×


Կամերայինում ցանկացել են ծեծել չար հերոսներին :)

Արքայազն ու արքայադուստրը պատրաստվում են պարահանդեսի, սակայն  Բիբաբոն եւ նրա համախոհ չարաճճի հերոսները որոշում են ժամացույցի սլաքները կանգնեցնել ու խափանել այդքան սպասված միջոցառումը… Երեւանի կամերային թատրոնի խաղացանկում երկար դադարից հետո ընդգրկվել է  “Կախարդական պարահանդես” մանկական նոր ներկայացումը:

Էվա Խաչատրյանը, ռեժիսոր Լուսինե Երնջակյանը եւ Նորայր Եղյանը


Երաժշտական ներկայացման դերակատարները թատրոնի դերասանների շարքը վերջերս քասթինգով համալրած երիտասարդներ են` Ներսես Մարկոսյանը, Նորայր Եղյանը, Էվա Խաչատրյանը, Լաուրա Բաբայանը, Գեւորգ Հովհաննիսյանը, Վահե Զիրոյանը, Մարիա Մանուկյանը, Հրաչուհի Ամիրյանը եւ Քրիստինե Եղոյանը:

Ռեժիսոր Լուսինե Երնջակյանը BRAVO.am-ի հետ զրույցում խոստովանել է, որ փոքր հասակում բակի երեխաներին “ստիպել” է խաղալ հենց այս ներկայացումը, եւ երբ թատրոնում անհրաժեշտ էր փոքրիկների համար նոր բեմադրություն անել, առանց վարանելու ընտրել է “Կախարդական պարահանդես”-ը:

Կամերային թատրոնի խաղացանկում ավելացել է “Կախարդական պարահանդես” մանկական ներկայացումը


Այս պիեսը տարիներ առաջ գրել ու Կամերայինում բեմադրել է նրա հայրը` Արա Երնջակյանը. Լուսինեն էլ իր մանկության ամենահիշարժան ներկայացումը վերականգնել ու նորովի է մատուցում արդեն որդու սերնդակիցներին:).“Մեր թատրոնում հին ներկայացումները, որոնք հետաքրքիր են, չենք ուզում արխիվ ուղարկել”:

Կարմիր վարդերի թագավորությունում ապրող հնարամիտ, ուրախ ու չարաճճի հերոսները դահլիճում ներկա փոքրիկներին ներկայացման անմիջական մասնակիցն են դարձնում. նրանք պատասխանում են հերոսների հարցերին եւ օգնում պատժել Բիբաբոյին: Ինչպես հեքիաթասացն է նշում` փոքրիկները կանխում են իրենց կյանքում տեսած առաջին անարդարությունը.“Երեխաներն իրոք բուռն են արձագանքում, առաջին օրը մի քանիսն ուզում էին բեմ բարձրանալ ու ծեծել չար հերոսներին:)”,-նշել է Լուսինե Երնջակյանը:

“Կախարդական պարահանդես” մանկական ներկայացմանը


Մյուզիքլի, ստվերների թատրոնի տարրերով համեմված մանկական ներկայացման մեջ, ինչպես հեքիաթներում, բարին հաղթում է չարին եւ, իհարկե, ավարտվում պարահանդեսով: 

Ռեժիսորի խոսքով` “Կախարդական պարահանդես”-ը նախատեսված է 3 տարեկանից բարձր երեխաների, ինչպես նաեւ մեծահասակների համար.“Տարիքը հարաբերական է, որովհետեւ իմ տղան մինչեւ վերջ չմնաց, բայց մեր թատրոնի դերասանուհի Նոննա Գրիգորյանի վեց ամսական աղջիկը ծայրից ծայր ուշադիր դիտեց:)”:

Կամերային թատրոնի խաղացանկում ավելացել է “Կախարդական պարահանդես” մանկական ներկայացումը


Նշենք, որ պարային բեմադրությունն արել է Վահագն Կիրակոսյանը, երաժշտությունը գրել է Վահիկ Գրիգորյանը, իսկ տեքստերը` դերասանուհի Քեթրին Մանասյանը:

“Կախարդական պարահանդես”-ն արդեն թատրոնի խաղացանկում է, այն կարող եք դիտել հոկտեմբերի 18-ին եւ 31-ին:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW