×


Վարուժանը եւ Մանանան բուժում են Հայաստան մայրիկին :)

«Այցելություն Հայաստան մայրիկին» ներկայացումը դադարից հետո կրկին թատրոնի բեմում է: Փոփոխված դերասանական կազմով տրագիկոմեդիայի հերոսները երեկ հանդիսատեսին ողջունել են «Թատրոն 32»-ում: Սցենարի հեղինակը հումորիստ-նմանակող Արմեն Ավետյանն է, բեմադրող ռեժիսորը՝ Աշոտ Հակոբյանը:

Մանանա Գեւորգյանը, Արմեն Ավետյանը եւ Վարուժան Մանուկյանը


BRAVO.am-ի հետ զրույցում Արմեն Ավետյանը հումորով է պատասխանել այն հարցին, թե ինչու մի քանի ամիս ներկայացումը «բացակայեց» թատրոնի բեմից. «Դադարը պայմանավորված էր մթնոլորտային ծանր ճնշման դաշտով:): Այս աշխատանքը սկսել էի սեփական միջոցներով՝ առանց հովանավորների: Բացի այդ, դերասաններից երկուսը՝ Մարիամ Ադամյանն ու Լեւոն Մուրադյանը, այլ հրավերների պատճառով չկարողացան համատեղել»:

Նոր դերակատարները Մանանա Գեւորգյանն ու Վարուժան Մանուկյանն են: Արմեն Ավետյանը նշել է, որ վերջինիս վաղուց է ճանաչում.«Վարուժանը լավ ու տաղանդավոր մարդ է ե՛ւ բեմում, ե՛ւ ընկերության մեջ, ե՛ւ ճանապարհ գնալիս: Մանանային էլ գիտեինք սերիալներից, եւ ռեժիսորի հետ որոշեցինք հենց նրան առաջարկել խաղալ այս ներկայացման մեջ»:

Վարուժան Մանուկյանը եւ Մանանա Գեւորգյանը


Բեմադրության գործողությունները կատարվում են հիվանդանոցում: Վերակենդանացման բաժանմունքում գտնվող Հայաստան մայրիկին այցելության են գալիս զավակները` ներկա ու նախկին քաղաքական գործիչները, որոնց էլ մարմնավորում է Արմեն Ավետյանը: Նրանք հետաքրքրվում են մայրիկի առողջական վիճակով, առաջարկում իրենց լուծումները: Վարուժան Մանուկյանը մարմնավորում է մայրիկին բուժող բժշկին, բուժքույրն էլ Մանանա Գեւորգյանն է: Դերասանական կազմում է նաեւ Նարինե Ոսկանյանը` Պաուզա Անոն, որն էլ հանդես է գալիս որպես սանիտար:

«Այցելություն Հայաստան մայրիկին» ներկայացումը կրկին թատրոնի բեմում է


Պրեմիերայից հետո սցենարիստ-դերասանը նշել է, որ իրենց նպատակը միայն ծիծաղեցնելը չէ.«Կարեւորը` դա հանդիսատեսը հասկացել է: Ինչպես նախորդ, այս անգամ էլ նրանք նկատեցին, որ ներկայացման գաղափարը, դերասանների խաղը, ասելիքն ու ռեժիսորական լուծումներ համահունչ են»:

«Այցելություն Հայաստան մայրիկին» տրագիկոմեդիայի ստեղծագործական կազմը նախատեսում է ներկայանալ նաեւ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների հայ հանդիսատեսին:  

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին