×


Նելլի ու Րաֆֆիի երկրորդ դստեր առաջին լուսանկարները :)

Նելլին եւ Րաֆֆին 2017 թվականը կդիմավորեն արդեն երկու դուստրերի՝ 4,5 տարեկան Անահիտի եւ 2 ամսական Սառայի հետ։ Նախատոնական անցուդարձին հասցրել ենք ֆոտոշարք իրականացնել գեղեցիկ ընտանիքի հետ: Ի դեպ, Սառայի առաջին լուսանկարների հրապարակումը երգչուհին վստահել է BRAVO.am-ին։

Նելլիի եւ Րաֆֆիի ընտանիքը


Ամուսինները տարեմուտը նշելու են տանը՝ երեխաների հետ.«Նախորդ տարի աշխատանքային մթնոլորտում ենք դիմավորել, իսկ այս անգամ ուրախանալու առիթ ունենք, քանի որ Սառայի առաջին Ամանորն է, Անահիտն էլ ոգեւորված է. նա գիտի՝ նախ պետք է սպասի ձմեռվան, որ հետո տոները մոտենան։ Ունենք նոր զգեստներ, խաղալիքներ ու հատուկ նվեր՝ նախատեսված Սառայի համար»,-պատմել է Նելլին։

Դեկտեմբերի 31-ի երեկոյան նրանց տուն կայցելի Ձմեռ պապը.«Մեծ աղջիկս նամակում ցանկացել է խոսող մեծ տիկնիկ, եւ ոչ միայն, տեսնենք, թե ինչ կբերի։ Գիտի, որ նվերը ստանալիս պետք է արտասանի կամ երգի, բայց ռեպերտուարը մեծ է, դեռ չի կողմնորոշվել:): Քոլեջում հանդեսին երգել է, ինչպես ինքն է ասում, «դեմ», այսինքն` բեմ է բարձրացել, ինչը նրա ամենասիրելի զբաղմունքն է։ Սովորում է ռուսերեն ու անգլերեն, ինձ դուր է գալիս, որ չի ամաչում, անգամ սխալ հոլովներով ռուսերեն է խոսում ու միտքն արտահայտում։ Հիմա ավելի շատ սպասում է տոնածառի զարդարմանը, մի քանի խաղալիք ընտրել է իր ճաշակով, բայց զարդարելը փորձում ենք հետաձգել, քանի որ կարող է կոտրել»։

Նելլին՝ դուստրերի հետ


Զույգի համար անցնող տարին հաջող էր ոչ միայն երկրորդ երեխայի ծննդով, այլեւ աշխատանքային առումով. Րաֆֆին նոր պայմանագիր է կնքել «Արարատ» ֆուտբոլի թիմի հետ.«Մոտ երկու տարի դադար էր վերցրել, չնայած՝ այդ ընթացքում որպես մարզիչ էր աշխատում։ Մեկ խաղաշրջանի արդյունքները լավ են, սպասում ենք նոր հաջողությունների։ Ես էլ ողջ տարվա ընթացքում աշխատում եմ մեր նպատակների համար, առ այսօր գրեթե բոլորն իրականություն են դարձել։ Առաջնային ցանկանում եմ առողջություն բոլոր բալիկներին»։

Նելլիի ընտանիքը պատրաստվում է ավանդական Նոր տարվան.«Մայրս միշտ պատրաստել է, ինձ համար էլ ավանդույթի նման է։ Խոզի բուդն անպակաս է մեր սեղանից, որովհետեւ սիրում ենք, այլ ոչ թե ուրիշներն ունեն, մենք էլ ենք ուզում նույնից ունենալ։ Կարծես, տարին առատ սեղանով սկսելը լավ նշան է, որ այդպես կանցնի։ Սիրում եմ սեղանը զարդարել, այս տարի մեր սփռոցը կլինի կարմիր, կանաչ, սպիտակ գույներով։ Օրեր առաջ հիմնական գնումներն արել ենք, առավոտյան Անահիտն արթնացավ ու հետաքրքրվեց, թե ուր ենք պահել ուտելիքները:)»։

Նելլին՝ դստեր հետ


Երգչուհին խոստովանել է, որ մայրանալուց յոթ օր անց գործնական հանդիպման է եղել.«Շատ շուտ անցա աշխատանքի, ինչն օգնում է, որ արագ վերականգնվեմ, բայց մայրերը կփաստեն, որ դժվար է յոթ օրական երեխային թողնել տանը։ Այժմ դայակ ունենք, մի լավ կին է, որն արդեն մեր տան անդամն է, միասին խնամում ենք։ Այնպես եմ անում, որ երեխան իմ բացակայությունը շատ չզգա, միաժամանակ գործերս չտուժեն։ Շաբաթ կամ կիրակին ընտանեկան օր է»:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Զգեստները՝ Բիայնի/Վահան Խաչատրյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին