×


Ֆրանսահայ արտիստները համատեղ համերգ կտան` քեսաբահայերին օգնելու նպատակով

Քեսաբի դեպքերի վրա Ֆրանսիայի կառավարության ուշադրությունը հրավիրելու, ինչպես նաեւ Սիրիայի իրենց հայրենակիցներին ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու նպատակով ֆրանսահայ մի շարք երաժիշտներ հանդես կգան համատեղ համերգով:

Ֆրանսահայ արտիստները համատեղ համերգ կտան` քեսաբահայերին օգնելու նպատակով


“Collectif  Medz Bazar” երաժշտական խմբի նախաձեռնությամբ ապրիլի 11-ին կկազմակերպվի մշակութային երեկո, որից ստացված ողջ հասույթը կուղղվի քեսաբահայերին։

“Անհանդուրժելի է տեսնել, թե ինչպես է մեր ազգը շարունակ տառապում։ Արդեն երեք տարի է, ինչ Սիրիայի հայերի վիճակն ահավոր է։ Մենք էլ փորձում ենք հնարավորինս օգնել նրանց”,- BRAVO.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է կազմակերպչական հարցերում խմբին աջակցող Հայկ Պոտուկյանը:

Սեւան Ստեփանյանը


Հայկական բարեգործական ընդհանուր միության Փարիզի մասնաճյուղի մշակութային կենտրոնում կայանալիք բարեգործական համերգին կմասնակցեն տարբեր ոճերում հանդես եկող երաժիշտներ. Մաշա Ղարիբյանը ջազ դաշնակահար-երգչուհի է, “Ջիվանի” անսամբլը կներկայանա հայկական ժողովրդական երգերով, ելույթ կունենա նաեւ Սեւան Ստեփանյանը, որը “Լավաշ” ֆոլք խմբի ակորդեոնահարն է, նրանց կմիանան “Երազ” պարային համույթն ու այլ արվեստագետներ։ Բոլորին համատեղում են հայկական արմատներն ու սիրիահայերին օգնելու մեծ ցանկությունը։

“Collectif Medz Bazar” խումբը


Նշենք, որ հետաքրքիր պատմություն ունի միջոցառման կազմակերպիչ խումբը. հայ, ամերիկացի, ֆրանսիացի, քուրդ եւ քուրք երաժիշտներից բաղկացած “Collectif  Medz Bazar”-ը ստեղծվել է 2012 թվականին, իր օրինակով ազգերի միջեւ հաշտություն եւ համերաշխություն է քարոզում : Նրանք, օգտագործելով ազգային գործիքներ, ամեն անգամ բեմը լցնում են ֆոլք երաժշտության յուրօրինակ իմպրովիզներով:

Տեքստը` Էլլադա Ղուկասյան-Բարսեղյանի/BRAVO.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/
Լուսանկարները տրամադրել են համերգի կազմակերպիչները

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին