×


Էվայի եւ Լեւոնի հարսանիքի հետաքրքիր դրվագները

Երաժիշտներ Էվա Ոսկանյանն ու Լեւոն Հախվերդյանը հոկտեմբերի 1-ից ամուսիններ են։ Ռոք երգչուհու եւ ծրագրավորողի սիրո պատմությունն ու  պսակադրության ֆոտոշարքը BRAVO.am-ն ներկայացրել է: Այսօր արդեն Էվան պատմել է հարսանիքի հետաքրքիր դրվագները:

Լեւոն Հախվերդյանը եւ Էվա Ոսկանյանը


Հարսն ու փեսան Սուրբ Զորավոր եկեղեցի հասել են Երեւանի փողոցներով զբոսնելով. «Առավոտյան ես, ընկերուհիս ու հարսնաքույրս մեքենայով գնացինք իմ ու Լեւոնի հանդիպման վայրը՝ «Միրզոյան» գրադարան՝ իրականացնելու հարսանեկան ֆոտոշարքը, այնուհետեւ գնացինք Դրամատիկական թատրոն, ապա փողոցի մեջտեղով քայլելով հասանք եկեղեցի։ Ամենազավեշտալին այն էր, որ Իսահակյան փողոցում շատ պատահական ավտոմեքենաներից մեկից դուրս եկավ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ու մեզ շնորհավորեց։ Շատ սյուռ իրավիճակ էր:)։ Հարսի շորով փողոցներում քայլելու ցանկությունն իմն էր: Պիտի խոստովանեմ, որ վաղուց, երբ դեռ պատկերացում չունեի՝ ում հետ կամուսնանամ, ուզում էի հարսանիքիս օրը նման խենթություն անել»։

Հարսանիքից օրեր առաջ BRAVO.am-ի լուսանկարիչը զույգին լուսանկարել է տարազներով: Ֆոտոշարքը տեղ է գտել հարսանեկան հումորային հոլովակում. «Տարոսիկները բաժանելուց առաջ հյուրերը դիտել են մեր անցյալը, ներկան ու ապագան։ 130 տարի առաջվա կերպարը վերականգնելու համար որոշեցինք ազգային հագուստ կրել, որը տրամադրեց Անդրանիկ սարկավագը։ Այժմյան լուսանկարները մեր առօրյա սելֆիներն են, ապա հայտնվեցինք տատիկ-պապիկի կերպարներում՝ ապագայից ուղերձ հղելով»։

Արմեն Ամիրյանը շնորհավորել է նորապսակներին


Խնջույքը եւս տարբերվել է. «Առաջին րոպեից ուրախ մթնոլորտ էր: Նախապես պարեր չէինք բեմադրել: Մեր առաջին պարը «Океан Ельзи» խմբի երգի ներքո էր։ Խորովածի մուտքը Մայքլ Ջեքսոնի երգի ընթացքում էր։ Առանց ռաբիս երաժշտության ուրախ հարսանիք ստացվեց, թեեւ հումորի համար մեկ-երկու երգ հնչեց, որոնք կեսից փոխարինվեցին հաճելի երաժշտությամբ»։

Օրեր անց զույգը կմեկնի ճամփորդության: Թե ինչ է փոխվել ամուսնությունից հետո, Էվան պատասխանել է.«Հարսանիքից հետո իմ մահճակալն է փոխվել եւ մատիս մատանին:)։ Անկեղծ ասած՝ նախկինում ընտանիք կազմելու հետ կապված վախ ունեի, բայց Լեւոնի հայտնվելուց ի վեր այլ կերպ սկսեցի մտածել: Շատ եմ հավատում, որ մենք իրար համար ենք»։

BRAVO.am   
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/ եւ զույգի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW