանն` ընկերուհիների հետ


Հաջորդ ուղեւորությունս ծրագրված է օգոստոսի վերջին. ամերիկաբնակ հայերի համար սեպտեմբերին կցուցադրվի Երեւանի կամերային թատրոնի “Սկոտչ եւ վիսկի” ներկայացումը: Դերասաններ Լուիզա Ներսիսյանի, Ռաֆայել Երանոսյանի, Անդրանիկ Հարությունյանի հետ կներկայանամ նաեւ ես` փոխարինելով Հասմիկ Դանիելյանին, բայց նա կշարունակի խաղալ Երեւանում: Այս առաջարկը հաճույքով եմ ընդունել, քանի որ Թատերական ինստիտուտում սովորելուց հետո թատրոնի բեմ չէի բարձրացել: Կատակերգությունը կխաղանք ոչ միայն Լոս Անջելեսում, այլեւ հայաշատ մյուս վայրերում, գուցե նաեւ Կանադայում:

Վերջերս  հրավեր եմ ստացել մասնակցել Կարգին Հայկոյի պրոդյուսերությամբ նկարահանվող կատակերգական նոր ֆիլմում:  Աշխատանքով հագեցած ամառ է լինելու, չեմ հասցնի հանգստանալ:

Հայաստանում իմ բնագավառում մրցակցությունն իսկապես մեծ է:
  Օվկիանոսից այն կողմ գտնվելու ընթացքում գործընկերոջս` Մհեր Բաղդասարյանի հետ նկարահանում ենք “Pop հանրագիտարան”-ի նոր թողարկումները, բայց ինչպես յուրաքանչյուր ամառ, հիմա էլ հաղորդման կրկնությունն է ցուցադրվում, սեպտեմբերին պարզ կդառնա ծրագրի հետագա ճակատագիրը:

Արփինե Գաբրիելյանը


ԱՄՆ-ում բնակություն հաստատելու հնարավորություն ունեմ. հիմա էլ կարող եմ այնտեղ ապրել ու աշխատել, բայց որոշել եմ ընդմիշտ չմեկնել, այստեղ էլ անելիքներ ունեմ: Երբ հարազատներդ կողքիդ չեն, շատ դժվար է, իմաստ չեմ տեսնում միայնակ ապրել: Ամերիկայի հետ կապող օղակն ինձ համար միայն աշխատանքն է: Անկեղծ ասած, կյանքի նոր էջ բացելու եւ ամեն ինչ զրոյից սկսելու համարձակություն դեռ չունեմ… Դժվար է նոր երկրում ու այլազգիների միջավայրում  հաստատվել: Եթե հեռանամ Հայաստանից, պետք է փորձեմ նոր հորիզոններ նվաճել, ավելիին հասնել, միայն այդ առումով արդարացված կլինի իմ մեկնելը:

Ամերիկայում մարդիկ ռոբոտացված կյանքով են ապրում. ծրագրում են, թե երեք ամիս հետո հանգստյան օրերին որ ժամին են հանգստանալու: Միմյանց նկատմամբ շատ սառն են, ինչը տեսնելով` ցավ էի ապրում: Այնտեղի հայերը եւս այդպիսին են դառնում, թեեւ նկատում էի, որ փորձում են տաքարյուն ու ջերմ բնավորության գծերը պահել: Հասկացա, որ պետք է ավելի ընկերասեր եւ սրտացավ լինեմ մտերիմներիս հանդեպ, բացի այդ, ուշանալու վատ հատկանիշս փոխարինվել է ճշտապահությամբ:):

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /BRAVO.am/
Լուսանկարները տրամադրել է Արփինե Գաբրիելյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW