×


Գյումրիի Շիշյանի անվան երաժշտական դպրոցի սաները համերգներով հանդես կգան ՀՀ քաղաքներում

Գյումրիի Շիշյանի անվան երաժշտական դպրոցի սաներն օրերս Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի եւ անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման համերգային ծրագրով հյուրընկալվել էին Չարենցավանի Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցում:

Գյումրիի Շիշյանի անվան երաժշտական դպրոցի սաների ելույթը Չարենցավանում


Գյումրեցի երեխաները Եղեռնի 100-ամյակին հատուկ ծրագիր են պատրաստել, որում ընդգրկել են Խաչատուր Ավետիսյանի` Ցեղասպանությանը նվիրված Օրատորիայի առաջին մասը, որն առաջին անգամ կատարել են Գյումրիում ապրիլի 24-ին տեղի ունեցած համաքաղաքային միջոցառմանը:

Չարենցավանի համերգը, որ Օրատորիայի կատարմամբ առաջին շրջագայությունն է, ընդգրկում էր նաեւ դասական կոմպոզիտորների` Խաչատրյան, Շոստակովիչ, Բաբաջանյան, Ամիրխանյան, ստեղծագործություններ, ջազ կատարումներ եւ գուսանական համարներ:

«Այսօրվա ծրագիրն ավելի ընդգրկուն է. որոշեցինք բազմաժանր ստեղծագործություններ ընդգրկել ու ավելի լուսավոր համերգ պատրաստել` ցույց տալու համար, որ մենք հարատեւում ենք, որ մեր ազգը վերածնվել է»,- համերգի ընթացքում ասաց Գյումրիի Շիշյանի անվան երաժշտական դպրոցի ուսմասվար Սիրանուշ Մելիքյանը:

Գյումրիի Շիշյանի անվան երաժշտական դպրոցի սաների ելույթը Չարենցավանում


Համերգին մասնակցում էին դպրոցի ավելի քան 90 սան, որոնցից 60-ը միայն Օրատորիայի կատարմանը: «Մեծ տպավորություն ունեմ Չարենցավան քաղաքից, քանի որ ունի հրաշալի բնություն ու լավ ժողովուրդ, ինչի մասին կարող եմ դատել անգամ համերգին իրենց արձագանքից»,-Ռոբերտ Ամիրխանյանի «Դու իմ երգն ես» ստեղծագործության կատարումից հետո ասաց 14-ամյա Կատարինա Մուրադյանը:

Այս համերգային ծրագրով Շիշյանի երաժշտական դպրոցը հանդես է գալու նաեւ Հայաստանի այլ քաղաքներում:

Գյումրիի Շիշյանի անվան երաժշտական դպրոցի սաների ելույթը Չարենցավանում


Հիշեցնենք, 2013 թվականի սեպտեմբերից գյումրեցի երեխաները երաժշտական կրթություն են ստանում ոչ թե տնակային պայմաններում, այլ նոր դպրոցում, որը կառուցվել է Մեդիամաքս-ի, Հայ Օգնության Ֆոնդի (ՀՕՖ) եւ ավստրալական ոչ կառավարական Do Something կազմակերպության համատեղ նախագծի շրջանակում: Դպրոցի բացման միջոցառման մասնակցել է “Deep Purple” խմբի վոկալիստ Իէն Գիլանը: Մանրամասներն այստեղ:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW