×


Նաիրա Նիազյանն ի՞նչ նպատակով է այցելել Հայաստան

Նաիրա Նիազյանը եւ Թոմաս Ոսկանյանն իրենց “New GP” թիմի հետ ապրիլին Մոսկվայում կազմակերպել էին բարեգործական համերգ  հայտնի երաժիշտների մասնակցությամբ, այս ամիս էլ այցելել են Հայաստան եւ ստացված հասույթը տրամադրել Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս եւ Բարեկամավան համայնքների ճանապարհների բարեկարգման աշխատանքներին: BRAVO.am-ի հետ զրուցում հաղորդավարուհին պատմել է իրականացված աշխատանքի, առաջիկա անելիքների եւ իր գործունեության մասին: 

Նաիրա Նիազյանը


Նոյեմբերյանում, որտեղ կենսապայմանները բարվոք վիճակում  չեն, ապրում են մեր սահմանապահ-հայրենակիցները: Մեր առջեւ խնդիր էինք դրել ճանապարհները բարեկարգելու համար կազմակերպել մեծ համերգ, որի հասույթն այսօր արդեն ծառայում է իր նպատակին: Համերգից ստացված գումարով գնվել է շինանյութ, լույսեր եւ անհրաժեշտ պարագաներ, իսկ շինարարական աշխատանքները կատարել են համագյուղացիները: Մեկ օրով այցելեցինք համայնքներ` անձամբ տեսնելու տարածքը: Ուրախ ենք, որ գումարն անհրաժեշտից ավելին էր. Բաղանիսում տեղադրվել են ցերեկային լույսեր, իսկ Բարեկամավանում իրականացվել է երկու թաղամասի ճանապարհահատվածի գրունտապատում եւ բարեկարգում: Շնորհակալ ենք Հայաստանում ապրող մեր աջակիցներին, գյուղացիներին, որ օգնեցին ավարտին հասցնել բարեկարգման աշխատանքը:

Նաիրա Նիազյանը


Արդեն մի քանի տարի աշխատում եմ Ռուսաստանում գործող հայկական “ArmTv” հեռուստաընկերությունում: Հունիսից եթեր կհեռարձակվի մեր հեղինակային նոր` “New Format” հաղորդաշարը, որի ընթացքում անդրադառնալու ենք հաջողությունների հասած հայ երիտասարդներին: Քանի որ մեր նպատակը հայ-ռուսական մշակութային երկխոսությունն է, կնկարահանվեն Հայաստանում եւ Ռուսաստանում հայտնի երիտասարդ արտիստները, գործարարները, մշակութային գործիչները եւ այլք: Ծրագիրը մեկ հաղորդավարով չի սահմանափակվելու. ինձնից բացի կվարեն ոչ միայն հայ, այլեւ ռուս հայտնի հաղորդավարներ, որոնց շարքում բավական հնչեղ ազգանուններ կան: Հեռուստաընկերության ղեկավարները հայեր են, եւ հեշտությամբ կարողացա մուտք գործել հեռուստաեթեր: Թեեւ կրթությունս հայկական է` ավարտել եմ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետը, երբ կա մեծ ցանկություն, նպատակ, աշխատանքային փորձ, դրանք խթանում են, որ կարողանաս ավելին անել նոր երկրում:

Նաիրա Նիազյանը


Կշարունակենք նոր համերգներ կազմակերպել: Այժմ պատրաստվում ենք Մոսկվայում իրականացնել համահայկական մշակութային մեծ փառատոն, որն ուղղված կլինի Ռուսաստանում հայ մշակույթի տարածմանը: Հայաստանից հրավիրված են լինելու մշակույթի գործիչներ, երաժիշտներ, ովքեր ելույթ կունենան տեղի կատարողների հետ:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/
Լուսանկարները` Տաթեւ Մնացականյանի, Էրիկ Ավագյանի եւ Նաիրա Նիազյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW