×


Հայաստանի կանանց հավաքական

Հայաստանի կանանց հավաքական

“Մենք հաղթեցինք, տղերք ջան, հերթը ձերն է” Քրիստինե Ալեքսանյանը երեկ` իր ծննդյան օրը, “Փյունիկ” մարզադաշտում ֆուտբոլ էր խաղում: Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականի հարձակվողը 22-ամյակը կնշի այսօր` Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կայանալիք “Եվրո-2012”-ի Հայաստան-Ռուսաստան ազգային հավաքականների ընտրական հանդիպումից հետո:): Football “Անպայման գնալու եմ մերոնց «բալետ անելու»: Հաղթանակից հետո նոր ուրախ սրտով կնշեմ”,- ասաց Քրիստինեն: Նա արդեն ութ տարի է` ֆուտբոլով է ապրում. “Խաղից հաճույք եմ ստանում, դաշտում ազատություն զգում, թիմակիցներս էլ իմ լավ ընկերներն են”: Հայաստանի կանանց ազգային հավաքականը վերջերս հաղթել է Մալթայում կայացած 2013 թվականի Եվրոպայի առաջնության նախնական փուլի խմբային մրցաշարում` ապահովելով իր մասնակցությունը 2013-ի Եվրոպայի առաջնության ընտրական փուլին: Երկրորդ խմբում աղջիկները, հավաքելով 5 միավոր, զբաղեցրել են առաջին տեղը` հաղթելով Ֆարերյան կղզիների հավաքականին եւ ոչ ոքի խաղալով Վրաստանի հետ: Վճռորոշ խաղը մարտի 8-ին էր. այս անգամ Քրիստինե Մանգասարյանը 11 մետրանոց հարվածով հավասարեցնում է հաշիվը, եւ Մալթայի հետ խաղն ավարտվում է ոչ ոքի` 1:1 հաշվով: Football “Մեր տղաների այսօրվա խաղն էլ շատ կարեւոր է: Դե, ձեզ տեսնենք, տղաներ: Էստաֆետան հանձնել ենք ձեզ. հաջորդ հաղթանակը ձերը պետք է  լինի”: Աղջիկների հավաքականը այսօր տղաների կողքին է լինելու. “Ողջ թիմով երկրպագելու, հոգով, սրտով իրենց հետ պայքարելու ենք դաշտում”: Bravo.am-ը ֆուտբոլային ու աղջկական զրույց է ունեցել Հայաստանի կանանց հավաքականի հետ:), աղջիկներին լուսանկարել է իրենց շատ սիրելի ֆուտբոլը խաղալիս, ինչպես նաեւ թիմի մարզիչներից Հայաստանում կանանց ֆուտբոլի զարգացման հեռանկարներից է հետաքրքրվել: Կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Վաղարշակ Ասլանյանը  աղջիկներին մարզում է անցյալ տարվանից, կարեւորում է իր սաների ֆուտբոլ խաղալու մեծ ցանկությունը. “Ճիշտ է` աղջիկները հաջող հանդես չէին գալիս առաջնություններում, մրցաշարերում, բայց, ամենակարեւորը, իրենց  վարպետությունը բարձրացնելու շատ մեծ ձգտում ունեն”: Football Շատ գոլեր “չեն ուտում” Թիմը մարտավարությունն է փոխել: “Այլեւս աղջիկները շատ գոլեր “չեն ուտում”, այսինքն` գոլերին դիմակայում ենք, նաեւ հարձակման, հակագրոհների վրա ենք ուշադրություն դարձնում: Մեկ տարվա ընթացքում կարողացանք այնպես անել, որ խոշոր հաշիվները նվազեն, օրինակ, Պորտուգալիային 3:0  հաշվով պարտվեցինք,  Սլովենիային` 1:0 հաշվով”,- նշեց Վաղարշակ Ասլանյանը: Գլխավոր մարզիչը շեշտում է` թիմը շատ երիտասարդ է. “Աղջիկները մեծանալով են փորձառու դառնում: Հավաքականում հիմնականում 19-ից  22 տարեկաններ են, իսկ եվրոպական լավագույն թիմերում 25-ից 35 տարեկան խաղացողներ են, մեծ փորձ ունեն ու պարապել են փոքր հասակից”: Թիկունքը պինդ էր, գոլեր էլ խփեցին :) Սեպտեմբերի 17-ին եւ 21-ին Երեւանում աղջիկները մրցելու են Պորտուգալիայի եւ Դանիայի կանանց հավաքականների հետ: “Երկուսն էլ շատ հզոր թիմեր են: Հաջողությունների հասնելու համար մեզ լավ մարզադաշտ է պետք, ընկերական հավաքներ, ստուգողական խաղեր, մրցաշարեր եւ միջազգային խաղեր, որովհետեւ մեր փորձը քիչ է, իսկ ինչքան փորձառու են լինում, այնքան հեշտ ու լավ են խաղում. դա ապացուցված է ամբողջ աշխարհում”,- ասաց Վաղարշակ Ասլանյանն ու հավելեց. “Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մեզ հնարավորություն տվեց Ֆուտբոլի ակադեմիայի արհեստական դաշտում ձմռանը պարապել: Գիտեք, ինչքան են դժվարանում մարզումները, երբ ձյուն է գալիս եւ ջուր է լինում: Այնտեղ շատ լավ պատրաստվեցինք եւ արդյունքում հաջողության հասանք: Կարողացանք թիկունքը պինդ պահել, ինչպես նաեւ մրցակցին գոլեր խփել”: Football “Հաղթանակից հետո շատ ենք ոգեւորվել” Քրիստինե Ալեքսանյանը  լավ է հիշում մոտ չորս տարի առաջ Ուկրաինայում կայացած Հայաստան-Ադրբեջան խաղը. “2:0 պարտվում էինք, կիսապաշտպան էի, մարզիչն ասաց` հարձակվող խաղամ, երկու գոլ խփեցի, ոչ ոքի եղավ հաշիվը: Մի անգամ էլ կարեւոր խաղի ժամանակ 11-մետրանոց եմ խփել ու վերջ:)”: Հարձակվողը նպատակ ունի սպասվելիք խաղերում իրեն առավելագույն ձեւով դրսեւորել եւ գեղեցիկ գոլեր հեղինակել. “Պետք է շատ-շատ պարապեմ: Բոլորս ուրախ ենք, հաղթանակից հետո շատ ենք ոգեւորվել երեխեքով. ամեն ինչ անելու ենք, որ առաջինը լինենք”: Ի դեպ, Քրիստինեն ֆուտբոլից բացի վարսավիրությամբ է զբաղվում, իր երկու զբաղմունքներն էլ շատ է սիրում: Ֆուտբոլիստը “կյանքում կրունկով կոշիկներ չի հագել”, բայց, հարկ եղած դեպքում, իրեն վատ չի զգա նաեւ դասական հագուստի մեջ:): Աղջկական նրբություններ :) Ֆուտբոլը մնում է ֆուտբոլ, անկախ նրանից դաշտում աղջիկներն են, թե տղաները: Ըստ մարզչի, գեղեցիկ սեռը ոտքերին հարվածներն է ցավագին տանում, ավելի էմոցիոնալ է, խաղային կամ կարգապահական նկատողություն անելիս էլ նրանց  հետ պետք է ավելի նրբանկատ լինել:): Վաղարշակ Ասլանյանը աղջիկների հետ պարապելիս չի հոգնում. “Երբ հարցը ֆուտբոլին է վերաբերում, ես երբեք չեմ հոգնում, ընդհակառակը հաճույք եմ ստանում”:  Հայուհի ֆուտբոլիստներն էլ բավական կարգապահ են. “Ուշանալը որոշ դեպքերում հարգելի ենք համարում. դպրոցում ստուգողական պետք է գրեն, աշխատում են, սովորում, բայց, երբ լավ պայմաններ ես ստեղծում, մեծ սիրով են մարզվում, աշխատասեր են, սիրում են ֆուտբոլ: Շատերը լավ մարզվելու, զարգանալու դեպքում  բավական հաջող ֆուտբոլիստներ կդառնան: Օրինակ` պոտենցիալ ունեն Արմինե Խաչատրյանը, Քրիստինե Ալեքսանյանը, Գայանե Կոստանյանը եւ շատ այլ աղջիկներ, մեր դարպասապահը` Աննա Կարապետյանն է շատ լավը: Քրիստինե Մանգասարյանը շատ լավ է հասկանում ֆուտբոլ, բայց պետք է շատ աշխատի եւ քիչ բացակայի, Մարինա Կարապետյանն իրեն վերջին մրցաշարում շատ լավ դրսեւորեց. կենտրոնական պաշտպան է”: Football Սիրահարվել են ֆուտբոլին:) Լիաննա Հայրապետյանը  մարզչի օգնականն է, քսանմեկ տարի է` ֆուտբոլում է, նշում  է` սիրահարվել է այս մարզաձեւին ու անդարձ:). “Էլ չեմ կարող թողնել: Շատ եմ սիրում ընդհանրապես սպորտ հասկացողությունը: Ամեն ինչ սկսել է բակային խաղերից. ֆուտբոլ էինք շատ խաղում, իհարկե, տղաների հետ:)”: Ընդամենը հիսուն կին ֆուտբոլիստ ունենք Հայ կանայք ֆուտբոլում դժվար ճանապարհ են անցել: “Վատ տարիներ էին, լույս չկար, պայմաններ` եւս: “Նաիրի” թիմով  Խորհրդային Միության ժամանակ Ռուսաստանի, Ուկրաինայի,  Բելառուսի հետ էինք խաղում, այդ կարգերի փլուզումից հետո սկսեցինք ինքնուրույն մարզվել, սիրողական խաղում, գնում էինք, դադարներ են շատ եղել: Որոշեցի նվիրվել մարզչի  աշխատանքին. աշխատել եմ “Փյունիկ”-ում, “Բանանց”-ում, բայց խմբերը փակվեցին: Մենք հիմա շատ տխուր վիճակում ենք. ունենք կանանց երկու հավաքական` ազգային եւ 19 տարեկանների:  Ուրիշ խմբեր չկան, հուսով եմ, որ կստեղծվեն, որովհետեւ ցանկացողները բավական շատ են, ուղղակի ակումբները չեն ցանկանում կանանց թիմեր պահել. կամ ֆինանսապես ձեռնտու չի,  կամ էլ կանանց ֆուտբոլ չեն սիրում. հայկական մենթալիտետի հարց է:)”: Մարզչի օգնականի խոսքով` հավաքականի վերջին հաջողությունները նվիրված ու էնտուզիաստ աղջիկների շնորհիվ են. “Ութ, ինը տարի արդեն մարզվում են, բայց ոչ աշխատավարձ են ստանում, ոչ լավ պայմաններ ունեն: Ինքս էլ երկար ժամանակ առանց աշխատավարձի եմ աշխատել` ցանկանալով, որ չփակվի, պահպանվի կանանց ֆուտբոլը”: Հայաստանի կանանց հավաքականի ամենամեծ խնդիրը ֆուտբոլիստների պակասն է: “Մոտ հիսուն խաղացող ունենք ընդամենը, շատ դժվար է, ընտրություն չունենք, նույնիսկ մեկի փոքր վնասվածքը մեզ համար ցավալի կորուստ է, որովհետեւ փոխարինող, աճող սերունդ չունենք: Ազգային հավաքականի կազմում 18 աղջիկ են, բոլորը` հայ, հիմնականում` երեւանցի: Վարդինե Խանզատյանը Վանաձորից է, անչափ նվիրված է ֆուտբոլին, ծննդավայրում նաեւ որպես մարզիչ է հանդես գալիս”,- պատմեց Լիաննան: Football Հայաստանի կանանց հավաքականի աղջիկները նշում են` հայհոյելուց շատ հեռու են:): “Մենք ամենակիրթ խաղացողներն ենք, նայեք տեսանյութերը, դաշտում հակառակորդները շատ են հայհոյում, մենք չենք էլ պատասխանում, նախ` ճիշտ չենք համարում պատասխանելը, երկրորդ` դա աղջկան վայել չի:  Մենք ամենակիրթ, ամենաերիտասարդ հավաքականն ենք, այնպես որ ամեն ինչ մեզ համար դեռ առջեւում է:)”,- ասաց հարձակվողներից Գայանե Կոստանյանը: “Ես, օրինակ, շատ էմոցիոնալ էի դաշտում, ազատ, բղավում էի, ճչում, գոռում, տարբեր արտահայտություններ ինձ թույլ տալիս, բայց ոչ հայհոյանք”,- նշեց մարզչի օգնականը: Ֆուտբոլ խաղալու համար “տղայական” լինելը պարտադիր չէ “Տղայական հատկություններով երեխաներ են բերում ֆուտբոլի, մենք էլ փորձում ենք դրանք վերացնել աղջկա մեջից: Բացատրում ենք` ֆուտբոլ խաղալու համար կարող ես լինել նուրբ ու հմայիչ կին, ով դաշտում կոպիտ, պայքարող մարզիկ է դառնում: Այդպես էլ կա, մի քանի հոգի ունենք, որ սանրվածքները փոխեն, լավ, սիրուն աղջիկներ են:)”,- ասաց Լիաննա Հայրապետյանը: Մարզահագուստով ծովն են մտել :) Գայանե Կոստանյանը  22 տարեկան է, մասնագիտությամբ` մենեջեր, նաեւ որպես գրադարանավարուհի է աշխատել: Փոքր ժամանակ, պատմում է, ծնողներն են “ձեռքից սիրուն բռնել ու ֆուտբոլի տարել”: Bravo.am-ի հարցին` ֆուտբոլում արագ ոտքեր ունենալն է կարեւոր,  թե՞ ճկուն միտք, հարձակվողը պատասխանեց. “Խելք է պետք ունենալ, բնականաբար, որովհետեւ խելքն է շարժում ոտքերը: Հետո, աղջիկները ավելի գեղեցիկ են խաղում: Ուղղակի մենք` աղջիկներով, շատ քիչ ենք, ու երբ վնասվածքներ էլ են լինում, չենք կարողանում համալրել խումբը”: Գայանեն, ով շատ է սիրում գրքեր կարդալ, պատմեց, որ մարտի 8-ին` թիմի հաղթանակի օրը, աղջիկները խենթություն են արել. “Մարզահագուստով սառը Միջերկրական ծովն ենք գցվել:)”: Football Քսանամյա Աննա Կարապետյանը թիմի դարպասապահն է: Վեց ամիս առաջ թիմով գնացել են Աննայի մազերը կտրելու, հիմա աղջիկը կարճ  սանրվածքով է:): “Հանկարծակի ստացվեց ֆուտբոլով զբաղվելս. բասկետբոլ էի պարապում, ասացին` աղջիկների ֆուտբոլ կա, դարպասապահ չունեն, եկա դարպասապահ լինելու ու մինչեւ հիմա թիմում եմ. դեռ դուրս գալիս է: Սկզբից անսովոր էր թռիչքներ անելը, բայց, եթե ճիշտ անես, ցավ չկա”,- նշեց Աննան: Նա սիրում է եղունգները վառ գույներով ներկել ու միայն մրցումներից առաջ է կտրում, կարճ կիսաշրջազգեստներից չի հրաժարվում, մարմինն ընգծող հագուստից` եւս, երեկ, խաղից հետո էլ բարձրակրունկ կոշիկները հագավ:). “Դաշտում է, որ այդ ամենը մոռանում ենք, նորմալ մարզակոշիկներով ու մարզահագուստով խաղում”: Մականուններ ունեն:) Ի դեպ, մեր թիմի աղջիկները մականուններ էլ ունեն. Գայանե Կոստանյանը Քիշմիշն է. “Տատիկիս անունը Քիշմիշ է, բարեկամներս, մայրս, բոլորն ինձ Քիշմիշ են ասում, որը ֆուտբոլի հետ կապ չունի”: Դինյոն Ռոնալդինյոյին է շատ նման դիմագծերով, Բալաքը շատ է սիրում Գերմանիայի հավաքականում խաղացող Բալաքին, աղջիկները նշում են. “Խաղն էլ փոքր- ինչ նմանվում է նրա խաղին. լավ կոպիտ է խաղում”: Ֆուտբոլիստ ամուսին ունենալուն աղջիկները դեմ չեն. “Եթե խելոք, գրագետ ու աշխատասեր լինի, ինչու` ոչ, ավելի հետաքրքիր կլինի:)”: Արփինե  Արզումանյանը կենտրոնական կիսապաշտպան է, բացի ֆուտբոլ խաղալուց ու շատ սիրելուց, որպես մրցավար մանկապատանեկան խաղեր է դատում: “Ծնողներս դեմ էին, որ ֆուտբոլով զբաղվեմ, բայց այս հաղթանակից հետո շատ են ոգեւորվել”,- նշեց ֆուտբոլիստը:  Արփինեի նախասիրություններին Նա լավ է վերաբերվում:). “Ասում է` եթե սիրում ես, զբաղվի, չկա մի բան, որ արգելի…”: “Աղջիկները խաղալու, պայքարելու, հաղթելու ցանկություն ունեն: Անհրաժեշտ է նրանց համար պայմաններ ստեղծել, աջակցել եւ ուշադրություն դարձնել: Դե, աղջիկ են չէ՞, վերջապես սիրում են ուշադրության կենտրոնում լինել:)”,- ասաց մարզչի օգնական Լիաննան: Football “Պետք է շատ չարչարվենք” Գլխավոր մարզիչ Վաղարշակ Ասլանյանը նշում է` ռոմանտիկայի ժանրից է թվում Հայաստանում կանանց բարձրակարգ ֆուտբոլ ունենալը, բայց. “Եթե աշխատենք, հնարավորություն ունենք. դրա համար նախ պետք է համակարգ ստեղծվի, ժամանակ ու տարիներ են պետք, իսկ, ամենակարեւորը,  ուշադրություն եւ ֆինանսավորում”: Մարզիչը աղջիկների հետ աշխատելուց չի դժգոհում:). “Երկար տարիներ է` ֆուտբոլի մեջ եմ. հավաքականներում էլ եմ աշխատել, սա աղջիկների հետ աշխատելու առաջին փորձս է. ինձ համոզեցին: Կարծում եմ` ստացվեց, ուղղակի պետք է շատ չարչարվենք, աղջիկների շրջանում պետք է խաղը մասսայականություն վայելի, թիմեր շատ ունենանք, որ կարողանանք լավագույններին ընտրել: Միայն այդպես կկարողանանք զարգացնել աղջիկների ֆուտբոլը”: Մեր աղջիկները հակագրոհներով խաղ են ցույց տալիս. “Հանդիպում ենք մեծ, ուժեղ թիմերի հետ, պետք է ճիշտ խաղանք, որ մեր դարպասին գոլ չխփեն, հակագրոհներ կազմակերպենք, ինչն էլ ստացվեց այս մրցաշարում: Միջին փոխանցումներն են նախընտրում: Աղջիկները չեն սիրում երկար հարվածներ անել, դրա համար ուժ էլ է պետք, բայց կարողացանք սովորեցնել, որ եզրերով հարձակվեն, այդպես ավելի հեշտ է, եթե լավ հարձակվողներ ունենանք, կարող ենք մեր խաղաոճը փոփոխության ենթարկել”: Մի քանի ժամից Հայաստանի կանանց հավաքականի աղջիկներն ու գրեթե  բոլոր հայերը Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային խաղին են հետեւելու, հայեր, հաղթեք:):   Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW