×


Սոնա Ռուբենյանի ամերիկյան արկածները :)

Սոնա Ռուբենյանն օրերս վերադարձել է Միացյալ Նահանգներից, BRAVO.am-ին էլ պատմել, թե ինչ նպատակով էր մեկնել, ինչ արկածներ է ունեցել եւ առաջիկայում ինչ անելիքներ ունի:

Սոնա Ռուբենյանը


“Նոր ալիք 2014”-ում հանդիսատեսի համակրանքին արժանացած Հայաստանի ներկայացուցիչը սեպտեմբերի 28-ին մասնակցել է “Շանթ” եւ Լոս Անջելեսում գործող “Artn Shant” հեռուստաընկերությունների կազմակերպած հավաքական համերգին, որին ելույթ են ունեցել նաեւ “Ժողովրդական երգիչ” հեռուստանախագծի մասնակիցները:

“Համերգին հնչել են մեծ մասամբ ժողովրդական երգեր, որոնք ամերիկահայ հանդիսատեսը ջերմ ծափերով էր ընդունում: Կատարել եմ Սայաթ-Նովայի “Թամամ աշխարհ”-ը եւ “Նոր ալիք”-ում հնչած երգերից: Ամերիկահայերը կրկնակի ուշադիր են հետեւում հայկական նախագծերին. հեռուստատեսության միջոցով իրենց կարոտն են հագեցնում, անգամ այնպիսի նրբություններ են նկատել էկրանից, որ ես ուշադրություն չէի դարձրել”,-նշել է նա:

Սոնա Ռուբենյանը


Երրորդ անգամ ԱՄՆ այցելած երգչուհին առաջին անգամ եղել է Լաս Վեգասում, ինչը, նրա խոսքով, ավելի հիշարժան է դարձրել ուղեւորությունը: Քանի որ Սոնան 20 տարեկան է, իսկ խաղատներում արգելվում է 21 տարեկանից ցածր անձանց մուտքը, նրան պարբերաբար նկատողություն են արել.“Ինձ բոլոր տեղերից դուրս էին վռնդում, միայն մեկ անգամ, երբ երեկոյան զգեստով ու դիմահարդարմամբ էի, չնկատեցին տարիքս, բախտ վիճակվեց խաղալ ու շահել 60 դոլար` իմ խաղադրույքի կրկնակին: Իսկ հաջորդ օրն առօրյա հագուստով էի, բարկացած տոնով ասում էին` “Go out” /“Դուրս գնա”/: Խմիչքների խանութում էլ ինձ ալկոհոլային կոկտեյլ չտվեցին, բայց բարեկամուհիս գնեց, հետո գաղտնի խմեցի:): Հրաշալի քաղաք է, այդ գեղեցկությունը պետք է սեփական աչքերով տեսնել: Բարեկամներիս շնորհիվ արկածային մի քանի օր անցկացրի”:

Այժմ երգչուհին նախապատրաստվում է դեկտեմբերին կայանալիք երեւանյան իր առաջին մենահամերգին.“Մի քանի օրից երաժիշտների հետ կսկսենք փորձերը. ամենահետաքրքիր ու սպասված պահն է ինձ համար: Ամսաթիվը դեռ հստակ չէ, բայց որոշել ենք մինչեւ տարեվերջ անպայման կազմակերպել: Այն շատ ժամանակ, գումար եւ էներգիա է խլում, բայց այլեւս չենք ուզում հետաձգել”:

Սոնա Ռուբենյանը


Մինչ մենահամերգը Սոնան “The Beautified Project”-ի հետ կներկայացնի նոր` “Wait” զուգերգը, որի հեղինակը ռոք-խմբի կիթառահար, վոկալիստ Անդրե Սիմոնյանն է: Ամիսներ առաջ Երեւանում նկարահանված տեսահոլովակի պրեմիերան նախատեսված է մոտ երկու շաբաթից.“Անդրեն այս երգը գրել է մոտ տասը տարի առաջ, նրա խոսքով` երկար ժամանակ փնտրել են համապատասխան վոկալիստի: Դեռ “Սուպերսթար”-ին մասնակցելուց առաջ նրանց խումբը սիրում էի, հիմա էլ մեծ ուրախությամբ եմ երգում տղաների հետ”:

BRAVO.am
Լուսանկարները` Սոնա Ռուբենյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին