×


Գրիգոր Դանիելյան.«Շատ ենք ուզում աղջիկ ունենալ»

Գրիգոր Դանիելյանը դարձել է 32 տարեկան: Դերասան-հումորիստը BRAVO.am-ին ասել է, որ տարեդարձի առթիվ մեծ խնջույք չի կազմակերպել. «Երեկ արձակուրդից հետո առաջին աշխատանքային օրս էր: Ես այն մարդկանցից չեմ, որ չեն սիրում իրենց ծննդյան օրը, բայց ոչ էլ գժվում եմ իմ տարեդարձի համար: Առանձնահատուկ արարողություն անել ու ուշադրության կենտրոնում գտնվել չեմ սիրում»:

Գրիգոր Դանիելյանը դարձել է 32 տարեկան


Դերասան-հումորիստից տեղեկացանք, որ իրեն հետաքրքիր անակնկալ են մատուցել կինը՝ երգչուհի Հռիփսիմե Ելինյանը, եւ նրա ծնողները.«Գիշերը ընկերներիցս մեկի տնից վերադարձանք, ու անակնկալ կերպով մեզ հյուր եկան աներս, զոքանչս, բաջանաղս եւ քենիս: Տորթ, շամպայն… շնորհավորեցին, մի քիչ նստեցինք, ու գնացին»:

Նա պատմել է նաեւ, թե ինչ նվեր է ստացել իր «Trio» ստուդիայի աշակերտներից. «Նրանք ինձ շնորհեցին երեք հետաքրքիր մեդալ. առաջինը՝ որպես հումորիստ, երկրորդը՝ որպես մարդ, երրորդը՝ ուսուցիչ: Երկար պատմություն էին գրել իմ մասին, բացի այդ, աքրոստիկոս էին կազմել: Բազում շնորհավորանքներ եմ ստացել, որոնց համար շնորհակալ եմ: Շատ հաճելի էր, որ նաեւ հին ընկերներս զանգահարեցին»:

Գրիգորի խոսքով՝ տորթի մոմերը փչելիս երազանքներ չի մտապահել.«Առհասարակ, երազանքներ չեմ պահում. իմ առջեւ նպատակներ եմ դնում եւ իրականացնում: Կարծում եմ` այդպես ճիշտ է, քանի որ երազանքները նպատակներ են, որոնք պետք է ճիշտ նժարի վրա դնել եւ հասկանալ՝ արդյոք կարող ես այդ ծանրության տակից դուրս գալ եւ իրականացնել»:

Հռիփսիմե Ելինյանը եւ Գրիգոր Դանիելյանը


2016-ի համար Գրիգորն իր առջեւ բավական նպատակներ է դրել, որոնք կփորձի կյանքի կոչել.«Շատ սպասումներ ունեմ: Պլաններս ե՛ւ գործնական են, ե՛ւ անձնական: Նախորդ տարին հագեցած էր համերգային շրջագայություններով. «Ֆուլ Հաուս»-ը կշարունակի ներկայանալ աշխարհի տարբեր երկրներում: Բացի այդ, այսօր նախապատրաստվում ենք սիթքոմի 4-րդ եթերաշրջանին»:

Խոսելով անձնական ծրագրերից` նա ընդգծել է, որ նպատակ ունեն երկրորդ անգամ ծնողներ դառնալ.«Մտածում ենք երեխա ունենալու ուղղությամբ: Մեր ընտանիքն ուզում ենք համալրել իգական սեռի ներկայացուցչով:): Շատ ենք ուզում աղջիկ ունենալ, թեեւ կապ չունի սեռը: Ինչպես Աստված կամենա, մենք համաձայն կլինենք»:

BRAVO.am-ը շնորհավորում է Գրիգորին եւ մաղթում նպատակների իրականցում:

BRAVO.am
Լուսանկարները` Գրիգոր Դանիելյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին