×


Երեւանում BUSymphony-ն անակնկալի է բերել ավտոբուսի ուղեւորներին

Այսօր առավոտյան Երեւանի քաղաքային ավտոբուսում կենդանի կատարմամբ հնչել է դասական երաժշտություն։ Ուղեւորներին անակնկալը մատուցել է «Աշոտ Տիգրանյան մշակութային-երաժշտական» հիմնադրամը: Պարզվում է՝ «BUSymphony» անունը կրող իրադարձությունը շարունակական բնույթ է կրելու. քաղաքացիները հնարավորություն կունենան այս երեկո եւ առաջիկա երկու օրերին նույնպես ունկնդրել դասական երաժշտության հետաքրքիր կատարումներ։


««BUSymphony»-ն մեր հիմնադրամի առաջին հանրային իրադարձությունն է: Այն ունի մեծ նախապատմություն եւ ունենալու է ավելի հետաքրքիր շարունակություն։ Բանն այն է, որ հիմնադրամի կողմից ստեղծվում է յուրօրինակ մի նվագախումբ (“United American and Armenian Chamber Orchestra”), որը կազմված է ինչպես հայ տաղանդավոր, երիտասարդ երաժիշտներից, այնպես էլ օտարերկրացիներից, ովքեր համատեղ պետք է հանդես գան մեկ անվան ներքո։ Մենք համարձակություն ունեցանք հենց այս ձեւաչափով ներկայանալու հանրությանը՝ այս կերպ փորձելով քաղաքացուն, ով շտապում է աշխատանքի կամ դասի, մոտեցնել դասականին։ Ուրախ եմ, որ մեր նվագախմբի նոր երաժիշտները կիսեցին մեր գաղափարը»,-նշել է հիմնադրամի տնօրեն Անուշ Քոչարյանը։


Հիմնադրամի ստեղծագործական աշխատանքների ղեկավար Վահագն Գրիգորյանը համոզված է, որ անակնկալի գործոնն ամենից տպավորիչն է եւ կարծում է՝ նմանատիպ իրադարձություններն ազդում են մի քանի ուղղություններով․ «Բավական է լսել այն երաժշտությունը, որը հնչում է հանրային տրանսպորտում: Չարաչար սխալվում են նրանք, ովքեր կարծում են, թե դասական երաժշտությունը չի կարող հրաշալի տրամադրություն ստեղծել ուսանողի կամ այլ ուղեւորի համար։ Մեր հիմնադրամն այսպիսի ձեռագրով շարունակելու է ներկայանալ հանրության շրջանակներին»։


«Աշոտ Տիգրանյան մշակութային-երաժշտական» հիմնադրամը ստեղծվել է 2016-ին, նպատակն է Հայաստանում ստեղծել այլընտրանքային մշակութային հարթակ, որը հնարավորություն կտա երիտասարդ արվեստագետներին, մշակութային գործիչներին հավաքվել մեկ ընդհանրական գաղափարի շուրջ։ Հիմնադիրը ջութակահար Աշոտ Տիգրանյանն է, ով երեսուն տարի անց ժամանել է Հայաստան եւ ձեռնամուխ եղել հիմնադրամը ստեղծելու գաղափարին․ մինչ այդ նա ղեկավարել է ամերիկյան “Classical Concert Chamber Orchestra”-ն, որը շրջագայություններով հանդես է եկել Իսպանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Սկանդինավյան երկրներում եւ այլուր։ Հիմադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներն են կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանը եւ ջութակահար Վարդան Տիգրանյանը։

Փորձեք գտնել եւ օգտվել հենց այն ավտոբուսներից, որտեղ երեք օր շարունակ հայ երիտասարդ երաժիշտները կհնչեցնեն դասական հրաշալի երաժշտություն:):

BRAVO.am
Լուսանկարները՝  «Աշոտ Տիգրանյան մշակութային-երաժշտական» հիմնադրամ
ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին