×


Զառա Մխեյանը` Իրինա Ալեգրովայի երեւանյան մենահամերգի եւ սպասվելիք անակնկալի մասին

Մարտի 6-ին Մարզահամերգային համալիրում կկայանա Իրինա Ալեգրովայի համերգը, որի կազմակերպիչը “Forpostart փրոդաքշն”-ն է: BRAVO.am-ը զրուցել է ընկերության հիմնադիր եւ պրոդյուսեր Զառա Մխեյանի հետ, որը մի շարք մանրամասներ է պատմել երգչուհու սպասվելիք մենահամերգից, նաեւ մայիսին կայանալիք շոուին վերաբերող փակագծեր է բացել:

Զառա Մխեյանը


Իրինա Ալեգրովան Երեւանում մենահամերգ ունեցել է 2012 թվականին` հրաժեշտի համերգային շրջագայության ընթացքում, որը եւս մեր ընկերությունն էր կազմակերպել: Նա որոշել էր բեմին հրաժեշտ տալ, սակայն երկրպագուների ցանկությամբ նրա պրոդյուսերները կրկին համերգային շրջագայություն են նախաձեռնել, այս անգամ “На бис” խորագրով: Ալեգրովայի երգացանկը շատ մեծ է. այս համերգին կկատարի ինչպես իր հայտնի երգերը, այնպես էլ նոր մի քանի երգ: Հանդիսատեսին սպասվում է նոր շոու-ծրագիր: Երգչուհին Երեւան կժամանի իր բավական մեծ թիմի հետ` շուրջ 23 հոգով: Ցավոք, նրա գրաֆիկը խիտ է, չի հասցնի ժամանակ հատկացնել տարբեր վայրեր այցելելուն, քանի որ հաջորդ համերգը մարտի 8-ին է` Սանկտ-Պետերբուրգում: Նա շատ պատասխանատու է, համերգից առաջ մի քանի ժամ փորձ է անում, կարեւորում է տեխնիկական մասի ապահովումը` բարձրակարգ լուսային էֆեկտներն ու ձայնի որակը, որ անկախ նստատեղից յուրաքանչյուր հանդիսատեսի համար հավասար տեսանելիություն եւ հնչողություն լինի: 

Ի տարբերություն նախորդ համերգի, այս անգամ տոմսերի միջին գինն ավելի մատչելի է.
եթե 2012-ին ընդամենը 500 տոմս կար 10.000 դրամ արժողությամբ, ապա հիմա 1500 տոմս է: Մենք նախապես ուսումնասիրել ենք շուկան, հաշվի առել սոցիալական պայմանները, կան նաեւ 6000 դրամ արժողությամբ մեծաքանակ տոմսեր: Մարզահամերգային համալիրում կա 7800 նստատեղ, որից ընդամենը երկու շարքի տոմսերն արժեն 100.000 դրամ, որոնք արդեն սպառվել են: Մեր սպասելիքներն արդարացել են, տոմսերի մոտ 50 տոկոսն արդեն վաճառվել է, կարծում եմ` 80 տոկոսը հաստատ կվաճառվի:

Համերգին ներկա լինել պատրաստվող մարդկանց խնդրում եմ չուշանալ: Ավելի լավ է մի քանի րոպե շուտ գալ, քան ուշանալ, պետք է սովորենք հարգել միմյանց ու արտիստին: Ցավոք, մեր ժողովուրդը համերգներից ուշանալու սովորություն ունի, բազմիցս այս մասին ասում եմ, քանի որ չենք կարող համերգը սկսել, երբ մարդիկ դեռ Կիեւյան կամրջի վրա են, մինչդեռ արտիստը պատրաստ է իր ելույթին: Նաեւ ուզում եմ հայտնել, որ առանց տոմսի այլ տարբերակներով դահլիճ մտնել հնարավոր չի լինելու: Եթե առաջ անվտանգությունը վերահսկում էր 300 աշխատակից, այս անգամ 520 հոգի խիստ կհսկի ողջ տարածքը: 

Իրինա Ալեգրովան ելույթ կունենա Երեւանում


Մեր կազմակերպած հաջորդ համերգը կկայանա մայիսի 2-ին` Սոսո Պավլիաշվիլիի, Անչոկի եւ Նարի Հարությունյանի մասնակցությամբ: Այդ համերգը տեղի կունենա մարզահամերգային համալիրի փոքր` համերգային դահլիճում, ամբողջությամբ կլինի կենդանի հնչողությամբ, նաեւ կմասնակցի “Բերդ” պարային համույթը:

Ի դեպ, հայ հանդիսատեսին մայիսին անակնկալ է սպասվում: Առաջին անգամ հայտնում եմ մեր հաջորդ նախագծի մասին: Մարզահամերգային համալիրում սառույցի վրա տեղի կունենա Ռուսաստանի առաջին ալիքով հեռարձակվող “Սառցե դարաշրջան” հեռուստաշոուի համերգը: Հիմա շոուն շրջագայում է տարբեր երկրներով: Երեւան են ժամանելու ռուս աստղերը, որոնք սառույցի վրա պարում են գեղասահքի օլիմպիական չեմպիոնների հետ: Ռուս պրոդյուսերների հետ արդեն ձեռք ենք բերել պայմանավորվածություն, այժմ կազմակերպչական աշխատանքները շարունակում ենք Հայաստանում:

2013-ին մեր կազմակերպությունը Երեւանում հայ երգիչների մասնակցությամբ կազմակերպել էր երաժշտության շաբաթ, որի հեղինակն Էմիլ Կարատն էր: Ես այլեւս չցանկացա այդ նախագծի պրոդյուսինգով զբաղվել, որովհետեւ հայ շատ երգիչներ պրոֆեսիոնալ չեն, իսկ այդ ժամանակը ես կարող եմ օգտագործել ավելի արհեստավարժ մենեջմենթ ունեցող հայ երգիչների համերգները Ռուսաստանում կազմակերպելու վրա: Ինձ համար ավելի հեշտ է տասը ռուս աստղի հետ գործ ունենալ, քան անիմաստ ու անհասկանալի ամբիցիաներ ունեցող հայ երգիչների ու նրանց պրոդյուսերների: Ցավոք, հայաստանյան շոու-բիզնեսում առողջ մթնոլորտ ու առողջ մրցակցություն չկա:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Զառա Մխեյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին