×


Նորա Գրիգորյանի երկվորյակների 1-ամյակի լուսանկարները

Էրվին Ամիրյանն ու Նորա Գրիգորյանն ուղիղ մեկ տարի առաջ ծնողներ դարձան։ Դերասան-ամուսիններն իրենց երկվորյակների 1-ամյակն ու ատամհատիկը համատեղ են նշել։ Նորան BRAVO.am-ին է տրամադրել խնջույքի լուսանկարներն ու պատմել է, թե ինչ ընտրություն են կատարել փոքրիկներն ու ինչպես է անցել տոնական օրը։

Էրվին Ամիրյանի եւ Նորա Գրիգորյանի երկվորյակների 1-ամյակին


Երեւանի բացօթյա ժամանցի վայրերից մեկում տեղի ունեցած երեկույթին ներկա են եղել զույգի ազգականներն ու մտերիմ ընկերները, նաեւ գործընկերները՝ Անդրանիկ Հարությունյանի, Արմեն Վարդանյանի ընտանիքները.«Շատերը զբաղվածության պատճառով չկարողացան գալ, քանի որ թատրոնում այդ ժամին ներկայացում կար։ Ուրախալի է, որ Էրվինի քույրը հատուկ տարեդարձի համար Գերմանիայից Հայաստան է եկել»։

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմադրիչ-դերասանուհի Նորան անձամբ է զբաղվել փոքրիկների տարեդարձի խնջույքի դիզայնով ու ձեւավորմամբ: Ատամհատիկի արարողությանը Կոնստանտինը ընտրել է բանկիրի, Լիանան՝ հոգեբանի մասնագիտությունը. «Գրություններով թղթիկները տարոսիկների նման էի ձեւավորել։ Չգիտեմ, թե ինչ ոլորտ կընտրեն հետագայում, բայց ծնված օրվանից տարբեր բնավորություններ ունեն։ Նրանց խառնվածքն աստիճանաբար արտահայտվում է, կարծում եմ՝ փոփոխություն չի լինի։ Աղջիկս ավելի ակտիվ ու շարժուն է, իսկ տղաս բարի ու լուրջ է»:

Նորա Գրիգորյանը՝ որդու հետ


Հիշելով նախորդ տարվա այս օրերը՝ նա խոստովանել է, որ սկզբում բարդ է եղել, առաջին շաբաթում չի գիտակցել, թե շուրջն ինչ է կատարվում.«Մայրական բնազդն ինձ մոտ հետզհետե արթնացավ։ Այս մեկ տարվա ընթացքում շատ դժվար է եղել. մեկը հիվանդանում էր, մյուսն առաջին խոսքն էր արտաբերում… Կարծում էի՝ խնդիրները հավերժ են լինելու, խնամելու փորձ բացարձակ չունեի։ Արդեն մեկ տարի անցել է, բայց ինձ թվում է՝ այդ ամենը երեկ էր։ Նույնիսկ վախենում եմ, որ շուտ կմեծանան ու չեմ նկատի, թե ինչպես անցան տարիները»։

Էրվին Ամիրյանի եւ Նորա Գրիգորյանի դուստրը


Երկվորյակների մայրը կրկին զույգ երեխա ունենալու ցանկություն ունի.«Ինչպես ասում են մեր ծանոթներն ու բարեկամները, մեզ մոտ լավ է ստացվում։ Անպայման ուզում եմ զույգ բալիկ ունենալ։ Սկզբնական շրջանում իսկապես բարդ էր, երբ թատրոնում աշխատանքի էի, չէի կարողանում կենտրոնանալ, ընտանիքս էլ, աշխատանքս էլ տուժում էր։ Իսկ հիմա հանգիստ եմ, տատիկներն ու դայակն օգնում եմ խնամքի հարցում»։

BRAVO.am   
Լուսանկարները` Euphoria ֆոտոընկերության

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին