×


Ինչպե՞ս է անցել Տաթեւիկ Հովհաննիսյանի երեւանյան ակումբային համերգը

BRAVO.am-ն օրերս հետաքրքիր զրույց ունեցավ Տաթեւիկ Հովհաննիսյանի հետ, հունիսի 28-ին էլ “Yans” ակումբում վայելեց նրա գեղեցիկ կատարումները :): Ամերիկաբնակ երգչուհու հայաստանյան այս շրջագայության առաջին համերգին ներկա են եղել նրա արվեստը գնահատող երաժիշտներ եւ երաժշտասերներ:

Տաթեւիկ Հովհաննիսյանի երեւանյան ակումբային համերգին


Ջազի հայ թագուհին բեմ է բարձրացել բուռն ծափերի ներքո` կատարելով ինչպես ամերիկյան եւ բրազիլական ջազ ստեղծագործություններ, այնպես էլ Կոմիտասի, Սայաթ-Նովայի եւ ժողովրդական երգերի իր ջազային մշակումները:

“Մի քանի օրվա ընթացքում տարբեր հանդիպումներ ու հարցազրույցներ եմ ունեցել, իսկապես ջերմության մեջ եմ գտնվում, բացարձակապես փոխվել է տրամադրությունս: Երեւանյան տաք օդը, հայերի գեղեցիկ աչքերը, ջերմությունն ու հումորը մեզ ոգեւորել են եւ պատրաստ ենք ելույթ ունենալ”,-նշել է Տաթեւիկ Հովհաննիսյանը:

Տաթեւիկ Հովհաննիսյանի երեւանյան ակումբային համերգին


Դիմելով սեղանների շուրջ նստած հյուրերին` երգչուհին խնդրել է համերգի ընթացքում չխոսել եւ շնորհակալություն է հայտնել լռության համար` նշելով, որ հայ հանդիսատեսի համար առաջին անգամ է կատարում հայերեն երգերի նոր մի քանի մշակում:   

Շուրջ մեկ եւ կես ժամ տեւած համերգին նրան նվագակցել է Նյու Յորքից ժամանած երաժիշտների եռյակը` դաշնակահար Ռոբերտ Դոնալդ Ալբանեսը, կոնտրաբասահար Ջո Ֆիցջերալդը եւ ստեղնաշարային գործիքներ նվագող Դեյվիդ Միդը:

Խոսելով տրիոյի հետ համագործակցության մասին` Տաթեւիկ Հովհաննիսյանը նշել է, որ երաժիշտներին միշտ հնարավորություն է տալիս ունկնդրել հայկական ժողովրդական մեղեդիները.“Ծանոթացնում եմ հայ արվեստին, մեր երաժշտությանը: Քանի որ նրանց համար շատ դժվար է արտասանել Սայաթ-Նովայի “Ուստի կուգաս, ղարիբ բլբուլ” վերնագիրը, երգն ուղղակի անվանեցինք “Ուստի”:)”:

Տաթեւիկ Հովհաննիսյանը եւ Արթուր Գրիգորյանը


Ծափահարությունների ու բրավոների ներքո ջազի հայ թագուհին վերադարձել է բեմ, իսկ համերգի ավարտին նրան են մոտեցել ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Երգի թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանը եւ այլ հյուրեր` ուղղելով հիացական խոսքեր: 

Այսօր` հունիսի 30-ին, երգչուհին ու երաժիշտները ելույթ կունենան Գյումրիում, հուլիսի 2-ին` Ստեփանակերտում, իսկ հուլիսի 4-ին համերգաշարը կեզրափակվի Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW