×


Եվգենի Կիսինի երաժշտական աղոթքը…

Արամ Խաչատրյան” համերգասրահի 1200 տեղանոց դահլիճում առնվազն 1500 հանդիսատես էր հավաքվել: Ամենավերեւում բազմաթիվ մարդիկ ամբողջ համերգի ընթացքում այդպես էլ կանգնած մնացին: Իմ տոմսի վրա գրված էր “Բեմ, 5-րդ կարգ”, բայց իրականում ես լավագույն դեպքում 7-րդ շարքում էի. հյուրերն այնքան շատ էին, որ կազմակերպիչները ստիպված էին հընթացս բեմի վրա նոր աթոռներ ավելացնել, եւ ինձ արդեն թվում էր, թե ամենավերջում եկած հյուրերը նստելու են անմիջապես երաժշտի կողքին եւ ցանկության դեպքում կարող են նույնիսկ նրա հետ երբեմն “4 ձեռքով” նվագել:

Թվում էր` իր երկար, բարակ մատներով երաժիշտն աղոթում է


Չնայած մարդիկ շատ էին, իսկ ցանկացողները՝ ավելի շատ, առանձնակի հրմշտոց, վեճեր չկային, ի վերջո, բոլորը մի կերպ տեղավորվեցին, եւ կազմակերպիչների համառոտ խոսքից հետո բեմ դուրս եկավ ԻՆՔԸ՝ մեծն Եվգենի Կիսինը: Հայդն, Բեթհովեն, Շուբերտ, Լիստ՝ անուններ, որ ներկայացնելու կարիք չկա, ինչպես եւ նրանց ստեղծագործությունները: Կիսինը չէր նվագում, նա խոսում էր դաշնամուրի հետ: Զրույցը մերթ ընդ մերթ վերածվում էր վեճի, ապա հանգստանում եւ դառնում մտերմիկ շշնջոց. ակնհայտ էր, որ Կիսինը եւ դաշնամուրը սիրում են իրար… Երբեմն թվում էր, թե իր երկար, բարակ մատներով երաժիշտն աղոթում է…

Անվանի դաշնակահար Եվգենի Կիսինը համերգ է տվել Երեւանում


Ի՞նչ կարելի է պատմել Եվգենի Կիսինի համերգի մասին: Երեւի թե ոչինչ. միշտ համարել եւ համարում եմ, որ երաժշտության մասին պատմել, առավել եւս դասական, չի կարելի, այն պետք է լսել: Ասեմ միայն, որ շոյված էի, որ Երեւանում դասական երաժշտության այսքան երկրպագու կա: Դա հույսեր է ներշնչում, որ մեզ մոտ ամեն ինչ դեռեւս կարող է շատ լավ լինել:

Ակնհայտ էր, որ Կիսինը եւ դաշնամուրը սիրում են իրար


BRAVO.am-ը այս համերգի եւ ամբողջ “Երեւանյան հեռանկարներ” փառատոնի ինֆորմացիոն հովանավորն է, եւ մենք դա անկեղծորեն մեզ համար պատիվ ենք համարում:

Տեքստը՝ Դավիթ Ալավերդյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին