×


Լիլի Սամվել.“Հասկանալուց բացի, պետք է փորձել զգալ”

Մինչեւ հուլիսի 26-ը հասցրու դիտել Լիլի Սամվելի “Մանդալա”-ն: Աբստրակտ ոճում ստեղծագործող հոգեբան-նկարչուհին “Ամբողջությունն ինքնության մեջ” խորագրի ներքո Նարեկացի արվեստի միությունում արվեստասերներին ներկայանում է 22 կտավով եւ “ՇաԼի” կոչվող 28 կաշվե զարդով:

Հոգեբան-նկարչուհի Լիլի Սամվելը


ՆԱՄ գեղարվեստական ղեկավար Էկա Հորստկան նրան է հանձնել խորհրդանշական նուռը, նկարչուհին էլ ցուցահանդեսի վերջին օրը միությանը կնվիրի իր գործերից մեկը: Նշենք, որ երկու այցելու եւս, իրենց այցեքարտերով մասնակցելով խաղարկության, նվեր են ստացել հեղինակի աշխատանքներից:

BRAVO.am-ի հետ զրույցում Լիլի Սամվելը, նույն ինքը` Լիլիթ Շարբաթյանը, պատմել է, թե ինչու է ցուցահանդեսն անվանել “Մանդալա”. “Իմ սիրելի հոգեբան Յունգը, խոսելով արքետիպերի մասին, մեծ կարեւորություն է տալիս մանդալա երեւույթին: Այս անվանումն ընտրեցի որպես կոդային բառ` անցկացնելով իմ արվեստի պրիզմայով եւ անվանելով “Ամբողջությունն ինքնության մեջ”:  Մարդն այն էակն է, որն իր մեջ կրում է աշխարհի ինֆորմացիան, պարզապես պետք է փնտրել ու գտնել: Փորձում եմ գտնել ու կտավին հանձնել իմ ներաշխարհն ու փիլիսոփայությունը: Շատ կուզեի, որ մարդիկ աշխարհը հասկանալուց բացի, նաեւ փորձեին զգալ”:

Լիլի Սամվելի կտավների ցուցահանդեսին


Մասնագիտությամբ հոգեբան նկարչուհին իր աշխատանքները չի վերնագրում` թողնելով դիտողի ազատ ընկալմանը.“Նկարներս մեկը մյուսի շարունակությունն եմ համարում, եթե վերնագրեմ, կսահմանափակեմ: Եվ չեմ էլ կարող մեկ բառով նկարագրել կտավի իմաստը”: Լիլիթի փոխանցմամբ` իր ուսուցչուհին` աբստրակցիոնիստ Արմենուհի Մարտիրոսյանը, հորդորում է ստեղծագործելիս միշտ անկեղծ լինել ու գտնել սեփական ոճը.“Նախորդ նկարներումս նրա շունչը զգացվում էր… Նկարիչ Մոկոն, տեսնելով նոր գործերս, նկատեց, որ ձեռագիրս աստիճանաբար ձեւավորվում է”:

Պսակադրությունից հետո ժամանակավորապես Սանկտ Պետերբուրգ տեղափոխված նկարչուհին այժմ ամուսնու հետ գտնվում է Հայաստանում, նախքան մեկնելը Լիլիթի ցուցահանդեսի հաջորդ “կանգառը” կլինի Շուշին.“Ուզում եմ արցախցի երեխաներին սովորեցնել կաշվե զարդեր պատրաստելու հմտությունները: Եթե այս անգամ չհասցնեմ, ապա հաջորդ ամռան ընթացքում նպատակս անպայման կիրականացնեմ”:

Լիլի Սամվելի կտավների ցուցահանդեսին


22-ամյա Լիլին նշել է, թե շարունակում է նկարել նաեւ Սանկտ Պետերբուրգում. “Այնտեղ ամեն քայլափոխի արվեստ տեսնելը ոգեշնչում է: Ամեն անգամ Էրմիտաժից դուրս գալիս ներկերով եւ կտավով աշխատելու ցանկություն եմ ունենում:)”:

Նա աբստրակտ արվեստն ընկալում է դեպի ազատություն տանող ճանապարհ, որի ընթացքում նոր դռներ է բացում եւ իր աշխարհայացքն ընդլայնում.“Ցուցահանդեսի հյուրերից այնքան դրական էներգիա ստացա, որն ինձ պակասում է Հայաստանից դուրս: Վերադառնալուս հաջորդ օրվանից վրձինը ձեռքս եմ վերցրել: Ինչպես անապատում ծարաված մարդը ջրին կկարոտի, այդպես եկա ու սկսեցի նկարել եւ այնտեղ անավարտ թողած կտավներս ամբողջացնել”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին