×


Լուսինե Թովմասյան

Լուսինե Թովմասյան

Ամառային շրջագայության վերջին կանգառը Փարիզն էր :) Գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն օրեր առաջ վերադարձավ Փարիզից, որը եղավ այս ամռան նրա  շրջագայության վերջին կանգառը: Վերադարձից հետո Bravo.am-ի հետ զրույցում Լուսինեն պատմեց, որ ամռան սկզբում քրոջ` Իրինա Թովմասյանի հետ եղել է Օսլոյում. «Ներկա էինք «Եվրատեսիլ 2010»-ին: Չնայած ամռան սկիզբն էր` Օսլոյում շատ ցուրտ էր, մենք էլ նախապատրաստված չէինք. մտնում էինք խանութներ ու տաք հագուստներ գնում, որ չսառենք:)»: Այնուամենայնիվ, քույրերը հասցրեցին շրջել ու ծանոթանալ քաղաքին: Այնտեղ Լուսինեն առաջին անգամ էր լինում. նրան շատ դուր եկավ մաքուր օդն ու շրջակա միջավայրի մաքրությունը: Lusine Tovmasyan Քույրերը`Փարիզում Օսլոյից հետո Լուսինե եւ Իրինա Թովմասյանները մեկ շաբաթով մեկնեցին Փարիզ. «Չենք կարող ասել, որ դա հանգիստ էր: Ուղղակի ես եւ քույրս փորձում ենք տարվա մեջ մեկ կամ երկու անգամ միասին մի տեղ գնալ, ժամանակ անցկացնել: Այնտեղ նաեւ շոփինգով էինք զբաղվում: Քանի որ ամառն առջեւում էր, գնեցինք ամառային նոր հագուստներ, այն, ինչ հարկավոր է...»: Լուսինեն ասում է, որ իր հագուստը Հայաստանից էլ է գնում, բայց, քանի որ  երկրից հաճախ է բացակայում, դրանց մեծ մասը դրսից է: Իսկ Փարիզի մասին խոսելով` այնտեղ ոչ առաջին անգամ լինող մեր զրուցակիցն ասաց, որ Ֆրանսիայի ու մայրաքաղաքի միակ բացասական կողմն այն է, որ ֆրանսերեն չիմանալն այնտեղ շատ վատ է. «Երբ դու անգլերեն ինչ-որ բան ես ասում, կան մարդիկ, որ հասկանում են քեզ, բայց չեն պատասխանում` փորձելով հասկացնել, որ իրենք ֆրանսիացի են, եթե եկել եք այստեղ, փորձեք նաեւ ֆրանսերեն լեզուն սովորել... Բայց երկար մնալով` հասկանում եմ , որ մարդիկ նաեւ շատ բարեհամբույր են:)»: Lusine & Irina Tovmasyan Ընտանիքով Աղվերանում Հայաստան վերադառնալուց հետո Լուսինեն հանգստի մեկնեց ընտանիքի հետ. «Գաղափարն այն էր, որ մենք ողջ ընտանիքով հանգստանանք, մեզ հետ լինի նաեւ քույրիկիս բալիկը, քույրիկս, մայրս, հայրս: Հանգստի վայր ընտրեցինք Աղվերանը, որը քաղաքին շատ մոտ է, բնությունն էլ  շատ սիրուն»: Լուսինեն ասում է, որ Հայաստանում շատ է սիրում նաեւ Դիլիջանը, Ջերմուկը, Սեւանը, իսկ ձմռանն անպայման լինում է Ծաղկաձորում, շատ է սիրում դահուկ քշել: Ամռանն էլ նախընտրում է ծով գնալ, լողալ. լողն ամենալավ սպորտն է համարում: Լողալուց հետո էլ փորձում է արեւի տակ շատ քիչ պառկել, քանի որ արեւայրուքին դեմ է. «Մարդիկ ու բժշկությունը սկսում են հասկանալ, որ արեւը շատ վնասակար է մաշկին եւ ընդհանրապես: Առավոտյան մի քանի ժամ էի պառկում արեւի տակ, հետո 5-6-ից հետո, երբ արեւը մայր էր մտնում: Կարելի է «զագարը» վերցնել նաեւ քամուց...»: Lusine Tovmasyan «Իսպանիայում շատ հաճելի է... էլի կգնամ :)» Լուսինեի հաջորդ կանգառը Իսպանիան էր, ուր մեկնեց իր ծննդյան օրը` հուլիսի 25-ին: Գեղեցկուհին այնտեղ էր մայրիկի հետ. «Առաջին անգամ էի այնտեղ լինում, միշտ ուզում էինք գնալ, բայց չէր ստացվում: Մայրիկիս հետ էի գնացել, մնացինք 15 օր»: Առաջին տասը օրվա ընթացքում նրանք միայն հանգստանում էին ծովափին, իսկ մյուս հինգ օրն անցկացրեցին Բարսելոնում, ծանոթացան քաղաքին, կուլտուրային: Լուսինեն եւ մայրը հիացած են Բարսելոնով եւ նրա ճարտարապետությամբ, իսկ Գաուդիի շենքերն ու այգին Լուսինեն բավական է համարում, որ մարդիկ այնտեղից հիացած հետ գան. «Այդ 5 օրը քիչ էր Բարսելոնի համար, էլի կմեկնեմ այնտեղ. հատկապես ամռանը շատ հաճելի է Իսպանիայում»: Բարսելոնայում էր նաեւ գեղեցկուհու մանկության մտերիմ ընկերուհին, ով այնտեղ վաղուց է ապրում. «Ժամանակը շատ ավելի հաճելի եւ ուրախ անցավ:)»: Lusine Tovmasyan «Շատ եմ սիրում Հայաստանը...» Լուսինեն ասում է, որ ամեն տարի փորձում է նոր տեղ գնալ, ապա առանձնացնում մինչ օրս եղած այն երկրներն ու քաղաքները, որոնք հետաքրքրություն են առաջացրել իր մեջ. «Դուբայում ամեն անգամ լինելուց հետո հասկանում եմ, որ էլի կգնամ, այն ինձ չի հոգնեցնում, այս տարի Ամանորին եղա Կուբայում, շատ լավ էր, Ֆրանսիայի հարավը, Իտալիայի հարավը: Շատ եմ սիրում Իտալիան, ուր կարող եմ գնալ ամառ թե ձմեռ` հարմար է թե կլիմայական պայմաններով, թե ուտելիքով: Ֆրանսիան, Փարիզը, որ շատ սիրուն են տարվա յուրաքանչյուր եղանակին. ամռանը կարող ես լինել Ֆրանսիայի հարավում, ձմռանը հյուսիսում, եւ այլն...»: Իր բնավորությանը համաձայն, Լուսինեն կարող է ապրել ամեն տեղ. «Չեմ ասի, որ ես միայն Փարիզում կարող եմ ապրել, ոչ, ես կապրեմ նաեւ Լոնդոնում... Բայց շատ եմ սիրում Հայաստանը , չեմ պատկերացնում, որ կարող եմ գնալ մի տեղ ու մեկ տարի չվերադառնալ. այստեղ է իմ ողջ ընտանիքը, ընկերներս, ես այստեղ եմ ծնվել ու մեծացել:)»: Lusine Tovmasyan «Ուր էլ գնամ, հայկական խոհանոցին կարոտած եմ հետ գալիս» :) «Ուր էլ գնանք, հասկանում ենք, որ հայկական խոհանոցը շատ լավն է, շատ համեղ: Եթե արտերկրում մեզ դուր է գալիս միայն մեկ ուտեստ, մի քանի օր շարունակ ուտում ենք դա, ապա մեզ մոտ ամեն ինչն է համեղ»,- ասում է Լուսինեն, ում համար հայկական խոհանոցի ամենասիրելի ճաշատեսակը դոլման է: Արտասահմանյան խոհանոցից մեր զրուցակիցը սիրում է իտալականը, քանի որ շատ է սիրում խմորային ուտեստներ, նրան դուր են գալիս մակարոններն ու պիցցան, նաեւ ֆրանսիական խոհանոցը: Լուսինեն շատ է սիրում նաեւ ձուկ. «Դա գալիս է իմ ընտանիքից, մեր տանը շատ են ձուկ պատրաստում: Իսպանիայում ես եւ մայրս միայն ձուկ էինք ուտում, այն, ինչ կապված է ծովային ուտեստների հետ...»: Lusine Tovmasyan Վերջին կանգառը Փարիզն էր Շրջագայության վերջում Լուսինեն մայրիկի հետ կրկին եղավ Փարիզում. «Իսկապես հանգստացած վերադարձել ենք. Փարիզը մի քաղաք է, որտեղ իրոք հանգստանում ես: Այնտեղ դու ոչ մի տեղ չես շտապում, եթե անգամ ուշանում ես, հանգիստ քայլելով կհասնես... Շատ հաճելի տպավորություններով վերադարձանք:)»: Հայաստան գալով` առաջին բանը, որ Լուսինեն արեց, ընտանիքին տեսնելն ու քրոջ բալիկից`Մեգիից կարոտն առնելն էր. «Նա մի լուսավոր էակ է մեր կյանքում, ում մեկ օր չեմ տեսնում, կարոտում եմ: Մեգիի հետ ժամանակ անցկացնելուց հետո` նոր տեսնել ընկերներին, աշխատանք եւ այլն...»: Lusine Tovmasyan Լուսինեն շատ կարեւոր է համարում տարվա մեջ երկու անգամ աշխատանքից կտրվելն ու հանգստանալը. «Կապ չունի, թե որտեղ կհանգստանաս, անգամ Աղվերանում կամ Ծաղկաձորում, Հայաստանում մի որեւէ տեղ, կարեւորը` կտրվես առօրյայից ու նոր լիցքեր, նոր ուժ հավաքես»: Լուսինեի համար ամառն արդեն ավարտված է, ինքը` հանգստացած, նոր ուժով եւ լիցքերով լի շարունակում է իր աշխատանքը: «Արտիստը» ֆիլմում Լուսինեն հանդես կգա Լուիզայի դերում Լուսինեի ստեղծագործական կյանքում առկա նորություններից պարզվեց այն, որ նա նկարահանվել է «Արտիստը» ֆիլմում, որտեղ մարմնավորում է Լուիզայի կերպարը. «Շատ հաճելի է հանդես գալ ֆիլմում, բայց դրա հետ մեկտեղ պետք է շատ մեծ աշխատանք քո վրա վերցնես. մասնագիտությամբ դերասան չեմ: Երբ կատարումս համեմատում եմ «Մի վախեցիր»-ի հետ, մեծ փոփոխություն կա դերասանական վարպետության մեջ: Ֆիլմում կա հիանալի դերասանական կազմ, այնպիսի մեծություններ, որոնց կողքին անհնար է դերը վատ կատարել: Ուզեի, թե չուզեի,  պետք է լավ խաղայի:)»: Լուսինեն  հաճույքով է ընդունել ֆիլմում նկարահանվելու առաջարկը ու, ինչպես ինքն է ասում, մեծ բավականություն է ստացել. «Եթե հաճույքով չանես քո գործը, այն չի ստացվի... այլ առաջարկներ էլ կան, եթե ժամանակի առումով խնդիր չունենամ, մեծ հաճույքով կրկին կնկարահանվեմ:)»: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Լուսինե Թովմասյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW