×


Հովոն, Մկոն, Նաիրան, Նազենին, Աննան, Լուիզան եւ ուրիշներ` “Քայլ ձիով” ֆիլմի պրեմիերային

“Sharm Pictures”-ը չորրորդ տարին անընդմեջ աշնանը մեծ էկրան է բարձրացնում կինոկատակերգություն: Այս տարի նկարահանված “Քայլ ձիով” ֆիլմի առանցքն ընկերությունն ու սերն են, նաեւ շախմատը, Արցախը եւ Թամերլանի սուտակը:):

Հովհաննես Ազոյանը


Հոկտեմբերի 10-ին “Մոսկվա” կինոթատրոնում կայացած պրեմիերային ներկա էին ինչպես ստեղածագործական անձնակազմը, այնպես էլ կինոյի, թատրոնի, երգարվեստի ոլորտի մի շարք ներկայացուցիչներ, որոնց կգտնեք BRAVO.am-ի ֆոտոշարքում: Ի դեպ, հյուրերի թիվն այնքան մեծ էր, որ ֆիլմի դիտումը միաժամանակ տեղի է ունեցել կարմիր եւ կապույտ դահլիճներում:

Հայ-ղազախական համատեղ արտադրության ֆիլմում գլխավոր կերպարներին մարմնավորել են Հովհաննես Ազոյանը, Մկրտիչ Արզումանյանը, Ասել Սագատովան, նաեւ նկարահանվել են Թամարա Պետրոսյանը, Լուիզա Ներսիսյանը, Ժան Նշանյանը, Սոս Ջանիբեկյանը, Վահագն Գալստյանը, Ջուլիետա Ստեփանյանը եւ այլք: “Շարմ” ընկերությունը ֆիլմը նվիրել է Մարկ Սաղաթելյանի հիշատակին, որն իր վերջին դերն է մարմնավորել այստեղ:

Մկրտիչ Արզումանյանը


Արկածային պատմության սցենարը գրել են “ԱրմՔոմեդի”-ի տղաները` Նարեկ Մարգարյանն ու Սերգեյ Սարգսյանը: Ֆիլմի գլխավոր հերոս Տիգրան Վարդանյանը շախմատիստ է, որը Ղազախստանի թանգարաններից մեկում մասնակցում է շախմատային մրցաշարի եւ Հայաստանի հավաքականի կազմում դառնում չեմպիոն: Այդ ընթացքում թանգարանից գողանում են թանկարժեք քար` Թամերլանի սուտակը, որը պատահաբար հայտնվում է այդ ամենից անտեղյակ հերոսի ստամոքսում:): Գործողությունները տեղափոխվում են Հայաստան, ապա Ստեփանակերտ, հերոսների ուղեւորությունն էլ անցնում է Հայաստանի տեսարժան վայրերից Նորավանքով ու Տաթեւով: 

Պրեմիերային նախորդած ասուլիսին ֆիլմի անձնակազմը պատասխանել է լրագրողների հարցերին, սակայն մինչ այդ Մկոյին, Հովոյին եւ Գոռ Կիրակոսյանին հանձնել են խորհրդանշական շախմատ-հուշանվերներ:

A.Chilla-ն` կնոջ հետ


“Շարմ Հոլդինգ”-ը դեռ 2012-ին “Poker.am” -ից հետո հայտարարեց, որ ավարտում է կատակերգությունների թողարկումը, սակայն դիմելով “Կորած-մոլորվածը Հայաստանում” ֆիլմի ռեժիսոր Գոռ Կիրակոսյանին, կրկին նկարահանել են կատակերգություն Հովհաննես Ազոյանի մասնակցությամբ, բայց այս անգամ “Road Movie” ժանրում.“Քանի որ Հայաստանի շուկան մեծ չէ, մեկ այլ երկրի հետ համատեղ նկարելու մտադրություն ունեինք: Գործի բերումով հաճախ էինք շփվում ղազախների հետ, եւ քանի որ մեր երկրները դեռ դարեր առաջ բարեկամներ են եղել, մտածեցինք, ինչու` ոչ, նրանց հետ աշխատել ու ֆիլմի միջոցով ներկայացնել այսօրվա Հայաստանը: Ղազախ, ռուս եւ այլազգի դիտողներն էլ կարող են դառնալ մեր երկիրն այցելող տուրիստներ”,-նշել է գլխավոր պրոդյուսեր Կարեն Ղազարյանը:

Նաիրա Մովսիսյանը եւ Հովհաննես Ազոյանի կինը` Մերին


Այն հարցին, թե Հովհաննես Ազոյանը գոհ է իր խաղից, դերասանը պատասխանել է, որ եթե գոհ չլիներ, որեւէ պատճառ կգտներ ու չէր ներկայանա պրեմիերային.“Ինչո՞ւ պետք է գոհ չլինեմ: Կարծում եմ` լավ եմ շախմատ խաղում եւ գիտեմ շախմատիստի հոգեբանությունը, այդ պատճառով լավ եմ կերտել կերպարը”: Նա նաեւ հավելել է, որ կցանկանար շախմատ խաղալ Լեւոն Արոնյանի հետ.“Բայց շախմատիստ Տիգրան Պետրոսյանին արդեն պարտվել եմ, երեւի նրա հետ խաղալն անիմաստ է:)”:

Մկրտիչ Արզումանյանն էլ գործընկերներին շնորհակալություն է հայտնել իր բարդ կերպարի համար.“Ինձ համար հետաքրքիր էր խաղալ, որովհետեւ ոչ մի անգամ այսպիսի հերոսի չէի մարմնավորել, բայց նաեւ դժվար էր մի քանի անգամ փոփոխվող կերպարի հիմնական գիծը պահելը: Նա սկզբում բացասական է, բայց ավարտին պարզվում է, որ բարի անձնավորություն է”:

Թե ինչո՞ւ է “Քայլ ձիով”-ի սաունդթրեքը կատարում Թաթա Սիմոնյանը, գլխավոր պրոդյուսերը նշել է, որ իրենք են դիմել երգչին.“Քանի որ ֆիլմը ճանապարհի մասին է, անմիջապես հիշեցինք Թաթայի “Ճանապարհ” երգը: Նրան պատմեցինք սյուժեն, մեկ օր հետո նա մեզ բերեց այս երգը, որն էլ դարձավ սաունդթրեքը”: Նշենք, որ ֆիլմում հնչող երաժշտության հեղինակը A. Chilla-ն է:

Լուիզա Ներսիսյանը


Ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը կարծում է, որ այս ֆիլմն այլազգի զբոսաշրջիկների համար կարող է դառնալ Հայաստանի այցեքարտը.“Սցենարը գրելուց հետո գաղափարներն իրականացնելը հեշտ չի լինում: Եթե քո պատկերացրածի 70 տոկոսը ստանաս, ուրեմն դժվարությունները հաղթահարել ես. ուրախ եմ, որ այս դեպքում հասել ենք մեր նպատակին”:

Նկարահանող խումբը բազմազգ է. բեմադրող օպերատորը բելգիացի Ֆիլիպ Վանդեւալն է, երկրորդ ռեժիսորը` իսրայելցի Իլյա Ֆարֆելը: Ամերիկաբնակ ռեժիսորը հրավիրել է իր թիմին, “Շարմ”-ն էլ համաձայնել է հոգալ ծախսերը.“Գոռին հարմար էր նրանց հետ աշխատել, մենք դեմ չէինք, թեեւ դրանից ֆիլմի բյուջեն մեծացավ. թե որքանով կարդարացվի, ցույց կտան կինոդիտումները, բայց եթե հանդիսատեսը կինոթատրոնից ժպիտով դուրս գա եւ իր դիտածից գոհ լինի, մեզ համար արդեն լավ գնահատական կլինի”,-հայտնել է պրոդյուսեր Կարեն Ղազարյանը:

Թամարա Պետրոսյանը, Սերգեյ Սարգսյանը եւ Նարեկ Մարգարյանը


Նրա խոսքով` կոմեդիաներին զուգահեռ “Շարմ Հոլդինգ”-ը նաեւ նկարահանում է վավերագրական ֆիլմեր.“Երկու տարի է` Չարենցի կյանքի մասին հիասքանչ սցենար ունենք գրված, բայց ազգային հերոսների, պատմության, մեր մեծերի մասին ֆիլմերը պահանջում են շատ ավելի լուրջ ֆինանսներ, եւ քանի որ հիմա չունենք այդ հնարավորությունը, նկարում ենք ավելի փոքր մասշտաբներով, օրինակ, շուտով կներկայացնենք Հռոմից ավելի հին մայրաքաղաք Երեւանի եւ Ցեղասպանության մասին ֆիլմեր”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/   
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին