×


Գոռ Կիրակոսյան. “Որդուս ծնվելուց հետո որոշեցի ստեղծել այն”

Ամերիկաբնակ ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը հայ փոքրիկների համար նոր նախագիծ ունի: “Մեծ պատմություն փոքր քաղաքում”, “Կորած-մոլորվածը Հայաստանում”, “Քայլ ձիով” ֆիլմերի ռեժիսորը պատրաստվում է նկարահանել հեքիաթ-ֆիլմ արկածային կատակերգություն ժանրում: Նա BRAVO.am-ի հետ զրուցում պատմել է իր նոր ֆիլմի, հաջողությունների եւ ոգեշնչման աղբյուրի մասին:

Գոռ Կիրակոսյանի ընտանիքը


- Ո՞ւմ հետ եք նախաձեռնել հեքիաթ-ֆիլմի նկարահանումը եւ ո՞ր տարիքի հանդիսատեսի համար է այն նախատեսված:

- Դեռ որեւէ ընկերության հետ չեմ համագործակցում, իմ ուժերով եմ փորձում իրականացնել: Հիմա ամենադժվար փուլն է. փորձում եմ ֆիլմի բյուջեն հավաքել: Ցանկանում եմ այնպես նկարել, որ բոլոր տարիքի մարդիկ էլ հաճույք ստանան, որովհետեւ այն նախատեսված է ընտանեկան դիտման համար:

-Ո՞վքեր են նկարահանվելու: Կլինե՞ն այլազգի դերասաններ:


- Հեքիաթ-ֆիլմը կլինի միայն հայ դերասանների մասնակցությամբ եւ հայերեն լեզվով, քանի որ նախատեսված է հայ երեխաների համար, որոնք ապրում են աշխարհի տարբեր ծայրերում:

-Իսկ ո՞ւմ  հեքիաթներից եք ոգեշնչվել:

-Ֆիլմի սյուժեի հիմքում Հովհաննես Թումանյանի հեքիաթներն են: Այն մեր օրերում ապրող հոր եւ որդու մասին է, որոնք պատահաբար ընկնում են Թումանյանի հեքիաթների աշխարհ եւ իրար օգնելով` փորձում այնտեղից դուրս գալ: Ֆիլմի աշխատանքային վերնագիրն է “Հեքիաթ բոլորի համար”:

Գոռ Կիրակոսյանը` որդու հետ


-Ինչպե՞ս առաջացավ հեքիաթ-ֆիլմ ստեղծելու գաղափարը: Արդյո՞ք այն կապված է նաեւ Ձեր հայր դառնալու փաստով:

-Այո, ճիշտ գուշակեցիք: Երբ իմ որդին՝ Ֆելիքսը, ծնվեց, նոր զգացողություն արթնացավ, եւ շատ մեծ ցանկություն ունեցա անել մի բան հայ երեխաների համար, որովհետեւ մինչ այսօր մեր հայկական ֆիլմադարանում չկա հեքիաթ-ֆիլմ հատուկ երեխաների համար:

- Նոր ֆիլմի միջոցով ի՞նչ ասելիք ունեք հանդիսատեսին:

- Նախ ուզում եմ Հայաստանում ու Հայաստանից դուրս ապրող հայ երեխաներին ֆիլմի միջոցով ծանոթացնել Հովհաննես Թումանյանի հեքիաթներին: Ցավալի է, որ նրանցից շատերը չգիտեն նրա հեքիաթների մասին, միգուցե դիտելով ֆիլմը` երեխաները հետաքրքրվեն եւ ցանկանան կարդալ հայկական գրականություն: Նաեւ ցանկանում եմ ցույց տալ փոքրիկներին, ովքեր ապրում են համացանցի եւ էլեկտրոնային սարքերի դարում, որ մարդկային հարաբերություններն ու շփումն ավելի կարեւոր եւ անհրաժեշտ են: Բակում ընկերների հետ ֆուտբոլ խաղալն ավելի հաճելի է, քան՝ iPad-ով միայնակ խաղալը:

Գոռ Կիրակոսյանը` որդու հետ


-Ձեր նկարահանած նախորդ ֆիլմերը բացի Հայաստանից եւ Միացյալ Նահանգներից, ո՞ր երկրներում են ցուցադրվել, երբեւէ մասնակցե՞լ են կինոփառատոնների:

-Իմ բոլոր ֆիլմերը ներկայացվել են Ռուսաստանի ողջ տարածքում: “Տոմս դեպի Վեգաս” ֆիլմն այնտեղ ցուցադրվել է 1200 էկրանի վրա: “Կորած մոլորվածը Հայաստանում” ֆիլմը ցուցադրվել է նաեւ Կանադայում, Ֆրանսիայում, Հարավային Ամերիկայի տարբեր երկրներում, Ռումինիայում, Չեխիայում, Ավստրալիայում, նաեւ Չինաստանում, ինչն ինձ համար տարօրինակ է:):

-Ինչպիսի՞ն պետք է լինի կատակերգությունը, որ գրավի եւ հետաքրքրի դիտողին անկախ ազգությունից:


-Ես հստակ բանաձեւ չունեմ, անում եմ` ինչ սիրում եմ, գրում ու նկարահանում եմ այն, ինչը համարում եմ ծիծաղելի կամ հումորով:

- Բացի ֆիլմերից նկարահանում եք նաեւ տեսահոլովակներ: Ի՞նչ նորություն ունեք այս ոլորտում:

- Հիմա շատ քիչ եմ զբաղվում տեսահոլովակներով, նոր համագործակցություն չունեմ:

Գոռի որդին եւ Միհրանի երկվորյակ դուստրերը


-Գիտեմ, որ Ձեր եղբոր` հայտնի պարող Միհրանի հետ վաղուց պլանավորել եք նկարահանել ֆիլմ պարի մասին:

-Այո, գաղափար կա, բայց սցենար դեռ չի գրվել: Վերջերս, երբ աշխատանքային այցով մեկնել էի Կուբա, մտածում էի, որ այդ պարային ֆիլմն այնտեղ նկարելն ավելի հետաքրքիր կլինի:

-Եվ վերջում. կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին: Որքանո՞վ են Ձեր կինն ու որդին ոգեւորում Ձեզ աշխատանքի հարցում:

-Շատ չեմ սիրում իմ անձնական կյանքի մասին խոսել, բայց նրանք երկուսն էլ շատ են ինձ ոգեշնչում: Տղայիս շնորհիվ փորձում եմ ստեղծել այս հեքիաթ-ֆիլմը: Կինս էլ միշտ կողքիս է ու ոգեւորում է, որ ավելի մեծ գործեր փորձեմ իրականացնել:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/
Լուսանկարները` Գոռ Կիրակոսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին