×


Հարսանեկան զգեստների ցուցադրություն Արամ Նիկոլյանից

“Արմենիա Մարիոթ” հյուրանոցում հանգստյան օրերին տեղի է ունեցել "Wedding Fair" հարսանեկան ամենամյա ցուցահանդեսը, որի փակման ցուցադրությունն իրականացրել է դիզայներ Արամ Նիկոլյանը: Մոդելները պոդիում են բարձրացել հարսանեկան, նաեւ երեկոյան ու կոկտեյլային զգեստներով:

Արամ Նիկոլյանի հավաքածուի ցուցադրությանը


Արամ Նիկոլյանը ներկայացրել է վերջին տարիներին իր ատելյեում ստեղծված հանդերձները, որոնց շարքում են եղել Արտավազդ Ամիրյանի կնոջ, Ջիվան Գասպարյան կրտսերի կնոջ, երգչուհի Անահիտ Մանասյանի եւ այլոց հարսանեկան զգեստները:

“Ինձ հարսի զգեստ պատվիրած աղջիկներին խնդրել եմ այս ցուցադրության համար տրամադրել իրենց զգեստները: Յուրաքանչյուրը կարվել է տվյալ հարսիկի ճաշակով, այդ պատճառով դրանք միմյանցից բավական տարբեր են: Հարսի շորը շատ անհատական եւ խորհրդանշական է, ուստի պետք է այնպես կարես, որ նորահարսը հագնելով երջանիկ լինի ու անհարմարություն չզգա”, -BRAVO.am-ի հետ զրույցում նշել է Արամ Նիկոլյանը:

Արամ Նիկոլյանի հավաքածուի ցուցադրությանը


Խոսելով այս տարվա հարսանեկան թրենդների մասին` նկարիչ-մոդելավորողը հայտնել է, որ այժմ առավել նորաձեւ են վինտաժային ոճի հարսանեկան զգեստները. “Նորաձեւություն են մուտք գործել տատիկի զգեստապահարանից ոգեշնչված ռետրո զգեստները, որոնցից մի քանի նմուշ ներառել եմ ցուցադրված հավաքածուում: Ես չեմ սիրում շատ ուռուցիկ զգեստներ, բայց չեմ մերժում պատվերը, որովհետեւ հարսի շորը նորահարսի ճաշակով պետք է կարվի”:

Արամ Նիկոլյանի հավաքածուի ցուցադրությանը


Հավելենք, որ շուտով տեղի կունենա Արամ Նիկոլյանի նոր հավաքածուի ցուցադրությունը, որը նա անվանել է “Ուրֆա. կորցրած արժեքներ”. “Ինձ համար ուրախալի է, որ հայ երիտասարդները սկսել են կրել հայկական զարդանախշերով աքսեսուարներ: Ես էլ հագուստի միջոցով փորձելու եմ ցույց տալ, թե ինչպես կարելի է հայկական տարազը մատուցել ու կրելի դարձնել: Կլինեն ժամանակակից երեկոյան ու կոկտեյլային զգեստներ՝ տարազային ձեւվածքով, թեթեւ գունային հիշողությամբ եւ Ուրֆայի ասեղնագործությամբ”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/   
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին