×


“Օրրան”-ի խնջույքի հայտնի հյուրերն ու տատիկ-պապիկների երգը :)

Թեեւ երեկ հունիսի 1-ը չէր, բայց “Օրրան”-ում տոնական մթնոլորտ էր: Ցերեկային խնամքի կենտրոնում ավանդույթ է դարձել նշել Երեխաների պաշտպանության միջազգային օրը, սակայն այս տարի այն վերածվել է մեկամսյա տոնի: Փոքրիկներին, աշխատակիցներին եւ հյուրերին, որոնց շարքում էին նաեւ շոու-բիզնեսի ոլորտի մարդիկ, կտեսնեք BRAVO.am-ի ֆոտոշարքում:

Արմինկան, Նառան, Արմինե Հովհաննիսյանը


Այս տարի տոնական ծրագրին ակտիվ մասնակցություն ունեին կենտրոն հաճախող տատիկ-պապիկները, ովքեր ներկաների համար երգել են հայկական պոպուրի, այնուհետեւ երեխաները տարբեր խաղեր են խաղացել ու պարել հեքիաթների հերոսների հետ, իսկ “Արմենիա Մարիոթ” հյուրանոցի խոհարարները համբուրգերներ են պատրաստել հյուրերի համար:

“Օրրան”-ի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանն ԱՄՆ-ից Երեւան էր ժամանել նույն օրն առավոտյան: Նրա հետ առաջին անգամ կենտրոն էր եկել նաեւ մայրը՝ Թագուհի Խաչիկյանը, ով 31 տարի չէր եղել Հայաստանում.“Ընտանիքիս բոլոր անդամներն օգնում են միջոցներ հայթայթել “Օրրան”-ը պահելու համար: Լուրջ նպատակներ ունենք, մտադրված ենք մասնաճյուղ բացել Գյումրիում. օրեցօր ավելի շատ մարդիկ են մեզ դիմում, իսկապես ցավալի է, որ աղքատությունը խորանում է: Եթե առաջ ավելի շատ դիմում էին ուսման վարձերի համար, հիմա սննդի խնդիր ունեն: Ամբողջ տարին պետք է կարողանանք աշխատել, դրամահավաքներ կազմակերպել, որ սնունդն ապահովենք”, -մեզ հետ զրույցում նշել է Արմինեն:

"Օրրան"-ի խնջույքին


14-ամյա Մարինեն պատմել է, որ հունիսի 1-ն իրենց համար տոնական է անցել. վոլեյբոլ են խաղացել, պաղպաղակ համտեսել ու պարել.“Իսկ այսօր մենք ոչ միայն ուտում ենք, այլ նաեւ հյուրասիրում մեր հյուրերին: Սիրում ենք նշել բոլոր տոները, այստեղ ժամանակը հետաքրքիր է անցնում”:

Զինվորական դառնալ ցանկացող Իոսիֆն էլ դեռ մեկ տարի է հաճախում ցերեկային խնամքի կենտրոն եւ առաջին անգամ էր մասնակցում տոնական խնջույքին. “Ամենաշատը հավանեցի տատիկների երգելն ու պարելը: Ինձ դուր է գալիս այստեղ. փայտամշակման խմբակ եմ հաճախում, նաեւ կավի դասին էի մասնակցում, բայց լավ չէր ստացվում, դուրս եկա: Մեզ օգնում են, որ դպրոցի դասերը սովորենք ու պատրաստված դպրոց գնանք”:

Գոհար Հարությունյանը` դստեր հետ


Երեխաների հետ միջոցառմանը նաեւ ակտիվ մասնակցել են տարեցները: 76-ամյա Աիդան արդեն վեց տարի հաճախում է “Օրրան”, ասում է` մանուկների տոնն իրենց համար եւս դրական ու հաճելի օր է.“Երեխաները մեզ են շնորհավորում, մենք էլ՝ իրենց: Բարձր տրամադրությամբ նշում ենք, վերհիշում մեր մանկությունը: Այստեղ երգչախումբ ունենք, երգում ենք, սնվում, հաճելի ժամանակ անցկացնում”:

2000 թվականին հիմնադրված “Օրրան” բարեգործական հասարակական կազմակերպությունն աջակցում է սոցիալապես անապահով ընտանիքներին, երեխաները հանրակրթական դպրոցի դասերից հետո այցելում են կենտրոն, սովորում կավագործություն, փայտի գեղարվեստական փորագրություն, ձեռագործություն, ինչպես նաեւ սնվում են, խաղում ու վերադառնում տուն: Այժմ Երեւանում “Օրրան” է հաճախում 100 երեխա եւ 55 մեծահասակ, Վանաձորի մասնաճյուղում`  շուրջ 100 երեխա եւ 50 մեծահասակ: Ինչպես հայտնել է Արմինե Հովհաննիսյանը, Վանաձորի մեծահասակների ծրագիրը ֆինանսավորում է Սերժ Թանկյանը` կնոջ հետ:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW