×


Պատրիկ Ֆիորի.“Համերգներիս պատմում եմ իմ հայկական արմատների մասին եւ թե ինչու եմ ծնվել Մարսելում”

Ֆրանսահայ հանրահայտ երգիչ Պատրիկ Ֆիորին, ինչպես արդեն հայտնել ենք,  այս տարի Ֆրանսիայի հայկական հիմնադրամի կնքահայրն է։ Հայաստանի եւ Արցախի համար անցկացվող ամենամյա հեռախոսամարաթոնի` “Ֆոնեթոն 2014”-ի մեկնարկի օրը BRAVO.am-ի սեփական թղթակիցը Փարիզում հանդիպել է երաժշտին եւ հետաքրքիր զրույց ունեցել:

Պատրիկ Ֆիորին


-Ինչո՞ւ համաձայնեցիք կնքահայր դառնալ եւ ընդգրկվել ծրագրում։


-Մեկ տարով եմ կնքահայր, բայց միայն այս տարի չէ, որ հիմնադրամի կողքին եմ լինելու։ Իրականացվող ծրագրերը հաջողված են եւ վերահսկելի։ Հրաշալի է, որ կարող ենք աջակցել այն մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն։ Եվ երբ հարցը վերաբերում է Հայաստանին, իհարկե, արածս ավելի տեղին է, չէ՞ որ հայկական արմատներ ունեմ, որոնք երբեք չեմ թաքցնում։

Փոքրուց հայկական եւ կորսիկական մշակույթների մեջ եմ, բավական հավատարիմ եմ իմ արմատներին, եւ երջանիկ կլինեմ, եթե կարողանամ իմ փոքրիկ լուման ունենալ Շառլ Ազնավուրի եւ այլոց մեծ ներդրումների կողքին, որպեսզի աջակցենք Հայաստանին։ Ես Պատրիկ Շուշայանն եմ եւ ես եւս ձեր կողքին եմ` այն բոլոր հայերի, ովքեր փորձելու են ինչ-որ բան անել։

-Իսկ ի՞նչ է տալիս Ձեզ այս ծրագրին մասնակցությունը։

-Որոշեցի մասնակցել, չնայած, որ հիմա անչափ զբաղված եմ. երբ ուզում ես, կարող ես։ Հայրս շատ հպարտ է ինձնով: Երբ պատմեցի, նրա աչքերում արցունքներ հայտնվեցին։

Պատրիկ Ֆիորին


-Ձեզ համար կարեւոր եւ գերզբաղված տարի է. hամերգային շրջագայություն ունեք, նոր ձայնասկավառակ, կա՞ մշակութային որեւէ ծրագիր, որ հատկապես կհետաքրքրի մեր հայրենակիցներին։ 

-Հայաստանի հետ կապված ինչ-որ բան անելիս պետք է շատ լուրջ լինել եւ ճիշտ նշանակետ ունենալ։ Հայերեն երգելու հարցում կօգնի հայրս։ Նա ինձ չի տեսել Հայաստանում հանդես գալիս, խոստացել եմ, որ հաջորդ անգամ հետս կլինի։ Շատ կուզեի ծրագիր իրականացնել Հայաստանում: Դա ինձ համար, իրոք, կարեւոր է։  “Փարիզի Աստվածամոր տաճարի” օրիգինալ տարբերակը, որ Գարուի, Հելեն Սեգարայի, իմ եւ այլոց մասնակցությամբ է, երբեք չի ներկայացվել Հայաստանում։ Բանակցել եմ մի քանի հոգու հետ, դեռ արդյունք չկա, բայց փորձելու եմ իրականացնել։ Ամբողջ աշխարհում խաղացել ենք, բայց ոչ` Հայաստանում։ Գիտեմ, որ կստացվի, քանի որ միշտ մինչեւ վերջ գնում եմ։ Բացի այդ, մի քանի տեքստ եմ ստացել հայ հեղինակներից, ովքեր փորձել են երգերս ներկայացնել հայերենով, չգիտեմ` ալբոմ կստացվի, թե մեկ երգ։

-Հաճա՞խ եք Հայաստան գալիս որպես զբոսաշրջիկ։

-Երբեմն գնում եմ ընկերներիս տեսնելու, նաեւ բարեկամներ ունեմ Խարբերդում, Շուշիում։  

-Քիչ առաջ Վերնիսաժից խոսեցինք, ի՞նչ եք գնում այնտեղից եւ ի՞նչն է, որ Ձեզ շատ է հետաքրքրում։


-Դուդուկը, քանի որ ես էլ եմ նվագում։ Հանճարեղ չեմ այս գործում, բայց ամեն օր նվագում եմ մեկ կամ երկու ժամ։ Վերնիսաժում կարելի է ամեն ինչ գտնել, բացի այդ, հաճելի զբոսանք է ստացվում: Իհարկե, այցելում եմ դուդուկ վաճառողներին, ովքեր փորձում են ինձ վաճառել ոչ ակորդավորված դուդուկ (ծիծաղում է - հեղ.): Հետո գտնում եմ մեկ ուրիշին, ով արդեն ակորդավորել է։ Հրաշալի է, որ այս աննման գործիքը, որ արդեն հազարամյակներ գոյություն ունի, դեռ վաճառվում է Վերնիսաժում: Ամեն անգամ գնում եմ մի քանի հատ, մեկն ինձ եմ պահում, մյուսները` նվիրում եմ ընկերներիս։ Այնտեղ թունդ սուրճ եմ խմում եւ սիրում եմ խոսել մարդկանց հետ։

Պատրիկ Ֆիորին


-Ի՞նչն է, որ Ձեզ համար շատ հայկական է։

-Ուտեստները: Վաղ առավոտյան արթնանում եմ ու զանգահարում մայրիկիս` ասելով` արագ տոլմա սարքիր ինձ համար։ Եթե նա Հայաստանում ռեստորան ունենար, մեծ հաջողության կհասներ. շատ լավ, հրաշալի է պատրաստում։ Հայ չէ, տատիկս է սովորեցրել, եւ ամեն ինչ գիտի: Աշխարհի ամենալավ տոլման է պատրաստում։

Հայաստանն ինձ համար նաեւ իմ նախնիների պատմությունն է, այն, ինչ պատահել է մեր ժողովրդի հետ, որոնց թվում է իմ ընտանիքը։ Նորից պետք է խոսեմ հիմնադրամի մասին. կարեւորում եմ նրանց գործունեությունը, որովհետեւ հաստատ մի օր նաեւ իմ ընտանիքին են օգնել։
 
-Իսկ բացասական ի՞նչ կնշեք, կամ ի՞նչը բարելավման կարիք ունի։ 


-Կուզեի, որ Հայաստանի արտիստներն ավելի շատ հրավերներ ունենան այստեղ հայկական մշակույթը ներկայացնելու համար, կարողանան հնչեցնել մեր երաժշտությունը, որն իսկապես հրաշալի եւ անկրկնելի է։ Կցանկանայի նաեւ, որ ֆրանսիացիները եւս կարողանան հեշտությամբ գալ Հայաստան` իրենց արվեստը ներկայացնելու։ Կուզեի, որ առավել ընդգծված մշակութային երկխոսություն ունենանք։
 

Պատրիկ Ֆիորին


 -Ձեր նոր ձայնասկավառակում երգ կա, որը նվիրել եք կանանց: Ի՞նչ կասեք հայ կնոջ կերպարի մասին։

-Հայ կնոջ կերպարն ինձ համար նույնն է, ինչ մայրիկինս, ով հայկական արմատներ չունի։ Կորսիկացիներն ու հայերը նմանություններ ունեն: Նա հենց հայ մայր է` հակված երեխաներին պաշտպանելու, զուսպ, միշտ քիչ է ուտում, որովհետեւ վախենում է, որ մյուսներին չի բավականացնի։ Հայ մայրերին ուսումնասիրել եմ Հայաստանում, սովորաբար, զուսպ կանայք են, փորձում են ամեն ինչ լավ անել` մշտապես փայլող եւ շողացող աչքերով։ Տատիկս ուներ այդ հայացքը, ի դեպ, պապիկս էլ, մայրիկս էլ։
 
-Ինչպե՞ս է անցնում Ձեր համերգային շրջագայությունը։

-Շատ լավ: 107 համերգ ունեի, թիվն աճել է, եւ շրջագայությունս կտեւի մինչեւ 2015-ի դեկտեմբեր։ Եվ ամեն անգամ խոսում եմ Հայաստանից, յուրաքանչյուր համերգի ժամանակ երգում եմ “Հայաստանի սարեր” երգս(երգում է-հեղ.)։ Պատմում եմ իմ արմատների մասին եւ թե ինչու եմ ծնվել Մարսելում։ 

Պատրիկ Ֆիորին


-Նորարարությունների այս դարաշրջանում արտիստները մեծ ջանքեր են գործադրում, որ մշտապես նորաձեւ եւ հետաքրքիր լինեն: Ի՞նչ եք անում հանդիսատեսին գրավելու համար։
 
-Երբեք նորաձեւ չեմ, եւ երեւի դա է պատճառը, որ երբեք հնաոճ չեմ լինի։ 

-Ո՞րն է Ձեր հաջողության գաղտնիքը, ինչո՞ւ է հանդիսատեսը Ձեզ սիրում։

-Սիրում եմ իմ երաժշտությունը, որակյալ բեմադրություններ եմ պատրաստում, համագործակցում եմ ընկերներիս հետ, ովքեր ճանաչված եւ տաղանդավոր դեմքեր են։ Երբ անկեղծ ենք մարդկանց հետ, նրանք դա զգում են, ես անկեղծ եմ իմ կյանքում եւ իմ արվեստում։

-Ի՞նչ կուզեիք ասել Հայաստանի հայերին, ովքեր կարդալու են այս հարցազրույցը։

-Ամեն օր նայեք արեւին, պահեք ձեր ժպիտն ու արժանապատվությունը: Կյանքը գեղեցիկ է։ Ինձ շատ է գրավում հայերի առաջ գնալու ցանկությունն ու արդարամտությունը։  Ոչինչ ոչ մի տեղ հեշտ չէ, բայց կա մի բան, որ երբեք ոչ ոք չի կարող մեզնից խլել, դա մեր սիրտն է, եւ հենց դա է, որ կարող է մեքենան տեղից շարժել։ Պետք է կառչել երազանքին եւ բաց չթողնել։ Անհամբեր եմ, թե երբ եմ երգելու հայ հանդիսատեսի համար։ Կփորձեմ նաեւ ընկերներիս բերել։

Զրուցեց Էլլադա Բարսեղյան-Ղուկասյանը/Bravo.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին