×


Ինչու են տղամարդիկ ամուսնանում

Մի բարի անեկդոտ հիշեցի: Փոքրիկ տղան հարցնում է հորը.«Պապ, ինչո՞ւ ես մամայի հետ ամուսնացել»: Ամուսինը կնոջն ասում է. «Տեսնում ես, նույնիսկ երեխան չի հասկանում»: Ինչպես ասում են, ամեն հումորում լրջի մասնիկ կա: Կասկածներ ունեմ, որ ոչ մի տղամարդ իրապես չի հասկանում` ինչու է  ամուսնանում` ի տարբերություն իմաստուն ու գործնական կանանց:):

Տղամարդը հոգու ամենախորքերում չի ընկալում՝ ինչու նա պետք է լսի զագսատան լայնածավալ, «սովետական» կնիքը դեմքին տիկնոջ ամուսնական օրհնանքը, ինչու պետք է ժամեր շարունակ ոտքի վրա կանգնի եկեղեցում, լսի անվերջանալի աղոթքներն ու համբուրի խաչերը, ինչի համար են նախաամուսնական իրարանցումն ու ծախսերը: Ինչի՞ համար, միայն իր ընտրած կնոջ հետ ապրելո՞ւ, նրա հետ սեռական օրինական կյանք վարելո՞ւ: Փաստորեն, ըստ էության, թերեւս... այո: 

Ես բաժանում եմ ամուսնացող տղամարդկանց մի քանի խմբի:

1. Տղամարդիկ, ովքեր ամուսնանում են, որովհետեւ ԺԱՄԱՆԱԿՆ Է ԵԿԵԼ: Կա մի մասնագիտություն, որի անունն է «հայրենասեր»: Կա նաեւ բնավորության տեսակ՝ «ամեն ինչ իր ժամանակն ունի»: Եվ ահա ապրում-ապրում է տղամարդը եւ մի օր մտածում՝ աշխատանք ունեմ, մեքենա ունեմ, տուն ունեմ… ինչ-որ բան չի հերիքում, մմմ… կին, զագս: Ամուսնանալ է պետք: Թե չէ բոլոր տղամարդիկ ամուսնացել են, ինքը մնացել է օդում կախված անորոշ վիճակում: Ինչպես թե, այդպես թե: Ամուսնանալ է  պետք:

2. Տղամարդիկ, որոնց համար ԿԱՐԵՎՈՐ է ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆԸ: Եթե ընկերուհին հղիացել է, ապա ճիշտ տղամարդը պետք է ամուսնանա. սա նման տղամարդկանց օրենքն է: Ու կարեւոր չէ՝ ինքն ուզում էր, պատրաստ էր, պլանավորել էր, թե ոչ: Իր խիղճն ամուսնանալ է թելադրում, եւ վե՛րջ: Հանուն արդարության պետք է խոստովանել, որ նման միությունները հաճախ շատ ամուր են լինում. տղամարդու ասպետությունն ամեն տեղ է երեւում: Բայց լինում է եւ հակառակը. տղամարդը ողջ կյանքում երեսով է տալիս, թե ինչպես ու ինչի համար է ինքն ամուսնացել: 

3. Տղամարդիկ, ովքեր ամուսնանում են հարազատներից ԳԼՈՒԽՆ ԱԶԱՏԵԼՈՒ համար: Ծնողները, տատիկ-պապիկները, հեռու եւ մոտ բարեկամները… բոլորը բառացիորեն զզվեցնում են մի հարցով. «Ե՞րբ ես  ամուսնանալու» (ի դեպ, կարեւոր չէ, թե ում հետ): Մեկ-մեկ նույնիսկ սեռահասուն, ուժեղ ու խելացի տղամարդու համար շատ ավելի հեշտ է ամուսնանալ, երեխա  ունենալ (մինուս 5-ին ձեռնոց դնել, անցնել առողջ սննդի, դադարել քիթ փորելը), քան ազատել գլուխը հուժկու ազգուտակից:

4. Տղամարդիկ, ովքեր գտնում են մի կնոջ, ում հետ ուզում են ԼԻՆԵԼ: Ապրել նրա հետ ամեն օր: Քնել ու զարթնել նրա կողքին: Ընկերություն անել ու կենցաղ վարել նրա հետ: Երեխաներ ունենալ հենց այդ կնոջից: Նրա հետ լինել նույնիսկ փաստաթղթերի վրա, էլ չեմ ասում` հարազատ-բարեկամների ու հասարակության առաջ: Այս խմբի տղամարդը  հասկանում է, որ իր այս բոլոր ուզածներին հասնելու համար պետք է ամուսնանալ, դա  ամենահասկանալի ու վստահելի ձեւն է ներկայում: 

Բոլոր խմբերի տղամարդկանց էլ կարելի է հասկանալ: Բայց ի սրտե մաղթում եմ աղջիկներին ուշադիր լինել ու ընտրել վերջին խմբի տղամարդու, ով ցանկանում է քեզ ու որպես արդյունք ամուսնանում:  

Աուրա Ֆ.
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին