Գրաֆիկական դիզայներ եւ նկարչուհի
Ամեն ինչ սկսվեց, երբ Եվան դեռ իր մայրիկի փորում էր :): Եվայի հայրը մասնագիտությամբ նկարիչ է: Եվան 10 տարեկան էր, երբ իր ընտանիքը շատ ու շատ հայ ընտանիքների նման Հայաստանից մեկնեց ԱՄՆ: Ծնողներն իրեն ազատ ընտրության հնարավորություն տվեցին, ու քանի որ Եվան միշտ նկարել ու հաստատուն էր մնացել նկարչուհի դառնալու իր որոշման մեջ, ընդունվեց Պասադենայի “Art Center: College of Design” նկարչական համալսարանը:
“Ես այդ համալսարանն անվանում էի «նացիստական», որովհետեւ բացի աշխատանքից այլ բան գոյություն չուներ: Երբեմն ջղայնանում էի, թե ինչու՞ եմ այդ դրության մեջ հայտնվել, բազմաթիվ գիշերներ չէի քնում ու աշխատում էի, բայց ավարտելուց հետո զգացի, թե ինչպիսի արդյունքի եմ հասել: Մի անգամ Նյու Յորքում աշխատանքի ընդունվելու համար հարցազրույցի էի գնացել: 3 հոգով էինք, ու երբ նրանք իմացան, թե որ դպրոցն եմ ավարտել, առանց հարցազրույցին
մասնակցելու հեռացան :)”,- պատմում է Եվան:
Մինչ գրաֆիկական դիզայնով զբաղվելը Եվան հագուստներ էր ձեւավորում: Իսկ այժմ հագուստներ ձեւավորելու հետ մեկտեղ իրականացնում է, կայքերի, լոգոների, ձայնասկավառակների, պաստառների ձեւավորումներ, նաեւ ձեռքով է
նկարում: Եվան համոզված է, որ ցանկացած դիզայներական աշխատանքում պետք է առկա լինի ձեռքի աշխատանքը: Եթե գրաֆիկական դիզայնն իրականացվում է միայն համակարգչով, նշանակում է, այն հոգի չունի, ուղղակի ձեւավորված է:
“Մարդկային գործոնը անպայման պետք է լինի ցանկացած աշխատանքում, որպեսզի այն շուկայում ավելի երկար ապրի, իսկ պարզապես համակարգչի օգնությամբ օրվա ընթացքում 6-ից ավելի աշխատանք կարող ես կատարել, ու հաստատ 1000 հոգի կարող է այդ նույն աշխատանքն անել”:
Եվայի աշխատանքը սկսվեց մի փոքր ընկերությունում, որի միջոցով նա
համագործակցում է հայտնի “BeBe”, “HBO Films”, “Oliver People”, “Opening Ceremony “, “Jessica Couture”, Steven Mcqueen-ի հետ:
Եվայի աշխատանքներին կարող եք ծանոթանալ http://www.behance.net/yevalution կայքում:
Արդեն 8 տարի է, Եվան աշխատում է որպես գրաֆիկական դիզայներ: Երբ պատվեր է ստանում, նախեւառաջ հանդիպում է պատվիրատուին ու մի շարք տարօրինակ ու յուրահատուկ հարցեր տալիս նրան, պարզում մանրամասները պատվերի նպատակի, ուղղվածության վերաբերյալ, գույնից սկսած մինչեւ զգացողություններ: “Բոլորս էլ մի քիչ հոգեբաններ ենք: Բայց չեմ սիրում, երբ գալիս են ու ասում` այսպես եմ ուզում, այսպես արա: Դա նույնն է, ինչ գնաս բժշկի ու ասես` ինձ այսպես բուժեք: Եթե վստահում են մասնագետին, իրոք հիանալի ձեւավորումներ են
ստացվում”:
Ճգնաժամերից ոչ ոք ապահովագրված չէ, այդ թվում նաեւ Եվան :). “Պահ է լինում, երբ պատվեր եմ ստանում, նստում եմ ստեղծագործելու եւ ոչ մի միտք չի գալիս, ես մտածում եմ, որ ընդհանրապես նկարել չգիտեմ :) : Այդ ժամանակ թողնում եմ ամեն ինչ ու դուրս եմ գալիս տանից: Սկսում եմ յոգայով զբաղվել, կամ պաղպաղակ եմ ուտում, զբաղվում եմ այն ամենով, ինչ ընդհանրապես կապ չունի տվյալ պատվերի հետ: Իսկ գրաֆիկական դիզայնում ամենահետաքրքիր մտքերը ծնվում են հանկարծակի, օրինակ, 2 իրար հետ ընդհանրապես կապ չունեցող թեմա միավորելուց”:
Հայտնի գրաֆիկական դիզայներ Սաուլ Բասսը ասել է` “Դիզայնը վիզուալ մտածելակերպ է”: Եվան կարեւորում եւ առաջնային է համարում վիզուալը, բայց միշտ այնքան է խորանում, որ ամեն հարցում հասնի էությանը: Իսկ մարդկային հարաբերություններում վիզուալը Եվայի համար երկրորդական է.
առաջնայինը զգացմունքներն են:
Ինչքան էլ մեծ է Եվայի սերը գրաֆիկական դիզայնի հանդեպ, նա երազում է զբաղվել միայն նկարչությամբ, ճամփորդել ու իր ցուցահանդեսները կազմակերպել տարբեր
երկրներում: Երբ Եվան փոքր էր, մայրիկի հետ ցուցահանդես էին հաճախել, ու երբ
տեսել էր Սալվադոր Դալիի կտավները, «խփնվել էր» :). “Կարծես իմ երազներն եմ տեսնում Դալիի կտավներում, նա իմ ամենասիրելի նկարիչն է”, պատմում է Եվան ու ավելացնում, որ հետաքրքրվում է նաեւ անհայտ ժամանակակից նկարիչների
աշխատանքներով, մասնավորապես, երբ Նյու Յորքում էր, հաճախ էր այցելում
ցուցահանդեսներ ու ժամերով դիտում նրանց կտավները:
Ի դեպ, վզնոցը, որ Եվան կրում էր հարցազրույցի ընթացքում, Դալիի նկարներից մեկում պատկերված հալչող ժամացույցը հիշեցրեց ու պարզվեց, որ այն նա գտել է
Բալիում ու երեւի թե հենց այդ պատճառով հասկացել, որ իրենն է :):
“Ամենից շատ իմ աշխատանքում սիրում եմ այն, որ անպայման չէ կոնկրետ մի տեղ
նստեմ: Կարող եմ գտնվել հեռավոր կղզում ու աշխատել Նյու Յորքի պատվիրատուիս հետ: Դա իմ երազանքն էր. աշխատել ինքս ինձ համար”, - պատմում է Եվան:
11 տարի Հայաստանից հեռու գտնվելուց հետո 2000 թվականին Եվան եկավ Հայաստան ու այլեւս չցանկացավ վերադառնալ ԱՄՆ, բայց ստիպված էր:
«Մտածում էի` ի՞նչ անեմ. տուն վարձեմ, վերադառնամ ու այստեղ մնամ: Ճիշտն ասեմ` Ամերիկայում հանգիստ եմ, այնտեղ կա ամեն ինչ, որպեսզի երազանքներդ իրականացնես: Չկա մեկը, ով քեզ կասի` մի արա, ես քեզանից շուտ եմ դա սկսել, իսկ Հայաստանը ավելի մոնոպոլիստական երկիր է: Ամերիկայում մտածում են այսպես. եթե քաղաքացին հաջողակ է, բարգավաճում է նաեւ երկիրը: Եթե ունես տաղանդ, խելացի ես, ցանկացած հնարավորություն կա հաջողակ դառնալու համար: Բայց այստեղ հարաբերություններն են շատ ջերմ»:
Եվան վերադարձավ Ամերիկա, ու նրա կյանքը ընթացավ իր բնականոն հունով. նա լիցքաթափվում էր պարելով, զբաղվում էր յոգայով, աշխատում էր, բայց հանկարծ ամեն ինչ փոխվեց 2009 թվականի նոյեմբերին :):
“Գնացել էինք մեր ծանոթներից մեկի համերգին, որտեղ ծանոթացա մի տղայի հետ, ում անունն է Արտյոմ Մանուկյան :) : Նա մանկությանս ընկերոջ ընկերն է, բայց ես իրեն չէի ճանաչում, չգիտեի, որ հայտնի երաժիշտ է: Ծանոթացանք ... ու նա փետրվարին ինձ Հայաստան հրավիրեց ... Ես վերադարձա, ու սեպտեմբերի 4-ին մենք պատրաստվում ենք ամուսնանալ :) :
“Ամեն մարդ, ով գոյություն ունի եւ ապրում է, Աստծո կողմից օժտված է յուրահատուկ մի տաղանդով: Այդ տաղանդը մանուկներին տրված “ի՞նչ ես դառնալու” հարցի պատասխանն է: Կյանքի ընթացքում տարբեր դժվարությունները ստիպում են մոռանալ այն մասին, թե ինչ էինք մենք երազում դառնալ: Եթե իրոք ամեն մեկն
առաջնորդվի իր տաղանդով ու սիրով անի իր գործը, մենք ավելի գեղեցիկ ու երջանիկ մոլորակ կունենանք”. Եվա Բաբայան :)
P. S. Bravo.am-ը երջանկություն եւ մեծ սեր է մաղթում Եվային ու Արտյոմին :):
Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Mana-Litta-ի /Bravo.am/


×
6,322






