×


Նարե Գեւորգյան.«Հիմա կանգ առնելու իրավունք չունեմ»

Նարե Գեւորգյանի «Արեւ»-ը դարձել է «Շանթ» հեռուստաընկերության «Պրեմիերա 3» նախագծի 6 երգից լավագույնը։ Հաղթող երգը, որի երաժշտության եւ խոսքերի հեղինակը Լիանա Թորոսյանն է, երեկ հայտարարել է Գրիշա Աղախանյանը` նախագծի գալա համերգին: Լիանան ստացել է 500.000 դրամ պարգեւ, իսկ Նարեի նվերը կլինի նոր տեսահոլովակի տեսքով:

«Պրեմիերա 3» նախագծում հաղթել է Նարե Գեւորգյանի «Արեւ» երգը


Նարե Գեւորգյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ չէր ակնկալում իր անունը լսել.«Սկզբում մտածում էի՝ կկարողանամ «Իմ փոխարեն» երգով հաղթել, որն արդեն բուռն էր ընդունվել, փաստորեն, իրականում հաղթանակը միայն երգի մեջ չէ։ Շնորհակալ եմ երկրպագուներին, որ նախագծի սկզբից մինչեւ վերջ կողքիս են եղել, եւ իմ հաղթանակը նվիրում են նրանց»։

Երգչուհու խոսքով՝ «Հայսուպերսթար 2»-ի շնորհիվ ձեռք բերած իր հայտնիությունն այս նախագծից հետո վերականգնվել է.«Նոր լիցքեր ու շունչ եմ ստացել, ավելի մեծ եռանդով կսկսեմ աշխատել։ «Արեւ» երգի հաղթանակը ինձ համար պարտավորեցնող է, կարծում եմ՝ հիմա կանգ առնելու իրավունք չունեմ. այսքան դրական արձագանքից հետո պասիվ լինելն անընդունելի կլինի։ Խոստանում եմ՝ երկար դադարներ չեն լինի, այդ շրջանը վերջացավ»։

«Պրեմիերա 3» նախագծի գալա համերգին


Երգի հեղինակ Լիանա Թորոսյանի համար եւս հաղթանակն անսպասելի էր.«Ըստ դիտումների՝ հակված էի, որ Նիկ Էգիբյանի կամ Հայկ Հունանյանի երգը կհաղթի, պատրաստ էի լսել ցանկացած անուն։ Ես երկու երգով էի մասնակցում՝ «Արեւ» եւ «Իմ փոխարեն»։ Ուրախ էի, որ երկուսն էլ առաջատար են, ակնհայտ է, որ սիրվել են»։

Մասնագիտությամբ դաշնակահար, երաժիշտ Լիանա Թորոսյանը նաեւ «Պրեմիերա 2»-ից Սուսաննա Պետրոսյանի «Գիտեմ, ես կգամ» սիրված երգի համահեղինակն է Սերգեյ Սարգսյանի հետ։ Ինչպես հայտնել է, նոր երգեր գրելու առաջարկներ դեռ չի ստացել, սակայն ունի երգեր, որոնք չի ցանկանում «դարակներում» պահել. «Մինչեւ հաղթանակը Նարեին մեկ երգ արդեն նվիրել եմ, որն, ի դեպ, ներկայացրել էի այս մրցույթի համար, սակայն չանցավ եզրափակիչ։ Գիտեմ, որ չեմ սխալվել` երգը Նարեին վստահելով, սպասում եմ, որ հանրությունը լսի»։

Ավետ Բարսեղյանը, Գրիշա Աղախանյանը, Գարիկ Պապոյանը եւ Արսեն Սաֆարյանը


Հավելենք, որ «21TV»-ի,  «Ռադիո Վան»-ի եւ «Հանրային» ռադիոյի քվեարկությամբ, նաեւ համացանցային դիտումներով էլ հաղթող է դարձել Նիկ Էգիբյանի «Իմ փոխարեն» երգը։

BRAVO.am
Լուսանկարները՝ «Շանթ»-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին