×


Ռոբերտ Ամիրխանյան

Ռոբերտ Ամիրխանյան

«Ես տեսնում եմ ձեր էմոցիաներն ու հայացքները»:)

Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նախագահ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հեղինակային երգերի երեկոն դեկտեմբերի 12-ին էր: Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում կոմպոզիտորը հանդիսատեսին հրավիրել էր ունկնդրելու իր նոր ստեղծագործությունները, բայց եւ չէր մոռացել հայտնի ու ծանոթ երգերի մասին: Համերգին պետք է լիներ նրա ձայնասկավառակի շնորհանդեսը, բայց այն տեղի չունեցավ հասկանալի պատճառներով:

Robert Amirkhanyan

Կոմպոզիտորը մինչ համերգը Bravo.am-ին պատմել էր, որ ձայնասկավառակը պատրաստ է, բայց չի ցանկանում կեղծված տարբերակը տեսնել վաճառքում. «Ձայնասկավառակի նախաձեռնողներին` գերմանացիներին ասել եմ, որ հիմա չեմ կարող շնորհանդես անել ու վաճառքի դնել, որովհետեւ հայ հեղինակի իրավունքները պաշտպանված չեն, գիտեմ, որ հաջորդ օրը կեղծված տարբերակը հայտնվելու է շուկայում: Այս մասին խոսել եմ ՀՀ նախագահի հետ, հատուկ ապրանքանիշ կլինի, որը կփակցվի մեր CD-ների վրա, կբերի պաշտպանված դաշտ: Այս սկզբունքը կաշխատի մարտ ամսից, գարնանն էլ կլինի շնորհանդեսը»:

Robert Amirkhanyan & Seda Amirkaryan

«Հայաստանի ձայն» կոչվող ձայնասկավառակի ձայնագրման ու թողարկման աշխատանքները Ռոբերտ Ամիրխանյանը կատարել է Գերմանիայում, այն, ի դեպ, նրա առաջին հեղինակային CD-ն է. «Գերմանացիները մեկ տարի առաջ համերգին լսեցին իմ երգերը, հաջորդ օրն ուզում էին ձայնասկավառակը ձեռք բերել, բայց նրանց ասել են, որ իմ երգերի սկավառակ չունեն ու չի էլ եղել: Գերմանացիներն առաջարկեցին աջակցել, նրանց նախաձեռնությամբ մեկնեցի Գերմանիա, ու անցանք գործի::) Ընդհանուր 16 երգ եմ զետեղել, բացի նոր գործերից կան հին ու ծանոթ երգեր, այդպես ավելի ամբողջական կլինի»:

Հեղինակային համերգը սկսվեց «Երազ իմ երկիր» երգով, որն, ինչպես հեղինակը նշեց, այս տարվա ամռանը նորից ձայնագրել է Գերմանիայում: Կոմպոզիտորը ռոյալի մոտ նվագում էր, ձայնակցում օպերային թատրոնի մեներգիչ Գուրգեն Բավեյանին եւ Սեդա Ամիրկարայանին, որոնք երգում էին մաեստրոյի հայտնի երգերը` «Իմ ժամանակ», «Արեւոտ անձրեւ», «Կարմիր ծաղիկ մը գարունի», «Անանձնություն», «Երկու կռունկ» ու այլ ստեղծագործություններ:

Հայաստանի պետական կամերային երգչախումբ

«Դուք տեսնում եք` ինչ է կատարվում բեմին, այստեղից էլ ես եմ տեսնում ձեր էմոցիաները, հայացքները, ինչպես եք երաժշտության ներքո շարժում պարանոցները կամ քննարկում մեզ:)»,- համերգի ընթացքում պարբերաբար ներկաների հետ զրուցում էր կոմպոզիտորը:

Նա բեմ հրավիրեց իր գերմանացի ընկերներին, անգլերենով շփվեց նրանց հետ, հանդիսատեսին ներկայացրեց ձայնասկավառակի նախաձեռնողներին, ապա հարցրեց, թե որն է նրանց ամենասիրելի հայկական երգը. ««Դլե Յամանը», «Լորիկը»` նույնպես:)»,- պատասխանեցին նրանք:

Կոմպոզիտորը ձայնասկավառակի դիզայնի հեղինակին առաջարկեց մնալ բեմում ու Սեդա Ամիրկարայանի հետ երգել «Այնպես ուզում եմ» երգը: Ռոբերտ Ամիրխանյանը կեսկատակ-կեսլուրջ հիշեցրեց, որ Յոհաննեսը հայերեն ոչ մի բառ չգիտի, բացի իր անունից: :)

Robert Amirkhanyan

Հայաստանի պետական կամերային երգչախումբը Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ իր մեկնաբանությամբ կատարեց 3 երգ, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն էլ բացեց համերգի երկրորդ մասը: Գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն իր երիտասարդական նվագախմբով հնչեցրեց «Գարնան կաթիլները», «Երեւանյան ռապսոդիան»` «Տղամարդիկ» ֆիլմի երաժշտությունը:

Համերգն ավարտվում էր, ու չէր հնչել «Հայի աչքերը»: Դահլիճից լսվող հանդիսատեսի բղավոցներից ու խնդրանքից հետո մաեստրոն չէր կարող չնվագել ու անձամբ չերգել «Հայի աչքերը», ներկաներն էլ ձայնակցում էին նրան::) Կոմպոզիտորն ամենալավ երգողին խոստացավ ձայնասկավառակ նվիրել, նկատելով, որ գրեթե բոլորը երգում են, ասաց, որ CD-ները կստանան գարնանը, երբ կկայանա շնորհանդեսն ու հաջորդ հեղինակային համերգը: :)

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին