×


Մանկական զարգացման հիմնադրամի բարեգործական երեկույթը` հայտնիների մասնակցությամբ

Մանկական զարգացման հիմնադրամը երեկ «Ակումբ 12»-ում նախաձեռնել էր իր առաջին բարեգործական աճուրդը, որին ներկա էին շոու-բիզնեսի, գործարար ու հասարակական ոլորտի անձինք։ Զարգացման խնդիրներ ունեցող երեխաներին անհրաժեշտ են հատուկ ուշադրություն ու մասնագիտական ծառայություններ, բայց ոչ բոլորն ունեն լոգոպեդի, հոգեբանի կամ արտ-թերապեւտի ծառայություններից օգտվելու հնարավորոթյուն։ Հիմնադրամը ստեղծվել է լրացնելու այդ բացը. նրանց մասնագետները նպաստում են երեխաների ներդաշնակ զարգացմանը։ 

Նազիկ Ավդալյանը, Լեւոն Մալխասյանը եւ Զարուհի Բաբայանը


Երեկույթի բացմանը հաղորդավարներ Մերի Ներսիսյանն ու Գոռ Պետրոսյանը նշել են, որ բարեգործական աճուրդն աշխարհում լայնորեն տարածված ձեւաչափ է, որը հնարավորություն է տալիս բարեգործների ֆինանսական միջոցները հասցնել երեխաներին, ովքեր ունեն դրա կարիքը.«Մարդասիրական այդ ժեշտին կգումարենք նաեւ հաճելի ժամանցը եւ աճուրդի նվերները»,-հայտնել են նրանք։   

Բարեգործական միջոցառմանը ցուցադրվել են հիմնադրամի շահառու երեխաների կյանքի դժվարությունների ու հաջողությունների մասին տեսանյութեր, ներկաները մասնակցել են աճուրդին եւ ունկնդրել «Project 12»-ի երաժիշտների կատարումները։

Գոռ Պետրոսյանը, Լուսինե Սիմոնյանը եւ Մերի Ներսիսյանը


Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը պատմել է, որ 15 տարի առաջ ստեղծված կենտրոնը 12 հոգանոց փոքր թիմով փորձում է երեխաների կյանքն ավելի լավը դարձնել. «Հայաստանում ապրում է շուրջ 862.000 երեխա, մոտ 8000 անչափահաս ունի հաշմանդամություն, 4000 երեխա՝ զարգացման տարբեր խնդիրներ»,-նշել է նա եւ հավելել, որ առ այսօր հիմնադրամ է հաճախել մոտ 2000 երեխա, այժմ կենտրոնում մասնագիտական ծառայություններին սպասում է անապահով ընտանիքների 50 երեխա.«Մեր հիմնադրամը հավատում է ներառական հասարակության կերտմանը։ Այժմ ունենք հոգեբաններ, մանկավարժներ, սոցիական աշխատողներ, երեխաների իրավունքի, արտ-թերապիայի մասնագետներ։ Աշխատելով բարդ խնդիրներ ունեցող ընտանիքների հետ` փորձում ենք պետությանը փոխանցել, որ տեղական հիմնադրամները չեն կարող կայուն լինել արտերկրի դրամաշնորհներով, կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի»։

Բարեգործական երեկույթին


Աճուրդին ներկայացված էին արժեքավոր իրեր, իսկ տոմսերի արժեքն էր 12.000 դրամ, որը կազմում է մեկ երեխայի մեկ ծառայության կես ամսվա վճարը: Բարեգործական աճուրդի եւ տոմսերի վաճառքից, հանգանակություններից եւ նվիրաբերություններից հավաքագրվել է 8 500 000 դրամ, որը կհատկացվի զարգացման խնդիրներ ունեցող երեխաների մասնագիտական ծառայությունները կազմակերպելու համար։

BRAVO.am   
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին